fip.am: Եթե շտապում ես․ համառոտ՝ նյութի մասին
«Անկախ դիտորդ» դաշինքը երեք աղբյուրներից ստացել է տեղեկատվություն, որ Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը հանդիպումներ է ունեցել համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարների հետ և հրահանգել իրենց համայնքի հետ ունեցող և Երևանում հաշվառված քաղաքացիներին հորդորել ավագանու ընտրություններին քվեարկել Տիգրան Ավինյանի և «Քաղաքացիական պայմանագրի» օգտին։ Այդ գործընթացը, ըստ իրազեկողի, հրահանգվել և համակարգում է ՔՊ կուսակցության վարչության փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյանը: Ընտրողների ցուցակագրման նպատակով վարչական ղեկավարներին տրամադրվել են օրինակելի ձևաթղթեր, որոնք հասանելի են դարձել «Անկախ դիտորդ» դաշինքին։
Հայտնի դարձած տեղեկություններից հնարավոր էր անել տարբեր ենթադրություններ, և հաշվի առնելով ՔՊ կուսակցության նման «քարոզարշավի» ծավալման ոչ հանրային գործելակերպը՝ այդ ենթադրությունները հնարավոր չէր ստուգել ո՛չ բաց աղբյուրների ուսումնասիրությամբ, ո՛չ էլ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի շրջանակներում:
Խախտման բնույթը հասկանալու համար կարևոր է գնահատել, թե արդյո՞ք համայնքի աշխատակազմն այս գործընթացում ներգրավվել է պաշտոնեական դիրքի չարաշահմամբ ու հարկադրանքով, թե՞ միայն կուսակցական համերաշխությունից դրդված։ Արդյո՞ք ընտրողներին հավաքագրելու գործընթացը ենթադրել է միայն օրինական քարոզչական հնարքներ, թե՞ սպառնալիքներ կամ խոստումներ եղել, որոնք կարող են քրեական հանցագործության տարրեր պարունակել։ Այսինքն, փաստացի, պիտի գնահատվեին վարչական ռեսուրսի չարաշահման կամ կուսակցական քարոզչության և հորդորի կամ սպառնալիքի կիրառման վարկածները։
Այս վարկածները ստուգելու նպատակով «Անկախ դիտորդ» դաշինքի գործընկեր «Փաստերի ստուգման հարթակի» ներկայացուցիչը զանգել է Սպիտակ համայնքի 20 բնակավայրերի վարչական ղեկավարներից 15-ին (խոշորացված համայնքի մեջ մտնող գյուղերի ղեկավարները, որոնք նշանակվում են համայնքի ղեկավարի կողմից) և համայնքի ղեկավարի տեղակալ Հովիկ Հովհաննիսյանին, ներկայացել որպես Գևորգ Պապոյանի օգնական կամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի ներկայացուցիչ ու հարցեր ուղղել ընտրողների ցուցակների վերաբերյալ։ Վարչական ղեկավարներից 5-ը չեն պատասխանել զանգերին:
Վարչական ղեկավարներից երեքը նշել են, որ չգիտեն, թե ինչի մասին է խոսքը, իսկ նրանցից մեկը հայտնել է, որ թեև տեղյակ չէ, սակայն չի քննարկելու այդ հարցը հեռախոսով անծանոթ զրուցակցի հետ՝ մինչև համայնքի ղեկավարի հետ խոսելը: Մնացածի մոտ որևէ տարակուսանք չհարուցեց այն, որ Գևորգ Պապոյանի «օգնականն» իրենց զանգում է այս հարցով:
Վարչական ղեկավարներից առնվազն 6-ը (Սարալանջ, Մեծ Պարնի, Ծաղկաբեր, Ջրաշեն, Կաթնաջուր, Լեռնավան գյուղերի ղեկավարները) հայտնել են, որ արդեն ունեն կամ շուտով կունենան յուրաքանչյուրը 10-ից մինչև 15-ական ընտանիք-ընտրող պարունակող ցուցակներ, որոնք տվել են Ավինյանի օգտին քվեարկելու հավաստիացում։ Երկուսը նշել են, որ պատրաստվում են մոտ օրերս այդ նպատակով գնալ Երևան, և ՔՊ-ից ներկայացող մեր գործընկեր-թղթակցին խնդրել են զանգել դրանից հետո:
Չնայած բնակավայրերի ղեկավարների խոսքում հիշատակված պոտենցիալ քվեարկողների հանրագումարը մոտ 100-ի կարգի էր, սակայն Սպիտակ համայնքի ղեկավարի տեղակալ Հովհաննիսյանը զրույցի ընթացքում պնդել է, որ ակնկալում է շուրջ 1000 ընտրողների երաշխավորված քվեարկություն:
Վերջինիս հետ զրույցից (որն այս դեպքում իրականացվում էր «ՔՊ կուսակցության կենտրոնական գրասենյակի աշխատակցի» անունից) պարզ է դառնում նաև, որ իսկապես, համայնքապետին իջեցված հրահանգը եղել է կուսակցության վարչության փոխնախագահ Գևորգ Պապոյանի կողմից, որը Սպիտակի համայնքային ծառայողներ հանդիսացող համայնքապետի տեղակալին ու վարչական ղեկավարներին փոխանցվել է համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի միջոցով:
Ձայնագրություններից նաև պարզ է դառնում, որ վարչական ղեկավարներն այս ցուցակագրումներն արել են աշխատավայրից: Այսպես, օրինակ, Ծաղկաբեր գյուղի ղեկավար Արամ Իգիթյանը հայտնեց․ «Ախպեր, ես հիմա տանն եմ, աշխատավայրում ա էլի ցուցակը»:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
comment.count (0)