«Տատիկս քաղցկեղ ունի, չենք կարողանում հասցնել Ստեփանակերտ, դեղերն էլ վերջացել են» [Բլոկադան ներսից]
01:26 - 04 օգոստոսի, 2023

«Տատիկս քաղցկեղ ունի, չենք կարողանում հասցնել Ստեփանակերտ, դեղերն էլ վերջացել են» [Բլոկադան ներսից]

Բլոկադա՝ օր անհաշվելի․ յոթհոգանոց ընտանիքին ժամեր շարունակ հերթում սպասելուց հետո երեկ գեթ մեկ հաց է հասել․ «Առավոտը նախաճաշին հաց չունեինք, մեծ եղբայրս հերթում էր, եկավ՝ մի հաց ձեռքին․ մեծ ընտանիքին մի հացն ի՞նչ է»,- ասում է Արցախի Մարտակերտի շրջանի Մարտակերտ քաղաքի 19-ամյա բնակիչ Ալյոնա Սայիյանը, որն ապրում է իր քրոջ, եղբայրների ու ծնողների հետ, որոնք զինվորականներ են։ 

Ալյոնան ասում է՝ Արցախում վիճակն ահավոր է․ հացը չի հերիքում, վառելիք չկա, միրգն ու բանջարեղենը՝ սակավ։

«Որ հովհարային անջատումներ են լինում, չեն հասցնում հաց թխել, հերթեր են գոյանում, մեկը գնում է, հերթում սպասում, իրեն հասնում է, ում չի հասնում, գնում, նորից է գալիս, որ գոնե մի քիչ ուշ հաջողի հաց ստանալ։ Բայց այսօր կտրոններ են բաժանել, մարդիկ հայտնել են՝ ով որ խանութից է գնումներ անում, այդ խանութներին ընտանիքների հաշվով հաց են ուղարկում»,- ասում է Ալյոնան՝ հույս ունենալով, որ այս կարգավորումը գոնե մի քիչ կմեղմի հերթերում ժամերով սպասելու դժվարությունը։ Ամսվա օրերի թերթիկի վրա էլ ամեն օր նշումներ են արվելու, որ իմացվի՝ ընտանիքն այդ օրը հաց ստացել է, թե ոչ։

Ալյոնան մտահոգվում է, որ ձմռանն է ավելի բարդ լինելու․ «Առաջ դվիժոկներն աշխատում էին, կապ լինում էր, ալյուրը կարողանում էին քաղաքից հասցնել, բայց ձմռանը շատ դժվար է լինելու»։

Մարտակերտում, ի համեմատ Ստեփանակերտի, մթերքների առումով իրավիճակը դեռ աղետալի չէ, որովհետեւ մարդիկ իրենց բակերում ու շրջանում հողեր ունեն, որտեղ կարտոֆիլ, լոբի, լոլիկ ու կանաչի են աճեցնում։

Դեղերն էլ գրեթե վերջացել են։ Մարդիկ ինչ ունեին, վերջին օրերին երեւի արդեն սպառել են։ Ալյոնայի տատիկն էլ առողջական լուրջ խնդիրներ ունի․

«Տատիկս հիվանդ է, քաղցկեղ ունի, չենք կարողանում հասցնել Ստեփանակերտ։ Շատ թանկ դեղեր են անհրաժեշտ նրան։ Այն ժամանակ մի կերպ ՌԴ խաղաղապահների հետ դեղերի առաջին փաթեթն իջավ, հիմա էլ չկա։ Պետք է հասցնել քաղաք՝ ԿՏ անելու, որ հասկանանք՝ հիվանդությունն ինչ փուլում է, ինչ դեղեր են պետք, բայց վառելիք ու տրասնպորտ չկա, ԿՏ-ի նյութն էլ վերջացել է»,- ասում է Ալյոնան։ Տատի հետ քննարկել են ԿԽՄԿ միջնորդությամբ ՀՀ տեղափոխելու հարցը, բայց նա մտահոգվում է, որ գուցե գա Երեւան, չկարողանա հետ գալ, կամ, որ ավելի վախենալու է, ադրբեջանցիներն առեւանգեն, ինչպես վերջին օրերին առեւանգել են Արցախի երկու այլ քաղաքացիների․ «Տատիկս ասում է՝ լավ ա մնամ երեխեքիս կողքին, քան գնամ՝ չթողնեն հետ գամ։ Նա իննսունականներին էլ, 2016-ի ու 2020-ի պատերազմների ժամանակ էլ Արցախում է եղել՝ պապիկի կողքին, որն առաջին պատերազմի մասնակիցներից է»։

Մարդիկ էլ չեն կարողանում հիվանդանոց գնալ, սկսել են բաց թողնել բուժման կուրսները։ Որոշ ժամանակ անց գուցե մահացության դեպքերն էլ աճեն․ «Երեխաները սկսել են նիհարել, վիտամինների պակաս ունեն»,- նեղսրտում է զրուցակիցս, ու հիշում, որ բլոկադայի ընթացքում եղած ամենատխուր դեպքը, որ ցնցել էր բոլորին, մարտակերտցի երկու փոքրիկների մահն էր․

«Ամենաշատը մեզ այդ դեպքը ցավեցրեց։ Ես այդ երեխաներին Ստեփանակերտ գնալիս հաճախ էի հանդիպել տրանսպորտում․․․ Շատ ենք ազդվել։ Մտածում ենք՝ կարող է վաղը մենք էլ չկարողանանք մեր երեխեքի համար ինչ-որ բան հայթայթել, որովհետեւ հիմա շատ դժվար է դարձել․․․»։

Ալյոնան հիշում է, որ բլոկադայի ընթացքում, երբ մի քանի լիտր կաթ էր կարողացել տանել Ստեփանակերտ, խանութում մի քանի պապիկներ էին եղել, կաթնամթերքը բոլորին չէր հասել, ինքն էլ տխրել էր դրանից։ Մտածում է՝ ինչու մինչ այսօր մարդիկ ավելի շատ չեն աշխատել՝ այսքան բանի միջով անցելով։ Նրա ընտանիքը անասնաֆերմա ունի․ բlոկադայի ընթացքում Ալյոնան որոշել է դասընթացների գնալ ու արդեն սկսել է կաթի արտադրությամբ զբաղվել, ասում է՝ մի փոքր լուսավոր կետ է այս դժվարին օրերում։

Մի շատ կարեւոր որոշում էլ է կայացրել Ալյոնան․ նշանադրվել է, ու որոշել են, որ իրենց երեխաներն էլ պիտի Արցախում ծնվեն ու ապրեն։ Ասում է՝ մի քանի պատերազմներով են անցել, ամեն ինչ հաղթահարել, հիմա չի կարելի թողնել-գնալ։ Ինքն էլ մի պահ որոշել է, որ գնա դրսում սովորելու, բայց վերջին պատերազմը ցույց է տվել, որ Արցախը մարդկանց կարիքն ունի։ Ալյոնան հիմա Շուշիի տեխնոլոգիական համալսարանում է սովորում՝ անասնաբուժության բաժնում։ Ուզել է սննդի անվտանգության մասնագետ դառնալ, բայդ այդ բաժինը համալսարանում չկա։ Այս հանգամանքը նրան չի ընկճել, որոշել է այս ոլորտում էլ հրաշալի մասնագետ լինել․ դա Արցախին պետք է։

Ալյոնան եւ իր ընտրյալը

2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ 2023թ․ ապրիլի 23-ին ադրբեջանական կողմը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում էր ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում՝ այդպիսով խորացնելով հումանիտար ճգնաժամը: Հակարիի կամրջի վրա տեղադրվել է ադրբեջանական անցակետ։ Այս տարվա հունիսի 15-ից Ադրբեջանի կողմից արգելվել են բոլոր հումանիտար փոխադրումները Լաչինի միջանցքով․ ԿԽՄԿ-ն դրանից հետո միայն հաշված անգամներ է կարողացել բուժառուների տեղափոխել ՀՀ։

Հուլիսի 29-ին Ադրբեջանը Հակարիի կամրջի մոտ տեղադրած անցակետի մոտից առեւանգել է ԿԽՄԿ միջնորդությամբ բուժման նպատակով ՀՀ տեղափոխվող հիվանդներից 68-ամյա մի քաղաքացու եւ տեղափոխել անհայտ վայր։ Օգոստոսի 1-ին Արցախի Հին Շեն գյուղից ոտքով ՀՀ գնալու փորձ կատարած մեկ այլ քաղաքացու են առեւանգել ադրբեջանցի զինծառայողները, նրա գտնվելու վայրը եւս անհայտ է։ 

Արցախում գրեթե ամբողջությամբ սպառվել են առաջին անհրաժեշտության մթերքներն ու դեղորայքը։ Մթերքներ ձեռք բերելու համար ամիսներ առաջ նախատեսված կտրոններն այլեւս անպիտան են, քանի որ խանութներում դատարկություն է։ Մարդիկ միայն հաց ստանալու համար են դուրս գալիս։ Արցախում վերջացել է վառելիքը, հանրային տրանսպորտն ընդհանրապես չի գործում, մասնավոր մեքենաները հազվադեպ են տեղաշարժվում։ Պարբերաբար ընդհատվում է գազամատակարարումը, անջատվում է էլեկտրաէներգիան։ Արցախում 120 հազար մարդ, այդ թվում 30 հազար երեխա տոտալ բլոկադայի մեջ է։

Լուսանկարները տրամադրել է Ալյոնա Սայիյանը

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել