news.am: Արցախի նախագահը, Արցախի ԱԺ-ն բազմիցս արձագանքել են Հայաստանից արվող այդպիսի հայտարարություններին եւ հրապարակայնորեն ներկայացնել մեր դիրքորոշումը. Ես ընդհանրապես, այն համոզմունքն ունեմ, որ Ադրբեջանի հետ քննարկումներում Հայաստանը միայն մեկ անելիք ունի՝ ներկայացնելու այն հազարավոր փաստերը, որոնք անհնարին են դարձնում Արցախի գոյությունը Ադրբեջանի կազմում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը՝ անդրադառնալով նրան, որ Հայաստանը հայտարարում է, որ պատրաստ է ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում:
«Վերջերս հարցում էր կազմակերպվել Ադրբեջանում, թե եթե Ստեփանակերտում երեխա տեսնեն ոչ ադրբեջաներեն խոսելիս, ինչ կանեն նրան: Պատասխանի տարբերակներն են՝ լեզուն կկտրեմ, ականջը կկտրեմ, կապտակեմ, դիտողություն կանեմ: Սրա մասին պետք է խոսի Հայաստանը Ադրբեջանի հետ բանակցություններում: Իսկ երբ խոսվում է Ադրբեջանի կազմում լինելու մասին, սա առաջացնում է արցախցիների զայրույթն ու պոռթկումը:
Մենք ո՞ւմ կազմում ենք ճանաչում Արցախը, մի պետության, որը 7 ամիս է տանջամա՞հ է անում 120 հազար ժողովրդին»,-ասաց նա:
Արցախի պետնախարարը դժգոհեց, որ Հայաստանի իշխանությունները պասիվ են Արցախում համաժողովրդական շարժման մասին բարձրաձայնելու հարցում.
«Ամեն դեպքում մենք բամիզցս նշում ենք, որ մեր իրավունքներին, Արցախի ժողովրդին վերաբերող բոլոր քայլերն ու որոշումները, որոնք միջազգային հարթակներում մեր անունից կարող են որոշվել, առոչինչ են: Բոլոր դերակատարները պետք է հասկանան, որ ամենատարբեր հարթակներում ընդունված որոշումները պարտադրելն անընդունելի է: Արցախի ժողովուրդը չի նախատեսում համակերպվել մեզնից դուրս քննարկված եւ ընդունված որոշումների հետ»,-ընդգծեց նա:
Անդրադառնալով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարությանը, ըստ որի եթե մեկ շաբաթում լուրջ փոփոխություն չեղավ, գուցե ծայրահեղ քայլերի գնան, Ներսիսյանն ասաց․
«Արցախում իրավիճակը փոխվում է ժամերի ու օրերի ընթացքում, պատկերացրեք, որ մենք կարող ենք ունենալ մի իրավիճակ, երբ հետագա մեր քայլերը ձեռնարկելու համար չկարողանանք սպասել Արցախի նախագահի կողմից հայտարարված 7 օրվան»:
Հարցին, թե ի՞նչ ծայրահեղ քայլերի մասին է խոսքը, նա պատասխանեց. «Որպեսզի մեր հետագա քայլերը վաղաժամ բացահայտած չլինենք, մարտավարական առումով ճիշտ չէր լինի դրա մասին բարձրաձայնելը՝ հաշվի առնելով նաեւ բնակչության մոտ ստեղծված իրավիճակը: Նախագահի կողմից այդ հայտարարությունն անելուց հետո էլ մենք ոչ թե պետք է նստենք ու սպասենք, թե ինչ կլինի 7 օր հետո, այլ առաջին իսկ վայրկյանից շարունակեն համախմբման գործընթացը, պետք է այդ օրերի ընթացքում անընդհատ Հայաստանում, Սփյուռքում կազմակերպվող ամենատարբեր ակցիաների միջոցով բոլորին հասանելի դարձնենք այն իրավիճակին, որի մեջ ապրում է արցախցին: Դրանից հետո մենք մեր քայլերի մասին պարբերաբար կտեղեկացնենք եւ պարզ կլինի, թե ինչ ընթացք կստանա շարժումը»: