«Վստահ ենք, որ տվյալ սուբյեկտներն իրենց կառույցների պահպանման ծախսերն ու այլ վճարումները կատարում են ժամանակին, որպեսզի ապահովեն կառույցի բնականոն գործունեությունը: Սակայն անհասկանալի է այն մոտեցումը, որ ՀՀՌՑ-ի կողմից մատուցված ծառայության դիմաց տարիներով կուտակվել են պարտքեր՝ բացասաբար անդրադառնալով պետական բյուջեի անուղղակի եկամուտների վրա»,– նշված է հաղորդագրության մեջ։
ԲՏԱ նախարարությունը շեշտում է` որևէ հիմնավորմամբ հեռուստաընկերությունների նման գործելոճը չի կարող արդարացվել: Պայմանագրով ամրագրված բոլոր պարտավորությունները պետք է պատշաճ կերպով կատարվեն:
Ինչ վերաբերում է ծառայությունների գնագոյացմանը, նախարարությունից հիշեցնում են, որ դեռ 2021 թվականի մարտին մի շարք հեռուստաընկերություններ այդ հարցով դիմել էին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողով։ Հանձնաժողովը հարցն ուսումնասիրելուց հետո կարճել էր հարուցված վարչական վարույթը՝ դրանով իսկ հիմնավորված համարելով ՀՀՌՑ-ի կողմից մատուցվող ծառայությունների արժեքները։
Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիների տեղեկատվություն ստանալու սահմանադրական իրավունքի իրացման և Երևանի ավագանու առաջիկա ընտրությունների պատշաճ լուսաբանմանը, նախարարությունն ընդգծում է` լրատվական հիմնական թողարկումների և նախընտրական գովազդի ժամանակահատվածում եթերազրկումներ չեն իրականացվելու։
Հուլիսի 18-ին հայաստանյան 20 հեռուստաընկերություն
հայտարարություն էին տարածել` «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ–ից (ՀՀՌՑ) պահանջելով մինչև այս տարվա վերջ դադարեցնել անջատումները։
comment.count (0)