Աղդամով ապրանքներ մատակարարելը Լաչինի միջանցքի բացման այլընտրանք չէ. Բորել
08:25 - 27 հուլիսի, 2023

Աղդամով ապրանքներ մատակարարելը Լաչինի միջանցքի բացման այլընտրանք չէ. Բորել

Եվրահանձնաժողովի փոխնախագահ, Արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը հայտարարություն է տարածել՝ նշելով՝ ԵՄ-ն ի գիտություն է ընդունել Բաքվի՝ Աղդամով ապրանքներ մատակարարելու պատրաստակամությունը, բայց դա Լաչինի միջանցքի բացման այլընտրանք չէ։ 

«Եվրամիությունը խորապես մտահոգված է նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում տեղի բնակչության վրա ազդող լուրջ հումանիտար իրավիճակով։ Լաչինի միջանցքով տեղաշարժը խոչընդոտվում է ավելի քան յոթ ամիս՝ չնայած դրա վերաբացման վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշման:

Բժշկական պարագաներն ու առաջին անհրաժեշտության ապրանքները պակասում են կամ արդեն սպառվել են, ինչը սարսափելի հետևանքներ կունենա տեղի բնակչության համար: Ադրբեջանի իշխանությունների պարտականությունն է երաշխավորել անվտանգությունն ու ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով և թույլ չտալ ճգնաժամի հետագա սրացում:

Մենք ի գիտություն ենք ընդունել Ադրբեջանի իշխանությունների հայտնած պատրաստակամությունը՝ ապրանքներ մատակարարել նաև Աղդամ քաղաքով։ Սա չպետք է դիտարկվի որպես Լաչինի միջանցքի վերաբացման այլընտրանք։ ԵՄ-ն նաև նշում է, որ ԿԽՄԿ-ի գործունեությունը տարածաշրջանում մեծ ազդեցություն է ունեցել և կոչ է անում վերսկսել այն՝ ներառյալ բժշկական նպատակներով տարհանումը և մարդասիրական մատակարարումները: ԵՄ-ն ընդգծում է, որ մարդասիրական հասանելիությունը չպետք է քաղաքականացվի որևէ դերակատարի կողմից:

Եվրամիությունը, և մասնավորապես Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, մեծապես ներգրավված են եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցելու, ինչպես նաև Բաքվի և Ստեփանակերտի/Խանքենդի միջև երկխոսության խթանման գործում: Սա նաև պահանջում է բոլոր կողմերի անկեղծ հավատարմությունը բանակցությունների արդյունքներին և ընդհանուր շահերի և փոխադարձ վստահության վրա հիմնված ապագայի»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել