Զենքի շրջանառության կարգավորման մասին օրենքը գործում է արդեն մեկ ամիս, սակայն այն քաղաքացիները, որոնք զենք չունեն, այս պահին զրկված են զենք ձեռք բերելու հնարավորությունից։ Այս թեմայի շուրջ հրավիրվել է ասուլիս, որի բանախոսներն են Անվտանգային եւ ռազմամարզական ոլորտի ներկայացուցիչների միավորում ՀԿ խորհրդի նախագահ, իրավաբան Նարեկ Ներսիսյանը, այս միավորման խորհրդի անդամ, «Ազատազէն» ՀԿ խորհրդի նախագահ Իշխան Գեւորգյանը եւ «Մարտական եղբայրություն» միաբանության անդամ Հովսեփ Ղազարյանը։
Վերջինս ներկայացրեց, որ օրենքը ուժի մեջ է մտել, բայց դեռ լիովին չի կարողանում կիրառվել, քանի որ օրենքի ընդունմանը զուգահեռ պետք է ընդունվեին նաեւ այլ օրենսդրական ակտեր, որոնք հնարավորություն կստեղծեին, որ այս օրենքը լիարժեք գործեր․
«Օրինակ, երբ մարդը առաջին զենքը պետք է ձեռք բերի, այս օրենքով պետք է ռազմամարզական կազմակերպություններում անցնի որոշակի դասընթացներ զենքի տիրապետման վերաբերյալ, հանձնի քննություն, ապա իրավունք ստանա զենք ձեռք բերելու։ Սա միանշանակ պրոգրես է, որովհետեւ մեր զենք կրող քաղաքացիները լինելու են ավելի կրթված, ավելի գրագետ, զենքին տիրապետելու են, հետեւաբար նաեւ դժբախտ պատահարների թիվն է նվազելու»,- ասաց Ղազարյանը՝ նշելով, որ, սակայն, այստեղ խնդիր է առաջացել․ ընդունվելիք հաջորդ իրավական ակտը Ռազմամարզական կազմակերպությունների մասին օրենքը պետք է լիներ, որպեսզի սահմանվեր՝ ինչ է ռազմամարզական կազմակերպությունները, ինչպիսի գործունեություն են ծավալում, սահմանվեին քննական կարգերը, բայց գործադիրն այս օրենքը չի ընդունվել, եւ փաստացի մեկ ամիս է՝ ՀՀ քաղաքացին զրկվել է զենք ձեռք բերելու իրավունքից։
«Ազատազէն» ՀԿ խորհրդի նախագահ Իշխան Գեւորգյանն էլ կարծիք հայտնեց, որ այս խնդիրը շատ ավելի մեծ է, քան զենքի օրենքի հարցը․
«Սա ներգրավում է մեր ողջ հանրությանը։ Այս խնդիրն այնքան մեծ է, որ չորս հիմնական կողմի է կպնում, որի մեջ մտնում է ողջ ազգը․ առաջինը՝ 2.9 մլն բնակչություն, ով չի կարող զինվել, որ ավտոբուսները 50 դրամ թանկացնեն, փողոցներ կփակեն․․․, բայց էս հարցը իրենց սրտին չի կպնում, որ դառել են երկրորդ սորտի, տենց մեկ էլ Օսմանյան կայսրության ժամանակ են հայերը եղել։ Երկրորդ, երրորդը որսորդ միություններն ու ռազմամարզական կառույցներն են, որոնց գործունեությունն անիմաստ է դառնում առանց նոր զենք առնող հայի։ Չորրորդ կողմը խանութներն են [զենք վաճառող խանություները նկատի ունի]։ Դրան զուգահեռ կա իշխանության վարք, որ մեկուկես տարի է՝ էս օրենքով մեզ տանում-բերում է, մինչեւ էսօր չի նորմալացել, էս օրենքը շատ վաղուց ա ընդունվում ու շատ դանդաղ»,- ասաց Գեւորգյանը՝ հավելելով, որ, ըստ իրեն, սա հանցավոր անփութության հետեւանք է․
«Ես ակնկալում եմ, որ մեղավորին գտնելու են, որովհետեւ էսքան ձգելը բոլոր սահմաններից դուրս է։ Կա ընդդիմություն, որը կամ սրտանց կարող էր մեր կողմից լինել, կամ գոնե մեր սրտերը գրավելու համար, այդ կողմն է լրիվ լուռ։ Ու կանք մենք, որ մնացել ենք մեջտեղում՝ զինվել, մարզվել ուզող մարդիկ։ Շատերս կռվից հետո մի քանի անգամ էլ մասնակցել ենք․․․ սեպտեմբերյան սրացումներին, Սեւ լճի դեպքերին, վերջինը Վարդենիսում։ Էս խնդիրները, որ չլուծվեն, լինելու է էն վիճակը, որ մեր ընտանիքից ոմանք ունենալու են հայրեր, ոմանք չեն ունենալու, իսկ մենք դրա հետ խիստ համաձայն չենք»։
Գեւորգյանի խոսքով՝ զենքի օրենքը համապարփակ պաշտպանության, անվտանգության համակարգի ընդամենը մի սյունն է․ դա պետք է լինի, որ հնարավոր լինի համակարգը կառուցել։
Նա մեկ այլ խնդիր էլ մատնանշեց․ «Երկրում մինչեւ էսօր չկա լրիվ օրինական հրաձգարան, մենք մեր հրաձգարանով, որ դիմեցինք օրինականանալու, ասացին, որ դուք որակավորված հրահանգիչ չունեք․ մեր շարքերում են բանտի աշխատողների մարզիչները, դատախազների, նոր պարեկների, ԱԻՆ-ի, պլյուս մի քանի հոգի ունենք միջազգային որակավորումով մարզիչ։ Էս բոլորը չեն կարողացել համարվել էդ օրենքի մեջ գրված լիցենզավորված մարզիչը։ Ստացվում է՝ մնացինք էլի գորշ գոտում։ Մինչդեռ մենք երկու տարի է՝ խնդրում ենք՝ մի հատ օրինական հրաձգարան ունենանք երկրում, որը չունենալը խայտառակություն է»։
Անվտանգային եւ ռազմամարզական ոլորտի ներկայացուցիչների միավորում ՀԿ խորհրդի նախագահ, իրավաբան Նարեկ Ներսիսյանն էլ ասաց, որ հրահանգիչների մասին կա ենթաօրենսդրական ակտ, բայց որակավորված հրահանգիչներ չունենք, որովհետեւ ՆԳՆ-ն իր տված ենթաօրենսդրական ակտը չի կատարում․ «Այստեղ էլ երաշխավորություն չունենք, որ եթե անգամ զենքի շրջանառության կարգավորման մասին օրենքով քննական կարգը թեկուզ ժամանակավոր փոխվի, քննական կարգը լուծվելու է։ Ինչ վերաբերում է ռազմամարզական կազմակերպությունների մասին օրենքին, ապա նման առողջ կազմակերպություններն արդեն ահագին ժամանակ է՝ խնդրում են, որպեսզի իրենց վերահսկողության տակ վերցնեն։ Որովհետեւ եթե մենք միավորումում գտնվող ռազմամարզական կազմակերպություններին գիտենք, ապա տեղյակ չենք այլ ռազմամարզական կազմակերպություններից։ Գործընթացին պետք է ինստիտուցիոնալ կերպով մոտենալ»,- նշեց նա։
Շարունակելով գործընկերներին՝ Հովսեփ Ղազարյանն ասաց, որ միշտ էլ մտավախություն կա, որ զենքը կհայտնվի ինչ-որ վատ մտադրություններ ունեցող մարդու ձեռքին, բայց այն մարտահրավերները, որ մեր առաջ կանգնած են, ըստ նրա՝ համահունչ չեն այդ մտավախություններին։
«Աննա Հակոբյանը՝ Նիկոլ Փաշինյանի կինը, ինչ-որ տասը հազարից ավելի դասալիքների մասին էր խոսում։ Ես անձամբ մասնակցել եմ 44-օրյա պատերազմին, տեսել եմ մեր ամենամեծ նահանջներից մեկը՝ Մատաղիսի նահանջը, երբ հազարավոր կամավորներ, որոնք զենքը վերցրել, գնացել էին առաջնագիծ, հասնում էին տեղ, վերջին անգամ ծառայություն անցել էին քսան տարի առաջ, մոռացել էին նույնիսկ կրակելը, ու ձեռքերը շիվար, գլխիկոր հետ էին նահանջում, որովհետեւ էդ մարդիկ կռվել չգիտեին»,- ասաց Ղազարյանը՝ դիմելով պաշտոնյաներին․
«Եթե դուք մոբի հետ չեք զբաղվելու, եթե դուք մոբին չեք մարզելու, եթե չեք զինելու ու զինվելու հնարավորություն չեք տալու, հաջորդ կռվին ավելի վատ պատկեր է գրանցվելու»։
comment.count (0)