Տոնոյանը ներկայացրեց, թե որն է եղել պատերազմի օրերին Մեղրիում լինելու պատճառը
15:21 - 01 օգոստոսի, 2023

Տոնոյանը ներկայացրեց, թե որն է եղել պատերազմի օրերին Մեղրիում լինելու պատճառը

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն Ազգային ժողովում է՝ մասնակցելու 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին։ Հանձնաժողովի հրապարակային աշխատանքներին մասնակցելու համար Տոնոյանը միջնորդություն էր ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վ.Դոլմազյանին՝ խնդրելով թույլատրել ներկայանալ հանձնաժողովի աշխատանքների իրականացման վայր, միջնորդությունը բավարարվել էր: Տոնոյանը ցանկություն էր հայտնել մասնակցել նիստին՝ բաց ձեւաչափով, միաժամանակ այսօրվա նիստում նա նշեց, որ որոշ դրվագների անդրադառնալու համար փակ նիստի կարիք է լինելու։

44-օրյա պետրազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցող Դավիթ Սանասարյանը պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին խնդրեց մանրամասնել, թե հոկտեմբերի 21-29 ինչու էր Մեղրիում, արդյոք հիմնավո՞ր էր այդ օրերին ոչ թե ՊՆ-ում, այլ Մեղրիում գտնվելը։

Տոնոյանն ասաց, որ Մեղրիում գտնվելու հիմնավորության գնահատականը պետք է տա այդ ժամանակվա իր վերադասը՝ Նիկոլ Փաշինյանը։ Նա շարունակեց, որ այդ ժամանակ Մեղրու մոտ՝ ՀՀ պետական սահմանի ընդամենը 2-3 կմ-ի վրա արդեն ունեինք բավականին մեծ թվով զոհեր ինչպես զինծառայողների, այնպես էլ զորահավաքային ռեսուրսի, կամավորական ջոկատների շրջանում, վիրավորված էր Մեղրի համայնքի ղեկավարը, վիրավորված էր Մեղրու գնդի հրամանատարը․ «Ձեւավորվում էր հարավային շրջանի հատուկ հրամանատարություն, որը ղեկավարեց այսօր արդեն գեներալ Գյոզալյանը։ Ես կարծում եմ, որ պաշտպանության նախարարի հայտնվելը Մեղրիում բավականին լուրջ ազդեցություն ունեցավ եւ բնակչության, եւ ԶՈՒ սոտրաբաժանումների վրա, որոնք առաջնագծում խնդիրներ էին կատարում»,- ասաց Տոնոյանը։ 

Նախկին նախարարի խոսքով՝ կան եւ փաստական, եւ տեսագրական տվյալներ, որոնք ապացուցում են, որ ԶՈՒ ստորաբաժանումները բավականին հաջող են գործել այդ ուղղությամբ՝ դարանակալելով, ոչնչացնելով, չեզոքացնելով հակառակորդին․ 

«Ես ինքս իմ աչքերով տեսա, թե ինչպես էր գնդակոծվում ռուսական սահմանապահ զորքերի կայանը, ինքս եմ նկարահանել։ Դա եղել է հրապարակային, դրա վերաբերյալ եղան մեր հրապարակային արձագանքները։ Նաեւ ունեի այլ գործառույթ՝ հստակ համագործակցություն տեղի ՌԴ սահմանապահ ուժերի հետ։ Այնպես ստացվեց, որ ՌԴ սահմանապահներն անմիջական մարտական գործողությունների վարման շատ հասանելի, գնդակոծման, հրետակոծման շատ հասանելի տարածքում էին գտնվում։ Կազմակերպչական որոշ խնդիրներ կային մոբիլիզիացիոն, տարածքային պաշտպանության կազմակերպման առումով»,- ասաց նա՝ միաժամանակ բարձր գնահատելով ԱԱԾ, ոստիկանության, ԱԻՆ աշխատակցիների ծառայությունը տեղում․ «Աշխատում էր մի կուռ թիմ։ Հետո հետ եմ կանչվել վարչապեի կողմից՝ ըստ երեւույթին իրավիճակի գնահատման առումով»։

 

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ տեղեկություններ կան, որ Տոնոյանը Մեղրիում զրույց է ունեցել հարավային թեւում մեր խմբավորման հիմնական ղեկավար Տիրան Խաչատրյանի հետ։ Տոնոյանի մտաբերմամբ՝ այդ ժամանակ Տիրան Խաչատրյանը վիրավոր է եղել, եւ ղեկավարը եղել է Փիլոյանը [ըստ ամենայնի նկատի ունի Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանին, որն Ազգային հերոսի կոչում էր ստացել, իսկ այժմ մեղադրվում է խոշոր չափի կաշառք ստանալու համար]։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել