Ինչպես Սամվել Ուզունյանին հաջողվեց լքել Հայաստանը․ գործով քննիչի ու քննչականի պետի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը մնացել է անփոփոխ
 |factor.am|
15:55 - 20 հուլիսի, 2023

Ինչպես Սամվել Ուզունյանին հաջողվեց լքել Հայաստանը․ գործով քննիչի ու քննչականի պետի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը մնացել է անփոփոխ |factor.am|

factor.am: Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վազգեն Ռշտունու, կազմով՝ դատավորներ Արշակ Վարդանյանի և Արսեն Նիկողոսյանի, անփոփոխ է թողել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Ուզունյանի գործով քննիչին և գործը քննած Հատուկ քննչական ծառայության կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության պետ Էդգար Պետրոսյանին արդարացնելու որոշումը։

Հիշեցնենք, որ Լեռնիկ Ստեփանյանի և Էդգար Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, նրանք գործի վարույթը կարճելու որոշումը կայացրել է Երևանի դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը՝ առանց դատաքննություն նշանակելու։ 2019 թվականին Սամվել Ուզունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել կաշառք ստանալու և ենթադրյալ այլ հանցավոր արարքներ կատարելու հոդվածներով, սակայն մինչ նրան կալանավորելու միջնորդություն կներկայացվեր դատարան, լքել է Հայաստանը։

Ուզունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու համար անհրաժեշտ է Բարձրագույն դատական խորհրդի համաձայնությունը։ Ուզունյանը ԲԴԽ-ում իր վերաբերյալ այս հարցերի քննությանը չի մասնակցել, և այն բանից հետո երբ Խորհուրդը նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, ինչպես նաև նրան ազատությունից զրկելու վերաբերյալ դատարան միջնորդություն ներկայացնելու համաձայնություն է տվել, Երևան-Մոսկվա չվերթի տոմս է գնել և Զվարթնոց օդանավակայանով լքել Հայաստանը։ Դրանից հետո պաշտոնեկան անփութության մեղադրանք է առաջադրվել քննիչ Լեռնիկ Ստեփայանին և Էդգար Պետրոսյանին։ Հատկանշական է այն հանգամանքը, որ քրեական գործի հարուցումից հետո՝ 2019 թվականի նոյեմբերի 28-ին, երբ Ուզունյանը դեռևս գործով մեղադրյալի կարգավիաճկ չի ունեցել, քննիչ Լեռնիկ Ստեփանյանը գրություն է ուղարկել Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն՝ Սամվել Ուզունյանի կողմից ՀՀ սահմանը հատելու նկատմամբ հսկողություն իրականացնելու, ՀՀ սահմանը հատելու փորձ կատարելու դեպքում նախքան սահմանը հատելը վարույթն իրականացնող մարմնին տեղեկացնելու պահանջով։ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Վ. Հովսեփյանը 03.12.2019 թվականի գրությամբ պատասխանել է, որ Սամվել Ուզունյանի սահմանահատումների նկատմամբ հսկողության սահմանելու և վերջինիս կողմից ՀՀ սահմանը հատելու փորձ կատարելու դեպքում նախքան սահմանը հատելը այդ մասին վարույթն իրականացնող մարմնին տեղեկացնելու պահանջը հնարավոր չէ բավարարել, քանի որ ՀՀ ոստիկանությունը անձանց սահմանային տեղաշարժը հսկելու լիազորություն չունի և նման գործառույթ չի իրականացնում։

Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ Զվարթնոցում Ուզունյանի ուղեբեռը ստուգելիս նրա մոտ հայտնաբերվել է փամփուշտ, սակայն նախկին դատավորը բերման չի ենթարկվել, հետագայում այս դեպքի առթիվ ապօրինի ռազմամթերք պահելու հոդվածով քրեական գործ է հարուցվել։ Ինչում են մեղադրվում Էդգար Պետրոսյանը և Լեռնիկ Ստեփանյանը Այն բանից հետո, երբ քննիչ Լեռնիկ Ստեփայանը համարել է, որ առկա է ապացույցների բավարար համակցություն՝ Սամվել Ուզունյանին մեղադրանք առաջադրելոեւ համար, քրեական գործն ուղարկել է ՀՀ գլխավոր դատախազություն, որպեսզի քննարկվի դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելուն համաձայնություն տալու վերաբերյալ ՀՀ բարձրագույն դատական խորհուրդ սահմանված կարգով միջնորդություն ներկայացնելու հարցը:

2019 թվականի դեկտեմբերի 20-ին ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի կողմից ներկայացված երկու վերոհիշյալ միջնորդությունները բավարարվել են և նույն օրը ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի կողմից կայացվել է որոշում՝ Սամվել Ուզունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, ինչպես նաև 38-34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Էդգար Պետրոսյանին առաջադրված մեղադրանքում նշված է, որ նույն օրը՝ ժամը 22:30-ի սահմաններում, ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետ Արսեն Մարտիրոսյանը, հաշվի առնելով որոշման պահանջները կատարելու՝ մեղադրանք առաջադրելու և խափանման միջոց կիրառելու հրատապությունը, հեռախոսազանգով անմիջապես տեղեկացրել է ՀՀ հատուկ քննչական ծառայության կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնական հանցագործությունների քննության վարչության պետ Էդգար Պողոսյանին՝ հայտնելով գործով քննիչի կողմից նշված որոշման, ինչպես նաև ՀՀ բարձրագույն դատական խորհրդի կողմից կայացված որոշումների օրինակներն ստանալու և դրանցից բխող անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններն անհապաղ կատարելու անհրաժեշտության մասին: Նույն պահին Էդգար Պողոսյանն այդ մասին տեղեկացրել է ՀԿԳ ավագ քննիչ Լեռնիկ Ստեփանյանին, սակայն ինչպես վերջինս, այնպես էլ Էդգար Պողոսյանն, ըստ մեղադրանքի, հրաժարվել են անմիջապես միջոցներ ձեռնարկել որոշումները ստանալու և դրանցից բխող անհրաժեշտ գործողությունները կատարելուց՝ հայտնելով, որ որոշումները կստանան հաջորդ օրը: Ժամեր անց՝ դեկտեմբերի 21-ին, Սամվել Ուզունյանը մեկնել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայան, գնել է ժամը 02։50-ին նախատեսված Երևան-Մոսկվա չվերթի տոմս և պատրաստվել թռիչքի: Այդ մասին տեղեկացել է ՀՀ ԱԱԾ աշխատակից Ավագ Մարգարյանը և ժամը 01։45-ին, զանգահարել է Էդգար Պողոսյանին՝ հայտնելով, որ Սամվել Ուզունյանը պատրաստվում է լքել ՀՀ տարածքը: Տեղեկանալով այդ մասին՝ Էդգար Պողոսյանը ժամը 01։50-ին զանգահարել է Լեռնիկ Ստեփանյանին՝ հայտնելով, որ Սամվել Ուզունյանը գտնվում է օդանավակայանում և պատրաստվում է մեկնել ՀՀ-ից:

Ըստ մեղադրանքի՝ Էդգար Պողոսյանը, ի պաշտոնե հանդիսանալով քննչական բաժնի պետ, պետական պաշտոնատար անձ, որը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 193-րդ հոդվածի համաձայն՝ հետևում է իրեն անմիջականորեն ենթակա քննիչների կողմից իրենց վարույթում գտնվող քրեական գործերով քննչական գործողությունները ժամանակին կատարելուն, իրավունք ունի մասնակցել իրեն անմիջականորեն ենթակա քննիչի վարույթում գտնվող քրեական գործով նախաքննության կատարմանը, անձամբ կատարել նախաքննությունը` օգտվելով քննիչի լիազորություններից, դրսևորել է անգործություն՝ հանցավոր ինքնավստահություն և մինչ Սամվել Ուզունյանի կողմից ՀՀ-ից մեկնելը, հստակ տեղեկացված լինելով վերջինիս որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման առկայության, ինչպես նաև վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելուն համաձայնություն տալու վերաբերյալ ՀՀ բարձրագույն դատական խորհուրդի կողմից կայացված որոշման մասին, միջոցներ չի ձեռնարկել դրանք անհապաղ ստանալու և դրանից բխող անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ կատարելու համար, այն պարագայում, երբ իրեն անմիջականորեն ենթակա քննիչի կողմից քրեական գործով դատախազություն ներկայացված միջնորդությամբ, ի թիվս այլնի, նշվել է նաև Սամվել Ուզունյանի կողմից քննությունից թաքնվելու բարձր հավանականության մասին:

Այսպիսով, ըստ մեղադրանքի, Էդգար Պետրոսյանը դրսևորել է հանցավոր ինքնավստահություն, չի կատարել իր ծառայողական պարտականությունները, ծառայության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք է դրսևորել՝ չցանկանալով գիշերային ժամերին կատարել անհապաղ ու անհրաժեշտ դատավարական գործողություններ, ունենալով քրեադատավարական առավել քան բավարար գործիքակազմ, միջոցներ չի ձեռնարկել Ուզունյանի փախուստը կանխելու ուղղությամբ, քննիչ Ստեփանյանին ցուցում չի տվել Ուզունյանի նկատմամբ ստորագրություն՝ չհեռանալու մասին խափանման միջոց ընտրելու և այսպիսով նրա ելքը ՀՀ տարածքից սահմանափակելու ուղղությամբ։

Լեռնիկ Ստեփանյանի մեղադրանքում ևս նշվում է, որ վերջինս, դրսևորելով հանցավոր ինքնավստահություն՝ չի կատարել իր ծառայողական պարտականությունները, ծառայության նկատմամբ դրսևորել է անբարեխիղճ վերաբերմունք, այն է՝ չցանկանալով գիշերային ժամերին կատարել անհապաղ ու անհրաժեշտ դատավարական գործողություններ,տեղեկացվելով, որ իր վարույթում քննվող քրեական գործով ծանր հանցագործությունների կատարման մեջ մեղադրվող Սամվել Ուզունյանը պատրաստվում է հեռանալ ՀՀ-ից՝ այդ կերպ խուսափելով քրեական պատասխանատվությունից ու սպասվելիք պատժից, և ունենալով քրեադատավարական առավել քան բավարար գործիքակազմ, միջոցեր չի ձեռնարկել, որի հետևանքով Ուզունյանը լքել է ՀՀ-ն։

Ըստ մեղադրանքի՝ Լեռնիկ Ստեփանյանի և Էդգար Պետրոսյանի անգործությունը անզգուշությամբ էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին՝ այն է հեղինակազրկվել է ՀՀ պետական իշխանության մարմին հանդիսացող իրավապահ համակարգն, ինչպես նաև ծանր հանցագործությունների կատարման մեջ մեղադրվող Սամվել Ուզունյանը լքել է ՀՀ տարածքը՝ այդ կերպ թաքնվել է քննությունից՝ խուսափելով քրեական պատասխանատվության ենթարկվելուց, ինչի արդյունքում տևական ժամանակ կյանքի չի կոչվել ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված պատասխանատվության անխուսափելիության սկզբունքը և ոտնահարվել է ՀՀ քրեական դատավարության օրենսդրության խնդիրները:

Պաշտպանը միջնորդել է կարճել քրեական գործի վարույթը 2022 թվականի ապրիլի 25-ին Ստեփանյանի և Պետրոսյանի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան և մակագրվել դատավոր Կարեն Ֆարխոյանին։ 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել