Առաջինի լրատվական ալիքի կայքը սկսել է չկիրառել Արցախ անունը՝ խմբագրելով պաշտոնական հաղորդագրություններն ու ուղիղ մեջբերումները
21:02 - 11 հուլիսի, 2023

Առաջինի լրատվական ալիքի կայքը սկսել է չկիրառել Արցախ անունը՝ խմբագրելով պաշտոնական հաղորդագրություններն ու ուղիղ մեջբերումները

Հանրային հեռուստաընկերության լրատվական կայքը՝ 1lurer.am-ը, արդեն մոտ մեկ շաբաթ է՝ Արցախին վերաբերող գրեթե բոլոր լուրերում, Արցախ կամ Արցախի Հանրապետություն բառերի փոխարեն գրում է Լեռնային Ղարաբաղ։

Կայքը մոնիտորինգ անելիս նկատում ենք, որ 1lurer.am-ը ոչ միայն իր սեփական ձեւակերպումներում է Արցախի փոխարեն ԼՂ գրում, այլ նաեւ հաղորդագրություններն է խմբագրում, ավելին՝ նույնիսկ արցախցի պաշտոնյաների հայտարարությունների սղագրություններում նրանց հնչեցրած Արցախ անունն է փոխարինում ԼՂ-ով։

Արցախի տեղեկատվական շտաբը, Արցախի Հանրապետության պաշտոնյաները, գերատեսչությունների էջերը հրապարակումներում եւ հայտարարություններում կիրառում են Արցախ կամ Արցախի Հանրապետություն բառերը։ 

1lurer.am-ը հուլիսի 3-ին, օրինակ, հրապարակել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության հաղորդագրությունը՝ տեքստում թողնելով Արցախ եւ Արցախի ՊՆ բառերը, նույնը նաեւ հուլիսի 5-ի հրապարակման մեջ, իսկ ահա հրադադարի խախտումների մասին հուլիսի 6-ի եւ 7-ի հրապարակումներում Արցախի ՊՆ-ն ու Արցախի ՆԳՆ-ն փոխարինվել են ԼՂ ՊԲ եւ ԼՂ ՆԳՆ հապավումներով։ 

Այսօր ադրբեջանական կողմը դարձյալ ապատեղեկատվություն է տարածել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու մասին։ Արցախի ՊԲ-ն այդ հաղորդագրության հերքման տեքստում կիրառել է Արցախի Հարապետություն, Արցախի Հանրապետության քաղաքացիներ, ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն բառերը, մինչդեռ 1lurer.am-ը հաղորդագրությունը կայքում հրապարակելիս դրանք փոխարինել է ԼՂ, ԼՂ քաղաքացիներ, ԼՂ ՊԲ բառերով։

Եթե հուլիսի 4-ին Արցախի սոցիալական զարգացման եւ միգրացիայի նախարարության՝ արցախցիներին ձեթ եւ շաքարավազ տրամադրելու մասին հաղորդագրությունը հրապարակվել էր առանց խմբագրման, ապա հուլիսի 7-ին 1lurer.am-ը նույնանման հաղորդագրությունը հրապարակելիս Արցախի սոցիալական զարգացման եւ միգրացիայի նախարարության փոխարեն գրել է Լեռնային Ղարաբաղի սոցիալական զարգացման եւ միգրացիայի նախարարություն։

Հուլիսի 5-ին 1lurer.am-ը Արցախի ԱԳՆ-ի հայտարարությունը կայքում հրապարակելիս ե՛ւ վերնագրում, ե՛ւ տեքստում թողել է Արցախի ԱԳՆ բառակապակցությունը, իսկ ահա Արցախի ԱԳՆ-ի՝ հուլիսի 6-ի հայտարարությունը կայքում հրապարակելիս Արցախը վերնագրում եւ տեքստում դարձել է ԼՂ։

Եթե հուլիսի 5-ին մի հրապարակման մեջ Արայիկ Հարությունյանը նշվել է որպես Արցախի Հանրապետության նախագահ, ապա հուլիսի 10-ի նմանատիպ մի հրապարակման մեջ արդեն՝ ԼՂ նախագահ։ Իսկ Արցախ բառի փոխարեն գրվել է ԼՂ։ 

Հուլիսի 5-ից հետո արդեն ավելի շատ հրապարակումներում է գործածվում ԼՂ կամ Լեռնային Ղարաբաղ։ Բացի դրանից, մենք նկատեցինք, որ, օրինակ, հուլիսի 7-ի՝ ԿԽՄԿ միջնորդությամբ ՀՀ տեղափոխված բուժառուների մասին հրապարակման վերնագիրը խմբագրված է․ բանն այն է, որ այդ լուրի հղման մեջ պահպանված է վերնագրի նախնական տեքստը՝ այսպես․ «17-բուժառու-Կարմիր-խաչի-ուղեկցությամբ-Արցախից-տեղափոխվել-է-Հայաստանի-բուժկենտրոններ», իսկ կայքի էջում վերնագիրն այժմ այսպես է․ «17 բուժառու Կարմիր խաչի ուղեկցությամբ ԼՂ-ից տեղափոխվել է Հայաստանի բուժկենտրոններ»։

Հուլիսի 5-ից հետո մի շարք այլ հրապարակումներում [1, 2, 3, 4, 5, 6, 7, 8] այլեւս չի գործածվում Արցախ բառը, փոխարենը՝ «ԼՂ-ում վառելիքի սղության պատճառով․․․, ԼՂ մարտակերտի շրջանում․․․, ԼՂ ՔԿ, ԼՂ ՊԲ, Հայաստան-ԼՂ գազատար խողովակ․․․, ԼՂ պետնախարար, կյանքը՝ շրջափակված ԼՂ-ում․․․», եւ այսպես շարունակ։

Օրեր առաջ կայացավ Ստեփանակերտ-Երեւան տեսակամուրջը, որին մասնակցում էին Արցախի պետնախարարը, Արցախի ՄԻՊ-ը, Արցախի ԱԳ նախարարը, ՀՀ ՄԻՊ-ը, Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը։

1lurer.am-ը լուսաբանել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանի ելույթը, սակայն նրա խոսքում հնչած Արցախ բառերը դարձյալ գրելով ԼՂ։ Մասնավորապես, Ներսիսյանն ասել է

«․․․միջազգային հանրությունը լուռ մասնակիցն է Արցախի բազմաչարչար ժողովրդի հետ այսօր կատարվող աներեւակայելի ոճրին։․․․»։ 1lurer.am-ը գրել է այսպես․ «․․․միջազգային հանրությունը լուռ մասնակիցն է Լեռնային Ղարաբաղի բազմաչարչար ժողովրդի հետ այսօր կատարվող աներեւակայելի ոճրին:․․․»։

Այնուհետեւ Ներսիսյանն ասել է․ «․․․գիտակցեք, որ ոչ մի խաղաղություն չի կարող ձեռք բերվել ցեղասպանության, Արցախի ժողովրդի էթնիկ զտման գնով։․․․»։ Իսկ 1lurer-ը սղագրել է այսպես․ «Գիտակցեք՝ ոչ մի խաղաղություն չի կարող ձեռք բերվել ցեղասպանության, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտման գնով»։

Այս հրապարակման վերնագիրը, ի դեպ, դարձյալ փոխվել է հետագայում․ նյութի հղման մեջ պահպանված է Արցախ բառը։

Կայքը Արցախ բառը ԼՂ-ով է փոխարինել նաեւ Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանի՝ տեսակամրջի ժամանակ հնչեցրած խոսքի սղագրությունում։ Մասնավորապես, Ղազարյանն ասել է․ «Արցախյան կողմը չի մերժել [Բաքու-Ստեփանակերտ բանակցությունները՝ խմբ․] մի պարզ պատճառով, որ արցախյան կողմն ամենից շահագրգիռ կողմն է նման իրական երկխոսության մեջ․․․»։

1lurer-ը գրել է այսպես․ «ԼՂ կողմը չի մերժել Բաքու-Ստեփանակերտ հանդիպում անցկացնելու առաջարկը: [․․․] ԼՂ կողմը չի մերժել մի պարզ պատճառով. որ ամենից շահագրգիռ կողմ է նման իրական երկխոսության մեջ»:

Ներսիսյանը նաեւ ասել է․ «․․․ արցախյան կողմը իր հերթին խաղաղապահների միջոցով փոխանցել է առաջարկներ հանդիպումների մասին․․․», բայց 1lurer-ը գրել է այսպես․ «ԼՂ կողմն իր հերթին բազմիցս խաղաղապահների միջոցով փոխանցել է առաջարկներ․․․»։

Նշենք նաեւ, որ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը երեկ անդրադարձել էր Հայաստանի հանրային հեռուստատեսության լուրերի թողարկման ժամանակ բացառապես Լեռնային Ղարաբաղ անվանման օգտագործմանը՝ նշելով, որ դա տարակուսանք է առաջացնում, որովհետեւ մինչեւ վերջերս մշտապես օգտագործվում էր Արցախ անվանումը։ 

Infocom-ը փորձեց կապ հաստատել կայքի խմբագիր Լուսինե Բարսեղյանի եւ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի հետ՝ ճշտելու, թե ինչով է պայմանավորված այս փոփոխությունը, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։

Ի դեպ՝ օրերս factor.am-ը հրապարակում էր արել այն մասին, որ Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը, որն ամեն օր կայքում հրապարակում է Հանրապետության տարածքում սպասվող եղանակի կանխատեսումը, նախկինում ՀՀ մարզերում սպասվող եղանակը ներկայացնելուց հետո՝ վերջում՝ մարզերին կից, ներկայացնում էր նաեւ Արցախում սպասվող եղանակը, բայց հունիսի 28-ից եղանակի կանխատեսման մեջ Արցախի փոխարեն նշում է Լեռնային Ղարաբաղ, ավելին՝ այն առանձնացված է ՀՀ մարզերից։ Նախարարությունից մեկնաբանել էին, թե «Լեռնային Ղարաբաղը միջազգայնորեն ընդունված տերմին է»։

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել