Պետական բյուջեից ոչ մի լումա չի ծախսվել․ ՍՈՒ-30-ները ձեռք են բերվել օրենքով չարգելված աղբյուրներից․ Դավիթ Տոնոյան
17:15 - 01 օգոստոսի, 2023

Պետական բյուջեից ոչ մի լումա չի ծախսվել․ ՍՈՒ-30-ները ձեռք են բերվել օրենքով չարգելված աղբյուրներից․ Դավիթ Տոնոյան

ՍՈՒ-30-ներն ինչո՞ւ չկարողացան մարտական թռիչքներ իրականացնել, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հետաքրքրվեց պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանից։

Վերջինս պատասխանեց, որ եթե ես չի սխալվում՝ նոյեմբերի սկզբի ժամանակաշրջանում իրեն զեկուցվել է, որ ՍՈՒ-30-ներն անցել են մարտական հերթապահության, քանի որ մարտական հրթիռների որոշակի համալրում իրականացվել է․

«Բացի դրանից՝ ՍՈՒ-30-ները բազմաֆունկցիոնալ միջոցներ էին, որոնք ունեին եւ գրոհային, եւ կործանիչ գործառույթ։ Գրոհային գործառույթների առումով մենք սպառազինության հետ կապված գոնե սկզբանական փուլի մեկ-երկու օրվա մարտական գործողությունների վարման առումով հագեցվածություն ունեինք նաեւ այն հրթիռների, որոնք հիմա ժողովրդի մեջ կոչվում են անպիտան կամ ժանգոտված։ Այդ հրթիռները նաեւ օգտագործվել են ուսումնական թռիչքների ժամանակ եւ խոցել են թիրախները»,- ասաց նախկին նախարարը։ 

Ինչ վերաբերում է ՍՈՒ-30-ների ձեռքբերումների հիմնավորվածությանը՝ Տոնոյանը հարց հնչեցրեց՝ իսկ ՍՌՏ-ի [սպառազինության եւ ռազմական տեխնիկայի] այդ ի՞նչ միջոցներ պետք է ձեռք բերվեին, որ ՍՈՒ-30-ների ձեռքբերումը հիմնավորված չէր․

«Ինչպես ես նշեցի՝ մենք հակառակորդի հետ համադրության մեջ կործանիչների գործառույթի, ՍՈՒ-30-ների՝ իրենց կործանիչի բաղադրիչի հետ կապված զրոյական վիճակ ունեինք հակառակորդի հետ, մեծ հեռավորությունների վրա, այն հնարավորությունները, որոնք ունեին ՍՈՒ-երը, ճշգրիտ կառավարվող հրթիռներով խոցելու հակառակորդի միջոցները եւ ենթակառուցվածքները, այդպիսի կարողություն մենք ԶՈՒ-ում չենք ունեցել»։ 

Տոնոյանի պնդմամբ՝ ՍՈՒ-30-ների ձեռքբերումը նաեւ ապագայի ձեռքբերում է, քանի որ դրանով բարձրացվել է մեր ԶՈՒ-ի մակարդակը․

«ՍՌՏ-ի պլանն իրականացվել է, ձեռքբերվել եւ մատակարարվել է ժամկետի մեջ։ Այն, ինչ Ադրբեջանը հիմա անում է Թուրքիայի հետ՝ մոդեռնիզացնում է ՍՈՒ-25-երը, այդ պայմանագիրը կնքվել է օգոստոսի 24-ին՝ Մոսկվայում ՍՈՒ-25-երի արդիականացման վերաբերյալ՝ իմ տեղակալի կողմից, ես ներկա եմ եղել այդ ստորագրմանը, մոդեռնիզացումը պետք է իրականացվեր երեք տարվա ընթացքում։ Երեք տարվա մեջ արդեն պետք է ունենայինք որոշ առաջխաղացում»,- ասաց Տոնոյանը։

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն ասաց, որ իրենք հարցում են արել եւ ստացել պատասխան, ըստ որի՝ պատերազմի ժամանակ ՍՈՒ-երը մեկ թռիչք են արել՝ հետախուզական․ «Այսինքն՝ գործնականում չի կիրառվել ՍՈՒ-30-ը, սա է մեզ անհանգստացնում, եթե կիրառվել է, ասեք»։

Տոնոյանը նշեց, որ ՍՈՒ-30-ների ձեռքբերումը պայմանավորված է եղել նաեւ ՀՀ սահմանները եւ ՀՀ հակաօդային պաշտպանությունն ուժեղացնելու եւ գրոհային կարողություններն ավելացնելու հարցով։ Նա ասաց, որ ձեռքբերումից հետո ժամանակ էր պետք, որ այդ միջոցը զսպման միջոց լինելուց բացի դրսեւորեր նաեւ իր գրոհային կարողությունը։

Տոնոյանը նաեւ ասաց, որ պետական բյուջեից ոչ մի լումա չի ծախսվել ՍՈՒ-30-երի ձեռքբերման համար․ «Ձեռքբերումներն իրականացվել են օրենքով չարգելված աղբյուրներից»,- ասաց նախկին նախարարը՝ նշելով, որ մնացյալ հարցերին կանդրադառնան փակ ձեւաչափում։ Նա շեշտեց, որ ՍՈՒ-երի ձեռքբերման համար սպառազինության եւ ռազմական տեխնիկայի ձեռքբերման պլանում փոփոխություններ չեն կատարվել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել