azatutyun.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևն այսօր հանդիպել է Ադրբեջանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Շրիդարան Մադհուսուդհանանի հետ։
Հաջիևը նշել է, որ Բաքուն մտահոգված է Հայաստանի և Հնդկաստանի միջև ռազմական համագործակցության խորացմամբ:
Նա խոսել է մամուլում վերջերս տեղ գտած հրապարակումների մասին, որոնց համաձայն, «Իրանի տարածքով հնդկական արտադրության զենք է ուղարկվում Հայաստան»:
Հաջիևն ասել է, որ զենքի մատակարարումն այն ժամանակաշրջանում, երբ խաղաղության հարցով հայ-ադրբեջանական բանակցություններ են տեղի ունենում, «նպաստում է Հայաստանի ռազմականացմանը և սրում է իրավիճակը»:
Դա, ըստ Հաջիևի, խոչընդոտում է կայուն խաղաղության և անվտանգության հաստատմանը Հարավային Կովկասի տարածաշրջանում:
Հաջիևը Հնդկաստանի դեսպանին հորդորել է պաշտոնական Նյու Դելիին հայտնել Բաքվի մտահոգություններն այդ հարցի վերաբերյալ և ևս մեկ անգամ վերլուծել Հայաստանին «մահաբեր զենք մատակարարելու նպատակահարմարությունը»։
Դեսպանը խոստացել է ադրբեջանական կողմի արծարծած հարցը ներկայացնել Հնդկաստանի ղեկավարությանը և կարևորել է երկու երկրների երկխոսությունը ծագող խնդրահարույց թեմաների քննարկման համար։
Նշենք, որ այսօր ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել էին տեսանյութ՝ նշելով, թե, իբր, Հնդկաստանը Իրանի տարածքով Հայաստանին զենք է մատակարարում։
comment.count (0)