«Ուղղակի անտանելի է, երբ գերի ես քո հողում․ բոլորն ուզում են ապրել, բայց ապրելը կասկածի տակ է դրված» [Բլոկադան ներսից]
13:48 - 08 օգոստոսի, 2023

«Ուղղակի անտանելի է, երբ գերի ես քո հողում․ բոլորն ուզում են ապրել, բայց ապրելը կասկածի տակ է դրված» [Բլոկադան ներսից]

Գլխավոր լուսանկարում՝ Անի Լազարյանը

Շրջափակման մեջ ամենաբարդը հենց բլոկադա ասվածն է․ շատ ծանր զգացողություն է, երբ խոր մտածում ու հասկանում ես, որ պատանդ ես քո տան մեջ։ Այսպես է իր զգացողությունները նկարագրում 17-ամյա Անի Լազարյանը, որը Արցախի Մարտակերտի շրջանի Վանք գյուղից է։ Արցախում բլոկադայի պայմաններում կենցաղային բոլոր դժվարությունների, անմարդկային պայմանների մասին շատերի հետ եմ խոսել, Անին, ըստ էության, նոր բան նկարագրել չի էլ կարող, դրա համար մեր զրույցն ավելի շատ մարդկանց ու հենց իր հոգեբանական վիճակի մասին է։ Ասում է՝ ուղղակի անտանելի է, երբ գերի ես քո հողում, ու, միաժամանակ, անհնար է համակերպվել։

Անին ապագա թարգմանիչ է, Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության Արցախի երիտասարդական միության անդամ է։ Սովորում է ավարտական դասարանում, հիմա հիմնականում տանն է լինում, հետաձգել է պարապմունքները, որովհետեւ այժմ հանրային տրանսպորտն ընդհանրապես չի գործում, վառելիք չկա, որ հասնի Ստեփանակերտ։ Զրուցակիցս, որ, երեւում է, շատ նրբազգաց է, նաեւ գիրք է հեղինակել պատերազմի մասին, կոչվում է «Նրանք»։

Բլոկադան, իհարկե, կենսական ամենաանհրաժեշտ հարցերում անհարմարություններ առաջացնում է, բայց ամենաանտանելին, Անիի խոսքով, ոչինչ չանելն է։ Ի՞նչ պետք է անել, հարցնում եմ․ «Եթե խոսքը վերաբերում է Արցախի բնակչությանը, ապա մենք բառիս բուն իմաստով շղթայված ենք, երեւի հիմա անզօր ենք ինչ-որ բան անել: Արցախում ապրող յուրաքանչյուրը հիմա քնում ու արթնանում է միայն վաղվա օրվա հերթին հասնելու համար․․․: Առհասարակ, այս հարցի մասին շատ-շատ եմ մտածել, ու, կարելի է ասել, միշտ էլ երկմտել եմ հստակ պատասխան տալու համար։ Ըստ իս՝ մարդկանց գործը այս հարցում շատ մեծ է, ամեն ոք իր իսկ աշխատանքով կարող է նպաստել մեր երկրին, բայց, ցավոք, չկա այդ օգնությունը: Միայն կարող եմ ասել որ մարդիկ շատ տարբեր են, երբ կա ամեն ինչ, եւ առավել քան տարբեր, երբ չկա ոչինչ»:

Բլոկադան իրականում շատ ահավոր է, ասում է Անին, որովհետեւ բոլորն ուզում են ապրել, բայց ապրելը հիմա կասկածի տակ է դրված․

«Անհամար հերթեր կան, թիվն անգամ մարդն ի զորու չէ ասել, եւ այդ շարքերում էլ մենք ենք, որ կանգնած սպասում ենք մեր հերթին այն հույսով, որ շուտով կբացվի մեր լույսի ճանապարհը: Գյուղում ապրելն ինչ-որ չափով հեշտ է, առավել դժվար է նրանց համար, ովքեր բնակվում են քաղաքում ու գրեթե ոչինչ չունեն համապատասխան կենսակերպի համար»,- ասում է զրուցակիցս ու հավելում, որ ինքն իրականում երբեւէ հերթ չի կանգնել, որովհետեւ միշտ մտածել է, որ կկորչի բազմության մեջ․ 

«Մարդկանց շարքը քաղաքի սկզբից սկսում էր, վերջում ավարտվում»: 

Հացի հերթ

Մի անգամ, պատմում է Անին, ընկերուհուն սպասելիս տեսել է շատ սիրուն, բայց միաժամանակ անչափ տխուր դրվագ․ երկու տարեց մարդիկ, իրար ձեռք բռնած, գնացել էին միրգ գնելու, ու մինչեւ մի կերպ փողոցն անցել են ու հասել խանութին, միրգը վերջացել է․ «Սահմանափակ քանակով էր միրգը, միայն մի խնձոր էր մնացել, այն էլ վաճառողը ուղղակի տվեց նրանց։ Նրանք էլ նորից հուսահատ հետ էին գալիս, մի պահ իրար էին նայում ու խոր հոգոց հանում, հետո նորից ժպտում, երեւի թե որ այդ խնձորն էլ իրենց մնաց… Շատ ազդեցիկ էր»։

Արցախում մթերքներ գրեթե չեն մնացել, ծննդյան տորթին ձմերուկն է փոխարինում

Առաջին պատերազմը, Ապրիլյանը, 44-օրյան․․․ պատերազմների վերքերը չլացաված՝ հիմա էլ բլոկադան։ Ճակատագի՞ր է, թե՞ ուղղակի մեր գլխին խաղացվող խաղ, հարցնում է Անին․ «Երբ ես ու իմ տարեկիցները մտածում էինք դրսում ուսում ստանալու, հայրենիք նորամուծություններ մտցնելու ու հիասքանչ ապագա կերտելու մասին, հիմա արդեն մտածում ենք մի կերպ գոյատեւելու մասին: Սա գոյության պայքար է։ Ապրել Արցախում ու պայքարել Արցախում ապրելու համար արդեն խիզախություն է, որին բլոկադան չի կարող խանգարել: Մենք երազում ենք, որ մի օր կբարձրանանք կանաչ լեռները ու բարձրից կհիանանք լույս տղաներով։ Շրջափակված են մեր տղաները, մեր հերոսները, որոնց ծնողները չեն կարողանում այցելել սեփական որդիների գերեզմաններին։ Անտարբեր մի եղեք, խնդրում եմ, մի թողեք, որ աշխարհը ջնջի մեզ երկրի երեսից․․․»։

2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ 2023թ․ ապրիլի 23-ին ադրբեջանական կողմը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում էր ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում՝ այդպիսով խորացնելով հումանիտար ճգնաժամը: Հակարիի կամրջի վրա տեղադրվել է ադրբեջանական անցակետ։ Այս տարվա հունիսի 15-ից Ադրբեջանի կողմից արգելվել են բոլոր հումանիտար փոխադրումները Լաչինի միջանցքով․ ԿԽՄԿ-ն դրանից հետո միայն հաշված անգամներ է կարողացել բուժառուների տեղափոխել ՀՀ։

Հուլիսի 29-ին Ադրբեջանը Հակարիի կամրջի մոտ տեղադրած անցակետի մոտից առեւանգել է ԿԽՄԿ միջնորդությամբ բուժման նպատակով ՀՀ տեղափոխվող հիվանդներից 68-ամյա մի քաղաքացու եւ տեղափոխել անհայտ վայր։ Օգոստոսի 1-ին Արցախի Հին Շեն գյուղից ոտքով ՀՀ գնալու փորձ կատարած մեկ այլ քաղաքացու են առեւանգել ադրբեջանցի զինծառայողները, նրա գտնվելու վայրը եւս անհայտ է։ 

Արցախում գրեթե ամբողջությամբ սպառվել են առաջին անհրաժեշտության մթերքներն ու դեղորայքը։ Մթերքներ ձեռք բերելու համար ամիսներ առաջ նախատեսված կտրոններն այլեւս անպիտան են, քանի որ խանութներում դատարկություն է։ Մարդիկ միայն հաց ստանալու համար են դուրս գալիս։ Արցախում վերջացել է վառելիքը, հանրային տրանսպորտն ընդհանրապես չի գործում, մասնավոր մեքենաները հազվադեպ են տեղաշարժվում։ Պարբերաբար ընդհատվում է գազամատակարարումը, անջատվում է էլեկտրաէներգիան։ Արցախում 120 հազար մարդ, այդ թվում 30 հազար երեխա տոտալ բլոկադայի մեջ է։

Լուսանկարները տրամադրել է Անի Լազարյանը

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել