news.am: Կառավարության դիմաց այսօր՝ հուլիսի 19-ին, բողոքի ակցիա անող անհետ կորած և գերի ընկած զինծառայողների ծնողների բողոքին ի պատասխան՝ ամիսներ առաջ կառավարությունից ասել են՝ ձեր խնդիրն է:
«Մենք լավ գիտենք, որ մեր երեխեքը անհետ կորած չեն, իրենց բռնի ուժով գերի են տարել: Մենք փաստեր, վիդեոներ ունենք: Այդ տարածքում ԱԹՍ-ներ չեն տրաքել, որ ԱԹՍ-ից մասունքների վերածվեն, չկարողանան հետ բերել: Այն, ինչ իրենց աշխատանքն է, չեն արել, այդ մենք ենք արել ու հասել այդ ամենին: Մենք իրենց ոչ հաց ու ապրուստ ենք ուզում, ոչ էլ ասում ենք՝ մեզ պահի, իմ երեխուն բեր տուր ինձ: Երբ ես իմ տղայի գերության փաստերը ներկայացրեցի քննչական ու ԱԱԾ, բացարձակ ոչինչ չարեցին: Իսկ իմ հարսը երկու գիշեր լացելով նստել է, նույնականացրել է այն հագուստը, որ իր ամուսինը հագել, գնացել է, տեսանյութում գերի ընկած զինծառայողի հագուստի հետ: Ինքը կարողացավ հաստատել, որ դա իր ամուսինն է: Մենք տարբեր տեղ ուղարկել ենք մեր բողոքները, ոչ մի անգամ չենք ասել, որ մենք սխալ ենք»,- ասաց ծնողներից մեկը:
Ծնողի համոզմամբ` տղան արդեն 2 տարի 9 ամիս գերի է, իսկ ոչ մի կառույց ո՛չ պատասխան է տալիս, ո՛չ էլ որդուց՝ որևէ լուր:
Ծնողներից Կարինե Մանավազյանն էլ ասաց. «Պատերազմը նոր էր վերջացել, ծնողները մտան Փաշինյանի մոտ, խոսքի մեջ ասել են՝ սենց անենք, նենց անենք»: Փաշինյանն արձագանքել է. «Դուք պիտի՞ ասեք մենք ոնց աշխատենք»։ Չէ, մենք չենք ասել, մենք լռել ենք, տեսնենք ինքը ոնց է աշխատում, բա ո՞ւր է իր աշխատածը, ի՞նչ է արել: Ինչ է արվել գոնե մեկ անհետ կորածի համար, որ իրականում գերի են»:
Ծնողներն այսօր կառավարությունից ոչ մի պատասխան չեն ստացել. միայն, ըստ ծնողի, «դուռ են «շրխկացրել, ասել՝ ձեր խնդիրն է»։
«Հա, ես գիտեմ, որ իմ խնդիրն է, բա ձեր խնդիրը ո՞րն է: Ընդունարանից են այդպես ասել, ես չեմ ճանաչում ով էր»:
Նշենք, որ ակցիային մասնակցում են Էջմիածնի N զորամասի («քիմիկների» զորամաս) զինծառայողների ծնողները, որոնց զավակներին 2021 թվականի հոկտեմբերի 21-ին տեղափոխել էին Արցախ մարտական առաջադրանքի և սխալ հրամանի պատճառով նրանք հայտնվել էին շրջափակման մեջ ու անհետ կորել: Ծնողները նստացույց են հայտարարել:
comment.count (0)