ՌԴ ԱԴԾ-ն հասանելիություն կստանա Yandex տաքսիների պատվերների տվյալներին. վտանգի տակ են նաև հայաստանյան օգտատերերը
20:23 - 09 օգոստոսի, 2023

ՌԴ ԱԴԾ-ն հասանելիություն կստանա Yandex տաքսիների պատվերների տվյալներին. վտանգի տակ են նաև հայաստանյան օգտատերերը

Ռուսական «Մեդուզա» պարբերականը պարզել է, որ հնարավոր է՝ Ռուսաստանի ԱԴԾ-ն սեպտեմբերի 1-ից կարողանա ստանալ Yandex Go տաքսի ծառայության երթևեկության մասին տվայլները ոչ միայն Ռուսաստանից, այլև մի շարք այլ երկրներից, որոնց թվում է նաև Հայաստանը։

Նախորդ տարվա դեկտեմբերի 29-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեց տաքսիների աշխատանքը կարգավորող օրենք։ Ի թիվս այլ կարգավորումների՝ օրենքն առաջարկում է նաև ստեղծել տաքսիների տարածաշրջանային երեք ռեեստր՝ փոխադրողների և տրված թույլտվությունների մասին տեղեկությամբ, տրանսպորտի մասին տվյալներով, մարդատար տաքսի պատվիրելու ծառայությունների մասին տեղեկությամբ: Տվյալները կմիավորվեն դաշնային տեղեկատվական պետական համակարգում: Տաքսի ծառայությունները նաև պետք է գերատեսչության պահանջով ԱԴԾ-ին հասանելիություն տրամադրեն ուղևորությունների մասին տվյալների բազաներին։ Այդ տեղեկություններին շուրջօրյա հասանելիություն ԱԴԾ-ն կստանա սեպտեմբերի 1-ից։

Առաջին հայացքից տպավորություն է ստեղծվում, թե օրենքը գործում է միայն Ռուսաստանի տարածքում և առնչվում է միայն այնտեղ գտնվող օգտատերերին։ Սակայն «Մեդուզան» պարզել է, որ Yandex Go-ի տվյալները պահվում են Ռուսաստանում։ Այսինքն՝ չկա տվյալների ոչ մի տարանջատում կամ բաժանում միջազգայինի և ռուսականի։ Ըստ «Մեդուզայի» աղբյուրների՝ տաքսի ծառայության տվյալներն այժմ պահվում են Մոսկվայի, Ռյազանի, Վլադիմիրի տվյալների կենտրոններում։ 

Այն, որ տվայլները պահվում են Ռուսաստանում, արտահայտված է նաև ընկերության «Գաղտնիության քաղաքականության» մեջ, որը օգտատերերը «ստորագրում են»՝ մինչ հավելվածից օգտվել սկսելը։ 

Yandex-ի՝ տեխնոլոգիաների գծով նախկին տնօրեն Գրիգորի Բակունովի կարծիքով ռուսական հատուկ ծառայությունը Yandex-ի տվյալների հետ կարող է աշխատել երկու եղանակով․ առաջին դեպքում՝ աշխատակիցները հասանելիություն կստանան ծառայության ամբողջ տրաֆիկի պատճենին, երկրորդ դեպքում՝ հասանելիություն կստանան կապի հատուկ ալիքին, որտեղ կբեռնվեն միայն ԱԴԾ-ին հետաքրքրող օգտատերերի ուղևորությունները։ Ըստ նրա՝ երկրորդ տարբերակն ավելի հեշտ կլինի հատուկ ծառայության համար, սակայն այս դեպքում մեծ ռիսկի տակ կլինեն այն ռուսները, որոնք պատերազմի սկսվելուց հետո տեղափոխվել են նախկին ԽՍՀՄ երկրներ։ Բազայում հավաքվում են նաև տվյալներ Հայաստանից, Վրաստանից, Ղազախստանից ու Ղրղզստանից։

 

Իսկ ինչպիսի՞ տվյալների է հասանելիություն ստանալու ԱԴԾ-ն

Տեսականորեն՝ բոլոր այն տեղեկություններին, որոնք հավաքում է տաքսի ծառայությունը։ Դրանք են ավտոմատ կերպով հավաքվող տեխնիկական տվյալները, օրինակ՝ IP հասցե, սարքի իդենտիֆիկատոր, սարքի տեսակ, օգտագործվող օպերացիոն համակարգ, բրաուզերի կամ բջջային հավելվածի մասին տվյալներ: Ինչպես նաև տվյալները, որոնք ընկերությանը տրամադրում են օգտատերերը, ինչպիսիք են՝ անուն, հեռախոսահամար, էլեկտրոնային հասցե, բանկային տվյալներ, օգտատերերի մեկնաբանություններ, և որ ամենակարևորն է, ուղևորությունների հասցեներ։ 

Yandex-ից «Մեդուզային» հայտնել են, որ խոշորագույն ինտերնետային ծառայությունները չեն իրականացնում տվյալների պահպանման ֆիզիկական բաժանում ըստ այն երկրների, որտեղ գործում է ծառայությունը․

«Միևնույն ժամանակ տվյալներին հասանելիություն ստանալու հարցումը իրականացվում է բացառապես աշխարհագրական հիմունքներով՝ տեղական օրենքներում սահմանված ընթացակարգերի համաձայն։ Ուղևորությունների մասին տվյալներ կարող են ստանալ բացառապես այն երկրի իրավապահ մարմինները, որտեղ ուղևորությունը կատարվել է»,- նշել են Yandex-ից՝ վստահեցնելով, որ սեպտեմբերի 1-ից այդ տրամաբանությունը չի փոխվի։ 

Հայաստանի Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունն այս առնչությամբ տարածել է հաղորդագրություն, որում ասված է․ ««Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում սկսել են խնդրո առարկա անձնական տվյալների մշակման իրավաչափության վերաբերյալ համապատասխան ուսումնասիրություն: Ընթացքի մասին կհայտնենք պատասխան ստանալուն պես»։

 

Հնարավո՞ր է ինչ-որ մեխանիզմով իմանալ՝ որ երկրների տվյալներն են տրամադրվում ԱԴԾ-ին

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Արթուր Պապյանի խոսքով եթե անգամ Yandex-ը հրաժարվի ինչ-որ տվյալ տրամադրել՝ պատճառաբանելով, թե դա, օրինակ, Հայաստանի քաղաքացու տվյալ է, Ռուսաստանի իշխանությունները կարող են ֆիզիկապես բռնագրավել սերվերները և տվյալներն օգտագործել ինչպես կամենան։

Պապյանը նաև նշում է, որ իմանալու համար՝ որ երկրների տվյալներն են տրամադրվում ԱԴԾ-ին, պետք է լուրջ հետաքննական աշխատանք․ «Այս պահին ստիպված ենք հավատալ Yandex-ի գործին, սակայն մամուլի լուրջ հետաքննական աշխատանքի դեպքում կարելի է մտածել տարբերակներ՝ ճշմարտությունը բացահայտելու ուղղությամբ, ինչը մասամբ արել է «Մեդուզայի» այս հրապարակումը՝ հղում անելով անանուն մնացող աղբյուրների Yandex-ի ներսում։ Ցավոք, անանուն աղբյուրին հարյուր տոկոս վստահությամբ հավատալ հնարավոր չէ, այնպես որ պիտի սպասենք նոր բացահայտումների»։

Իսկ կա՞ անձնական տվյալները պաշտպանելու ինչ-որ վստահելի տարբերակ այս դեպքում, թե՞ պարզապես պիտի դադարենք օգտվել Yandex-ի ծառայությունից։ Արթուր Պապյանը նշում է, որ նման տարբերակ չկա, սակայն խուճապի մատնվել ևս պետք չէ․ «Պետք է սթափ գնահատել ռիսկերը և ըստ այդմ որոշում կայացնել։ Օրինակ՝ ցանկալի է՝ զինվորականները Yandex տաքսիից չօգտվեն գործի գնալիս, որպեսզի որոշակի զգայուն տվյալներ անզգուշաբար չբացահայտեն։ Իսկ «հասարակ մահկանացուներին», կարծում եմ, ոչինչ չի սպառնում և խնդիր չկա, որ Yandex տաքսիով գնան խանութ կամ դպրոց»,- ասում է Պապյանը։

 

Լյուսի Մանվելյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել