ՄԱԿ-ի փորձագետները կոչ են անում Ադրբեջանին վերացնել Լաչինի միջանցքի շրջափակումը և կանգնեցնել հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում
22:39 - 07 օգոստոսի, 2023

ՄԱԿ-ի փորձագետները կոչ են անում Ադրբեջանին վերացնել Լաչինի միջանցքի շրջափակումը և կանգնեցնել հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում

Այսօր ՄԱԿ–ի մի խումբ փորձագետներ տագնապ են հայտել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման առնչությամբ, ինչը սոսկալի հումանիտար ճգնաժամի է հանգեցրել Լեռնային Ղարաբաղի շրջանում:
 
Շրջափակման արդյունքում վերջին յոթ ամիսների ընթացքում արգելափակված է մնում Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը, որի արդյունքում բնակչությունը բախվել է սննդամթերքի, պարենի, բժշկական և հիգիենայի պարագաների կտրուկ պակասի հետ: Շրջափակումը խափանել է նաև բժշկական և կրթական հաստատությունների գործունեությունը և մեծագույն ռիսկի է ենթարկում բնակիչների, հատկապես՝ երեխաների, հաշմանդամների, ծերերի, հղի կանանց և հիվանդների կյանքը:
 
«Լաչինի միջանցքի շրջափակումը հումանիտար ճգնաժամ է, որը հանգեցրել է սննդամթերքի պաշարների, այն թվում՝ ձեթի, ձկնամթերքի, թռչնամսի, կաթնեղենի, ցորենի, շաքարի և մանկական սննդի կտրուկ նվազման», նշում են փորձագետները:
Նրանք ահազանգում են, որ արագ սպառվում է դեղորայքը, իսկ հիվանդանոցները դժվարությամբ են ապահովում բժշկական օգնություն, քանի որ շտապ օգնության մեքենանարի աշխատանքը խափանվել է վառելիքի պակասի հետևանքով:
 
Փորձագետները կոչ են անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքով մարդկանց, մեքենաների և բեռների անխափան տեղաշարժը երկու ուղղություններով՝ համաձայն 2020թ. նոյեմբերի 9-ի զինադադարի մասին պայմանագրի:
Նրանք նաև կոչ են անում շրջանում տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերին պաշտպանել միջանցքը՝ համաձյան զինադադարի մասին պայմանագրի դրույթների:
 
«Վերացնելով շրջափակումը, իշխանությունները կազատեն Լեռնային Ղարաբաղի հազարավոր բնակիչներին տառապանքներից և թույլ կտան մարդասիրական օգնության անխոչընդոտ առաքումը քաղաքացիական բնակչությանը», նշում են փորձագետները:
 
«Այս սուր պահին անհրաժեշտ է ապահովել բոլոր անհատների անվտանգությունը, արժանապատվությունը և բարօրությունը», նշում են փորձագետները:
 
«Կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը հավատարիմ լինել իր միջազգային պարտավորություններին՝ հարգել և պաշտպանել մարդու իրավունքները՝ ներառյալ սննդի, առողջության, կրթության և կյանքի իրավունքները: Մենք նաև շեշտում ենք համագործակցության և երկխոսության կարևորությունը բոլոր այն կողմերի միջև, որոնք ներգրավված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և երկարաժամկետ կարգավորման գործընթացում», նշում են փորձագետները:
 
ՄԱԿ-ի Պարենի իրավունքի հարցով հատուկ զեկուցող, Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով հատուկ զեկուցող, Կրթության իրավունքի հարցով հատուկ զեկուցող, Տարեցների կողմից մարդու բոլոր իրավունքներից օգտվելու հարցով անկախ փորձագետ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել