civilnet.am: Կառավարությունը մտադիր է աստիճանաբար հրաժարվել եկամտահարկի վերադարձի համակարգից ոչ միայն Երևանում, այլև ամբողջ հանրապետության տարածքում կառուցվող տների դեպքում։ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ֆինանսների նախարարության ներկայացրած օրինագծով առաջարկվում է ըստ մարզերի և ըստ տարիների աստիճանաբար կրճատել եկամտային հարկի վերադարձի կիրառության շրջանակը։
Ըստ նախագծի՝ 2027-ի հունվարի 1-ից եկամտահարկի վերադարձման համակարգը կիրառելի չի լինի Երևանին հարակից՝ Արագածոտն, Արարատ, Արմավիր և Կոտայք մարզերում, իսկ 2029-ի հունվարի 1-ից՝ մնացած բոլոր մարզերում։ Բացառություն կլինի միայն կառավարության հաստատած ցանկում ներառված սահմանամերձ բնակավայրերում գտնվող կամ կառուցվող անշարժ գույքերի դեպքում։
«Ամբողջ աշխարհում բնակարանաշինությունը համարվում է շահութաբեր և մասնավոր ներդրողների մոտ հետաքրքրություն վայելող ոլորտ, և այս պարագայում պետական բյուջեի սահմանափակ հնարավորությունները բնակարանաշինությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներին աջակցության նպատակով օգտագործելը բյուջետային ծախսերի առաջնահերթությունների որոշման քաղաքականության տեսանկյունից հիմնավորված չէ։ Ավելին, համակարգի՝ ներկա առանձնահատկություններով գոյությունը նշանակում է պետական բյուջեից սուբսիդավորման ճանապարհով շարունակել բուռն կեպով խթանել երկու ոչ արտահանելի՝ ֆինանսական և շինարարության ոլորտների զարգացումը, ինչը համահունչ չէ ՀՀ կառավարության որդեգրած՝ տնտեսության արտահանելի հատվածը խթանելու քաղաքականությանը»,- ասված է նախագծի հիմնավորումներում։
Ֆինանսների նախարարությունը նշում է, որ եկամտային հարկի վերադարձման համակարգի շրջանակներում պետական բյուջեից կատարվող ծախսերը էական են և յուրաքանչյուր տարի աճում են, որը մեծ բեռ է պետական բյուջեի համար։ Գերատեսչության հաղորդած տվյալների համաձայն՝ այս ծրագրով 2015-ի ընթացքում վարկառուներին վերադարձվել է 273,9 մլն դրամ, 2016-ին՝ 1,3 մլրդ դրամ, 2017-ին՝ 2,4 մլրդ դրամ, իսկ 2018-ին՝ 4,7 մլրդ դրամ, 2019-ին՝ 7,9 մլրդ դրամ, 2020-ին՝ 13,3 մլրդ դրամ, 2021-ին՝ 22,6 մլրդ դրամ, իսկ 2022-ին՝ 36,5 մլրդ դրամ։
Եկամտահարկի վերադարձի օրենքը գործում է 2015-ից, նպատակը երկրում շինարարության ակտիվացումն էր։ Այս օրենքով բնակարան գնողների համար հիփոթեքային վարկի տոկոսները հետ են վերադարձվում գնորդի եկամտահարկի չափով։ 2021-ի սեպտեմբերին կառավարությունը որոշել էր աստիճանաբար հրաժարվել Երևանում եկամտահարկի վերադարձով բնակարանների ձեռքբերման հնարավորությունից։ Մասնավորապես, 2022-ից ծրագիրը դադարեցվել է Կենտրոնում և Արաբկիրում, իսկ 2025-ից՝ ամբողջ Երևանում։
comment.count (0)