Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ընթացքում Infocom-ի լրագրողը հարց հնչեցրեց ադրբեջանական աղբյուրներում տարածված այն տեղեկության վերաբերյալ, որ Բրյուսելում հայ-ադրբեջանական բարձր մակարդակի բանակցությունների օրակարգում ընդգրկվել և քննարկվել է նաև Հայաստան ադրբեջանցիների վերադարձի հարցը։
Հիշեցնենք՝ անցյալ տարվա օգոստոսին Ադրբեջանում գործող «Ադրբեջանի փախստականների համայնք» ՀԿ-ն վերակազմավորվել է՝ կոչվելով «Արևմտյան Ադրբեջանի համայնք», որը պետք է զբաղվի տեղահանված էթնիկ ադրբեջանցիների՝ «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» հարցերով։ Արևմտյան Ադրբեջան ասելով` և՛ Ալիևը, և՛ Ադրբեջանի պետական հովանավորությունը վայելող այս կառույցը նկատի ունեն Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը։
Անցյալ տարվա դեկտեմբերին Ալիևը հանդիպել ու հանձնարարականներ է տվել այդ կազմակերպության ներկայացուցիչներին, որոնք էլ կարճ ժամանակ անց սկսել են իրականացվել։
Այս հանդիպումից մեկ ամիս անց այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչի միջոցով դիմում է փոխանցել ՄԱԿ գլխավոր քարտուղարին, որով Հայաստանի կառավարությունից պահանջում է ստեղծել էթնիկ ադրբեջանցիների՝ իրենց տներ անվտանգ և արժանապատիվ վերադառնալու պայմաններ և խնդրում է այս հարցում միջազգային հանրության աջակցությունը։ Մեկուկես ամիս անց համանման նամակ է ուղարվել ԵՄ խորհրդի նախագահին։
Արդեն այս տարվա մարտին կազմակերպությունը ՄԱԿ գլխավոր քարտուղարին է ներկայացրել ադրբեջանցիների խաղաղ, անվտանգ և արժանապատիվ վերադարձի՝ Ալիևի նախանշած հայեցակարգը, որում նշվում է՝ քանի որ իրենք անվտանգության հարցերով չեն վստահում Հայաստանին, անհրաժեշտ է ադրբեջանցիների վերադարձին ենթակա տարածքներում տեղաբաշխել անվտանգության հարցերով միջազգային առաքելություն՝ բաղկացած իրենց համար վստահելի երրորդ երկրների ուժերից, որոնք կունենան ադմինիստրատիվ և ոստիկանական լիազորություններ, իսկ ադրբեջանցիները պետք է ունենան տեղական անվտանգության ուժեր ձևավորելու և դատարանում դերակատարում ունենալու հնարավորություն։ Այս հայեցակարգում բազմաթիվ են նաև լեզվին, սեփականությանը և այլ հարցերի վերաբերվող կետերը։
Մեր լրագրողը հիշեցրեց, որ այսօրվա ասուլիսի ընթացքում Փաշինյանն, անդրադառնալով այս հարցին, նշել է՝ Ադրբեջանը արդբեջանցիների՝ Հայաստան գալու հարցն օրակարգ է բերել որպես Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հասցեագրման հարցի, այսպես ասած, հայելային օրակարգ, իսկ Հայաստանը նշել է՝ դրանք համարժեք չեն, այլ այդ հարցը համարժեք է Բաքվից, Սումգայիթից, Ադրբեջանի այլ վայրերից տեղահանված հայերի իրավունքների և անվտանգության թեմային։
«Բայց ադրբեջանական կողմի հայտարարություններից ու գործողություններից հասկանալի է դառնում, որ իրենց նպատակադրումն այդքան էլ ԼՂ հայերի իրավունքների ու անվտանգության հարցին հակընդդեմ օրակարգ ստեղծելը չէ, և դա նրանց պետական քաղաքականության մաս է կազմում, և այդ խնդիրը, այդ ռիսկը արդեն առնչվում է Ձեր և Ձեր քաղաքական թիմի կողմից հնչեցվող 29 800 քառ․ կմ տարածքին»,- նշեց մեր լրագրողը։
