Ստեփանակերտցի Լիանա Ոսկանյանը, որ վեց անչափահաս երեխաների մայր է, ստիպված մի քանի տեղ է աշխատում, որ կարողանա ապահովել երեխաների կարիքները։ Իսկ բլոկադայի պայմաններում դա ծայրահեղ դժվար է։ 38-ամյա Լիանայի երեխաների հայրը Երեւանում է, Արցախը Հայաստանին կապող ճանապարհի փակվելուց ի վեր չի կարողանում գնալ ընտանիքի մոտ․ 15, 11 եւ 9 տարեկան տղաներին, 13 եւ 3 տարեկան աղջիկներին ու վեց ամսական նորածին Ավոյին՝ Ավետիսին, Լիանան խնամում է միայնակ։ Նրա մայրը մահացել է 44-օրյա պատերազմի ժամանակ, իսկ ամուսնու մոր հետ շփում չկա, նրա սրտով չի եղել վեցերորդ երեխայի ծնունդը, բայց Լիանան որոշել է անպայման ունենալ տղային․ «Ես մեր հայրենիքը շատ եմ սիրում, մենք հայրենիքի համար շատ զոհեր ենք տվել, ես ուզում եմ իմ պետությանն օգուտ տալ, ու որոշեցի մի տղա էլ ունենալ»,- ասում է Լիանան։ Երեխաների հայրն ասել է՝ հենց գա Արցախ, ընտանիքին Երեւան է տանելու, բայց Լիանան համաձայն չէ․ «Մենք ստեղից դուրս եկողը չենք»,- ասում է։
Լիանան՝ զավակների հետ
Լիանան, որը դերասանուհի է ու 28 տարի աշխատում է Ստեփանակերտի Վ․ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնում, այսօր օրը մեջ աշխատում է հացի փռում, զբաղվում է դիմահարդարմամբ, որ հասցնի անհրաժեշտ գումարն աշխատել․ հիմա Արցախում ինչ էլ մնացել է, թանկ արժե։
«Հիմա փռում եմ աշխատում, լավաշ եմ թխում օրը մեջ, որ գոնե հացի փող ունենանք։ Մթերային խանութներում ընդհանրապես ոչինչ չկա, երեւի մենակ կոնյակ, օղի ու քացախ են վաճառում, մեկ էլ կրակայրիչներ։ Միրգ բանջարեղեն մեկ-մեկ հանդիպում ա, էն էլ էնքան թանկ ա՝ լինում ա՝ հասցնում եմ գնել, լինում ա՝ չի լինում։ Արդեն երկու օր ա՝ մեր տանը ձեթ էլ չկա, լվացքի փոշի չկա։ Ուտելիքից խոսում ենք, բայց կենցաղը ոչ պակաս կարեւոր ա, որովհետեւ երեխաների մաքրությունը շատ հիվանդություններից ա զերծ պահում, օճառ, ամանի հեղուկ, լվացքի փոշի չկա, զուգարանի թուղթ չկա։ Երեւի ավելի հեշտ ա ասել ինչ ա վաճառվում, քան ասել՝ ինչ չկա»,- ասում է Լիանան։
Հիմա նա հացի փռում աշխատելու շնորհիվ հասցնում է երկու օրվա հաց գնել, բայց, ասում է, շատերը ուղղակի չեն դիմանում հերթերում, վատանում են, ուշաթափվում են, ոմանք խնդրում են իրենց հերթը պահել, մինչեւ գնան, մի կտոր բան ծամեն, գան, որ տեղում չվատանան, ոմանք գումարը թողնում են, որ իրենց բաժին մի կտոր հացը մի կողմ դնեն, մինչեւ գան հետեւից։ Իսկ շուկաներում միրգ-բանջարեղեն գտնելն արդեն անհնար բան է, հազիվ մեկ-երկու կգ լոլիկ, վարունգ կարողանան գտնել, թե չէ։ Մսի կգ-ն անցած տարվա համեմատ կրկնակիից ավելի է թանկացել՝ դառնալով մինչեւ 7000-7500 դրամ։
