Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ընթացքում լրագրողներից մեկը հիշեցրեց Agence France-Presse-ին Փաշինյանի տված հարցազրույցը, որտեղ վերջինս նշել է․ «Քանի դեռ խաղաղության պայմանագիր ստորագրված չէ, և այդ պայմանագիրը վավերացված չէ երկու երկրների խորհրդարանների կողմից՝ պատերազմն, իհարկե, շատ հավանական է»։
Լրագրողը հետաքրքրվեց․ «Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ եթե գա այն պահը, երբ մենք կունենանք ի վերջո այդ խաղաղության պայմանագիրը, ապա վե՛րջ, խնդիրը կլուծվի, պատերազմի հավանականությունը զրո կդառնա, որովհետև փորձագիտական շրջանակներում նաև այսպիսի տեսակետ կա, որ նույնիսկ խաղաղության պայմանագիրը խաղաղության երաշխիք չէ։
Ի պատասխան՝ Փաշինյանը պատմական օրինակ բերեց՝ շեշտելով, որ ոչ մի կոնկրետ զուգահեռ նկատի չունի․ «Խորհրդային միությունն ու Գերմանիան իրար հետ խաղաղության պայմանագիր ստորագրեցին, հետո՝ կարճ ժամանակ անց, պատերազմ սկսվեց։ Եվ նման իրավիճակներ, իրադրություններ պատմության մեջ եղել են։ Նաև էս ա պատճառը, որ մենք ասում ենք՝ հո մենք չե՞նք պատրաստվում ցանկացած փաստաթուղթ, որի վերև գրված է «Խաղաղության պայմանագիր», տակը ստորագրենք։ Դա մեր ամենամեծ մտահոգությունն է, որ մենք ստորագրենք այնպիսի խաղաղության պայմանագիր, որն ապահովի խաղաղություն կամ խաղաղություն ապահովելու հնարավորինս մեծ շանսեր ունենա։ Հակառակ դեպքում, եթե մենք էն տրամաբանությամբ առաջնորդվեինք, վաղուց ստորագրել էինք խաղաղության պայմանագիրը՝ առանց էդ նրբությունների մեջ խորանալու»։
Նիկոլ Փաշինյանի խոսքով ճիշտ չի լինի, եթե խաղաղության պայմանագրով միայն 1-2 տարի խաղաղություն լինի․ «Պետք է հետևյալը արձանագրել, որ ոչ միայն հենց բուն խաղաղության պայմանագրի ստորագրումը, այլև դրա իրականացումը և իրականացման մեխանիզմները․․․ Ցանկացած պայմանագիր ունենում է տարընթերցումներ, տարընթերցումների հասցեագրման հստակ մեխանիզմների գոյությունը։ Էդ դեպքո՞ւմ ով կապահովի խաղաղություն»։
Փաշինյանն ասաց՝ իրենք մտահոգություն ունեն, որ նույնիսկ այդ դեպքում կարող է չապահովվել խաղաղություն․ «Եթե կողմերից մեկն անընդհատ խոսում է ագրեսիվ տոնայնությամբ, ագրեսիվ հռետորաբանությամբ, անընդհատ ատելության քարոզ է տանում, դա էլ խաղաղությանը նպաստող գործոն չէ, որովհետև այդ ատելության մթնոլորտում այդ պայմանագիրը կարող է ուղղակի չգործել»։
Փաշինյանը եզրափակեց՝ խաղաղության պայմանագիրն ինքնին չի երաշխավորում խաղաղություն․ «Բայց որ խաղաղության պայմանագրի բացակայությունը կրկնապատկում է (եթե ավելի չասենք) պատերազմի հավանականությունը, դա էլ է փաստ»։
Նիկոլ Փաշինյանն այսօրվա ասուլիսի ընթացքում մի ձևակերպում էր արել, որ ինքը «29 800 քառ․ կիլոմետրի վարչապետն է»։ Լրագրողը ևս մի հարց հնչեցրեց․ «Եթե Լեռնային Ղարաբաղում ծավալուն ռազմական գործողություններ սկսվեն, մեծ էսկալացիա, ո՞րը կլինի ՀՀ-ի գործողությունը, արդյոք մենք ռազմական միջամտություն կունենա՞նք, թե՞ դիվանագիտական աշխատանքներով կսահմանափակվենք»։
Այս հարցին ի պատասխան՝ Փաշինյանը նշեց․ «Ես չեմ ցանկանում նման սցենար քննարկել ընդհանրապես, որովհետև իմ կարծիքն այն է, որ Լեռնային Ղարաբաղում պետք է ռազմական գործողություններ չսկսվեն»։
comment.count (0)