Փաշինյանը մեղադրեց մեր լրագրողին ադրբեջանական նարատիվ հնչեցնելու համար, ինչին ի պատասխան՝ վերջինս նշեց․ «Փորձը ցույց է տալիս, որ այդ նարատիվները, որոնք խոսույթի մակարդակում են եղել ինչ-որ պահի, մի օր դարձել են բանակցային օրակարգի մաս կամ փոխել են բանակցային օրակարգը։ Մենք արդեն տեսնում ենք, որ Բրյուսելում այդ հարցը բարձրացվել է և բարձրացվել է ոչ ուղղակի խոսակցության մակարդակով։ Ադրբեջանը կոնկրետ պետական քաղաքականության մակարդակով քայլեր է ձեռնարկում։ Ի՞նչ դիրքորոշում ունեք Դուք այս քաղաքականության վերաբերյալ, այդ հայեցակարգի վերաբերյալ, և այս պայմաններում, երբ մենք տեսնում ենք, որ Հայաստանը պարբերաբար բանակցություններում հետ է քաշվում իր սահմանած կարմիր գծերից, զիջում է մեր իրավունքները, ՀՀ քաղաքացիներն ինչպե՞ս կարող են վստահություն ունենալ, որ մի օր չեն ունենա ադրբեջանցի հարևաններ, որոնց իրավունքները կպաշտպանեն իրենց կողմից ընտրված միջազգային դիտորդներ և իրենց իրավունքները պաշտպանելու հնարավորություն ստացած Ադրբեջանի Հանրապետություն Հայաստանի Հանրապետության տարածքում»։
Այս հարցին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը նշեց․ «Դուք այդքան հայտարարություն արեցիք, բայց չհիշատակեցիք, որ Հայաստանում, օրինակ, Ադրբեջանից փախստականների կազակերպություններ իրենց հերթին հանդես են եկել իրենց հայտարարությամբ, Լեռնային Ղարաբաղի և հարակից շրջանների փախստականներ հանդես են եկել իրենց հայտարարությամբ։ Եթե մեր լրատվամիջոցներն ավելի շատ Ադրբեջանի նարատիվն են տարածում, քան Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականության, ի՞նչ վստահություն կարող է ունենալ։ Մեծ վստահություն կարող ենք ունենալ, որովհետև Հայաստանի Հանրապետության կառավարությունն այդ քաղաքականությունն ու այդ նարատիվը համարում է տարածքային նկրտում Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ։ Ինչ վերաբերում է մարդու իրավունքներին, մենք բազմաթիվ տվյալներ ունենք, որ Հայաստանում ապրող ադրբեջանցիները կամավոր հեռացել են՝ այդ թվում, իրենց բնակարանները վաճառելով, այդ թվում ՀՀ կառավարության կողմից փոխհատուցումներ ստանալով։ Բայց մենք ունենք ուրիշ փաստ, երբ որ Սումգայիթում տեղի են ունեցել հայկական ջարդեր, երբ որ Բաքվում տեղի են ունեցել հայկական ջարդեր, երբ որ հայերը Բաքվից, Սումգայիթից և այլ տեղերից նույնիսկ կիսամերկ վիճակում փախուստի են դիմել, այսինքն՝ ստիպված են եղել իրենց կյանքը փրկել։ Ադրբեջանը շատ նարատիվներ կարող է զարգացնել, բայց մենք մեր դիրքորոշումն ունենք և կարծում ենք, որ այդ դիրքորոշումները լեգիտիմ են, հիմնավոր են։ Եվ մենք ասում ենք, որ ինչու, օրինակ, չեք մեջբերում Նախիջևանից հեռացած հայերի հայտարարությունը, ինչու ձեր հարցը նրա մասին չէ, թե ինչպես է կառավարությունը պատրաստվում հասցեագրել Նախիջևանի հայերի [իրավունքները]»։
Մեր լրագրողն արձագանքեց, որ ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանի դեպքում դա պետական քաղաքականություն է, հարցը բերվել է նաև բանակցությունների օրակարգ։
Նիկոլ Փաշնյանը պատասխանեց․ «Այո՛, դա Հայաստանում կարող է և պետական քաղաքականություն չէ էն առումով, որ մենք շարունակում ենք հարգել մեր միջազգային պարտավորությունները»։
Մեր լրագրողը հիշեցրեց, թե ինչպես են վերջին տարիների ընթացքում ադրբեջանական մի շարք նարատիվներ փոխել բանակցությունների ընթացքը․
«Մենք տեսել ենք, թե
Հայաստանի քաղաքացին իմ նկարագրած իրողությունների պայմաններում ինչպե՞ս վստահություն ունենա, որ ադրբեջանական հերթական վտանգավոր օրակարգը չի դառնա բանակցությունների մաս և իրականություն»։
Ի պատասխան՝ Փաշինյանը հայտարարեց․ «Այսօր Դուք շատ մեծ մասով ապահովեցիք, որպեսզի ադրբեջանական նարատիվը դառնա այդ թվում նաև հայկական օրակարգի մաս և քննարկման առարկա։ Երբ որ այսպիսի տրամաբանությամբ մենք գործենք, ոչ մեկը ոչ մի բանի վստահություն չի կարող ունենալ։ Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքականությունները և միջոցները բավարար են, որպեսզի մենք կարողանանք Հայաստանի արտաքին քաղաքականությունը վարել Հայաստանի շահերին համապատասխան»։
comment.count (0)