Արցախում հիմա ընդհանրապես չի գործում հանրային տրասնպորտը, վառելիք չկա։ Լիանան, ինչպես մյուսները, ամեն օր ոտքով է գնում աշխատանքի։ Եթե մեծ մեքենաներ էլ լինում են, մարդիկ վախենում են նստել, որովհետեւ այնքան լիքն են լինում, որ շուռ գալը անհավանական չէ։ Օրվա ընթացքում հովհարային անջատումների ժամին Լիանան շտապում է տուն, որ հասցնի երեխաներին կերակրել, հաց սարքել, լվացք փռել, հետո նորից գնում է աշխատանքի։
Այս ամենի հետ Լիանան հույսը չի կորցնում․ «Մեծ հույս ունեմ, որ Հայաստանում ապրող հայերը ոտքի կկանգնեն, որ միասնական լինենք, սարեր շուռ կտանք։ Վերջին ժամանակներում ատելությունը, պառակտումը շատ-շատ էր, երեւի սա մեծ փորձություն ա, որ մենք ուշքի գանք։ Չեմ ուզում երեխաներս սովամահ լինեն, ցեղասպանվենք էստեղ, ուզում եմ ապրենք Արցախում, մեր հայրենիքը շենացնենք։ Ու թեեւ որոշ հայեր Արցախը համարում են Ադրբեջան, բայց պետք է հիշել, որ Արցախը Մեծ Հայքի նահանգ է եղել․ ինչքան պատմությունը մոռանանք, այնքան կկորցնենք»։
2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ 2023թ․ ապրիլի 23-ին ադրբեջանական կողմը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում էր ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում՝ այդպիսով խորացնելով հումանիտար ճգնաժամը: Հակարիի կամրջի վրա տեղադրվել է ադրբեջանական անցակետ։ Այս տարվա հունիսի 15-ից Ադրբեջանի կողմից արգելվել են բոլոր հումանիտար փոխադրումները Լաչինի միջանցքով․ ԿԽՄԿ-ն դրանից հետո միայն հաշված անգամներ է կարողացել բուժառուների տեղափոխել ՀՀ։
Հուլիսի 29-ին Ադրբեջանը Հակարիի կամրջի մոտ տեղադրած անցակետի մոտից առեւանգել է ԿԽՄԿ միջնորդությամբ բուժման նպատակով ՀՀ տեղափոխվող հիվանդներից 68-ամյա մի քաղաքացու եւ տեղափոխել անհայտ վայր։ Օգոստոսի 1-ին Արցախի Հին Շեն գյուղից ոտքով ՀՀ գնալու փորձ կատարած մեկ այլ քաղաքացու են առեւանգել ադրբեջանցի զինծառայողները, նրա գտնվելու վայրը եւս անհայտ է։
Արցախում գրեթե ամբողջությամբ սպառվել են առաջին անհրաժեշտության մթերքներն ու դեղորայքը։ Մթերքներ ձեռք բերելու համար ամիսներ առաջ նախատեսված կտրոններն այլեւս անպիտան են, քանի որ խանութներում դատարկություն է։ Մարդիկ միայն հաց ստանալու համար են դուրս գալիս։ Արցախում վերջացել է վառելիքը, հանրային տրանսպորտն ընդհանրապես չի գործում, մասնավոր մեքենաները հազվադեպ են տեղաշարժվում։ Պարբերաբար ընդհատվում է գազամատակարարումը, անջատվում է էլեկտրաէներգիան։ Արցախում 120 հազար մարդ, այդ թվում 30 հազար երեխա տոտալ բլոկադայի մեջ է։
Լուսանկարները տրամադրել է Լիանա Ոսկանյանը
Հայարփի Բաղդասարյան
comment.count (0)