Ծաղկաձորի քաղաքապետը փաստաթղթեր է թաքցրել․ վարչապետին ենթակա տեսչականում քննարկում են ստուգում անցկացնելու հարցը
 |hetq.am|
19:35 - 17 հուլիսի, 2023

Ծաղկաձորի քաղաքապետը փաստաթղթեր է թաքցրել․ վարչապետին ենթակա տեսչականում քննարկում են ստուգում անցկացնելու հարցը |hetq.am|

hetq.am: Վարչապետի ենթակայությամբ գործող քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում քննարկում են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի որդու քավորի մասնակցությամբ կառուցվող համալիրի և Ծաղկաձորի քաղաքապետի գործունեության վերաբերյալ ստուգում անցկացնելու հարցը։ Այս մասին «Հետքի» հարցին ի պատասխան հայտնեց տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Ելենա Զոհրաբյան։ 

Ենթադրվում է, որ ուսումնասիրություն սկսելուց հետո նյութերը պետք է ուղարկվեն իրավապահներին, որովհետև Ծաղկաձորի համայնքապետը կա՛մ տեսչական մարմնից է թաքցրել փաստաթղթերը, կա՛մ մեզ տրամադրել է կեղծ փաստաթուղթ։

Տեսչական մարմինն ավելի վաղ պարզաբանում էր տարածել, ըստ որի Ծաղկաձոր համայնքում իրենց կողմից իրականացված ստուգման ժամանակ՝ 2022 թ-ի դեկտեմբերին, Ծաղկաձորի համայնքապետը չի ներկայացրել համալիրի ստորգետնյա հարկերը կառուցելու թույլտվությունը։ Մինչդեռ «Հետքի» հարցմանն ի պատասխան՝ Ծաղկաձորի ՔՊ–ական համայնքապետը տրամադրել էր շինթույլտվությունը, որը մենք ուսումնասիրել և պարզել էինք, որ տրվել էր կոպիտ խախտումներով։ Համայնքապետ Նարեկ Հարությունյանը կառուցապատողներին տվել էր ստորգետնյա հարկերը կառուցելու թույլտվություն այն դեպքում, երբ չկա ՇՄԱԳ և համալիր փորձաքննությունների դրական եզրակացությունները։

Ստորև ներկայացնում ենք տեսչական մարմնի տարածած պարզաբանումն ամբողջությամբ․

«Սույն թվականի հուլիսի 17-ին  «Հետք»  էլեկտրոնային պարբերականը  հրապարակել է «Կնքահայրը․ Ալեն Սիմոնյանի որդու սնանկացած քավորը 40 մլն դոլարանոց համալիրի փայատեր է» վերտառությամբ նյութ, որտեղ նյութի հեղինակի կողմից արվել է պնդում, թե Ծաղկաձոր քաղաքում կառուցվող «Պալլադա Ծաղկաձոր»  համալիրի   կառուցապատման փաստաթղթերում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը խախտումներ է գտել,  «սակայն, չի տեսել մեկ այլ խախտում, որը «Հետք»-ն է պարզել։

Ըստ պարբերականի պնդման՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը  մեղմ վարքագիծ է դրսևորել և չի համարել, որ «Պալլադա Ծաղկաձոր» համալիրը խախտումներով է կառուցվում։

«Հաշվի առնելով կառուցապատող ընկերության՝ առանց օրինական հիմքերի կառուցապատում իրականացնելու փաստը, Ծաղկաձորի քաղաքապետարանի անգործությունը, վարչապետին ենթակա ՔՏՀԱ տեսչական մարմնի մեղմ վարքագիծը, կառուցապատող ընկերությունում 25% բաժնեմաս ունեցող Էդգար Ավագյանի և ձեր փոխկապակցվածությունը՝ մենք եզրահանգում ենք, որ վերջինս ձեզ է ներկայացնում նշված ընկերությունում կամ ձեր հեղինակությունն է օգտագործվում անխոչընդոտ ապօրինի կառուցապատում իրականացնելու համար»,-նշել էր պարբերականը։

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հարկ է համարում ընթերցողներին տեղեկացնել, որ տվյալ պարագայում  «մեղմ վարքագծի» մասին խոսք անգամ լինել չէր կարող։

Խնդիրն այն է, որ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դեռևս 2022թ․ դեկտեմբերի 23-ին  իրականացրած ստուգման հիման վրա տուգանել է Ծաղկաձորի համայնքի ղեկավարին՝ առանց համապատասխան  նախագծի քանդման աշխատանքներ  կատարելու համար, քանի որ Տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգման պահին կատարվում էին միայն քանդման հողային աշխատանքներ։

Հարկ ենք համարում ընդգծել, որ խնդրո առարկա օբյեկտը ՏՄ իրականացրած ստուգման պահին  որևէ շինթույլտվություն չի ունեցել։

Ավելին՝ «Հետք» պարբերականին տրամադրված 27․09․2022 թ․ շինթույտվությունը ոչ ստուգման պահին, ոչ պաշտոնապես չի տրամադրվել Տեսչական մարմնին, ուստի՝ ՔՏՀԱ տեսչական մարմինը չէր կարող գոյություն չունեցող կամ չներկայացված շինթույլտվության փաստաթղթերում թերություններ  նկատել / չնկատել։

 «Պալադա Ծաղկաձոր» ՍՊ ընկերությանը համայնքի ղեկավարի կողմից շինթույլտվություն տրվել է 2023թ․ հունիսի 29-ին»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել