Երեկ մահացել է մոտ 4 տարի առաջ Եղեգնաձորում դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանը: Այս մասին հայտնում է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նշենք, որ Մխիթարյանը արդեն 4 տարի է՝ գտնվում էր կոմայի մեջ։
Հիշեցնենք՝ փոխգնդապետ Արա Մխիթարյանը դաժան ծեծի էր ենթարկվել 2019 թ. սեպտեմբերի 18-ին՝ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում։ Ըստ պաշտոնական վարկածի՝ կողմերի միջեւ վեճը եւ ծեծկռտուքը սկսվել էր այն բանից, երբ Հարություն Գրիգորյանը Արա Մխիթարյանին եւ նրա ծառայակից ընկերներին ավտոմեքենայի միջից սեւեռուն հայացքով նայել էր, եւ Մխիթարյանը ցանկացել էր պարզել դրա նպատակը, որի ընթացքում էլ Գրիգորյանը փոխգնդապետին դիմել էր «հը, արա»-ով, ինչի համար վերջինս նրանից պարզաբանում էր պահանջել։ Սկսվել էր վիճաբանություն։ Ավելի ուշ Գրիգորյանը կանչել էր իր ընկերներին եւ անսպասելի մոտենալով Արա Մխիթարյանին՝ ձեռքերով ու ոտքերով անկանոն հարվածներ էր հասցրել նրա գլխին։
Դեպքից առթիվ հարուցվել էր քրեական գործ, որի շրջանակում մեղադրանք էր առաջադրվել երկու եղբայրներ Հարություն եւ Զավեն Գրիգորյաններին։ Վերջինիս նկատմամբ քրեական հետապնդումը նախաքննության փուլում դադարեցվել է, իսկ Հարություն Գրիգորյանի վերաբերյալ գործը ուղարկվել է դատարան։
2022 թ․ հունվարի 10-ին Արարատի եւ Վայոց Ձորի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Հարություն Պետրոսյանի նախագահությամբ, վճռել է մեղավոր ճանաչել Հարություն Գրիգորյանին՝ մի խումբ անձանց կողմից Արա Մխիթարյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար եւ դատապարտել նրան 5 տարի ժամկետով ազատազրկման՝ պատժի կրման սկիզբը հաշվելով 2019թ. սեպտեմբերի 20-ից: Առաջադրված մյուս մեղադրանքի՝ ծեծի հոդվածով դատարանը վճռել էր դադարեցնել քրեական հետապնդումը՝ հանցանքի վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։
Դատարանը, մասնավորապես, հաստատված է համարել, որ Հարություն Գրիգորյանը շարունակելով Արա Մխիթարյանի հետ վիճաբանությունը, կանչել է իր ընկերներին, նաեւ եղբորը՝ Զավեն Գրիգորյանին, անսպասելի մոտեցել է շենքի առաջին մուտքի աստիճանահարթակի մոտ միայնակ եւ հանգիստ կանգնած Արա Մխիթարյանին եւ դիտավորությամբ, բռունցքով մեկ անգամ հարվածել է նրա դեմքին, ինչի հետեւանքով վերջինս վայր է ընկել։ Դրանից հետո, ըստ դատավճռի, Հարություն Գրիգորյանը եւ գործով ինքնությունները չպարզված մի խումբ անձինք Արա Մխիթարյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու նպատակով, գիտակցելով վերջինիս առողջության համար իրենց գործողությունների վտանգավոր բնույթը, նախատեսելով դրա հետևանքը, միաժամանակ գիտակցելով մեկը մյուսի գործողությունները եւ դրանք լրացնելով, ընդհանուր միասնական դիտավորությամբ ոտքերով, նաեւ գործով չպարզված առարկայով բազմաթիվ եւ անկանոն հարվածներ են հասցրել գետնին ընկած Արա Ախիթարյանի կյանքի համար կենսական նշանակություն ունեցող օրգանին՝ գլխին, ինչպես նաեւ իր մարմնով Արա Մխիթարյանին հարվածներից պաշտպանելու համար նրա վրա կռացած Լեւոն Հարությունյանի մարմնի տարբեր հատվածներին, որի արդյունքում Արա Մխիթարյանի առողջությանը պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, իսկ Լեւոն Հարությունյանին ծեծի ենթարկելու արդյունքում վերջինիս առողջությանը պատճառվել է թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ:
Հարություն Գրիգորյանի պաշտպան Լեւոն Սահակյանը դատավճիռը բողոքարկել է Վերաքննիչ դատարան, սակայն վերջինս, նախագահությամբ դատավոր Լուսինե Աբգարյանի, կազմով Արսեն Նիկողոսյանի եւ Մհեր Արղամանյանի, 2022 թ․ սեպտեմբերին մերժել է բողոքը՝ ուժի մեջ թողնելով դատավճիռը։
Վերաքննիչ դատարանի որոշման դեմ էլ պաշտպանը Վճռաբեկ բողոք է ներկայացրել։ Բողոքը վարույթ ընդունել-չընդունելու վերաբերյալ որոշում դեռեւս չկա։
Նշենք, որ գործով ականատես վկաներ Ժորա Բաղդասարյանը, Մխիթար Մելքոնյանը, Լևոն Հարությունյանն իրենց ցուցմունքներում նշել էին նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի՝ դեպքի վայրում գտնվելու եւ անգործություն դրսեւորելու հանգամանքի մասին, ինչը պնդել են նաեւ Սարգսյանի հետ առերեսման ժամանակ, սակայն Քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնել է, որ Սարգսյանը դեպքի վայրում չի եղել: Այնուամենայնիվ, միջադեպից հետո մարզպետը հրաժարական էր տվել: Հարություն Գրիգորյանը նախկին մարզպետի օգնականն էր:
Միլենա Խաչիկյան
comment.count (0)