«Մենք իրեն ենք ուժ տալիս, ինքը՝ մեզ»․ շրջափակման հետեւանքով մարտակերտցի քույր ու եղբայրները 9 ամիս է՝ բաժանված են
18:25 - 18 օգոստոսի, 2023

«Մենք իրեն ենք ուժ տալիս, ինքը՝ մեզ»․ շրջափակման հետեւանքով մարտակերտցի քույր ու եղբայրները 9 ամիս է՝ բաժանված են

Արցախի շրջափակման օրերն անընդմեջ աճում են, անկարողությունն ու հուսահատությունը՝ դրան զուգահեռ։ Երբ հանկարծ թվում է՝ շարունակելու ուժ այլեւս չունենք, պատահում են մարդիկ, ում պատմությունները հուշում են՝ իրականում հանձնվելու իրավունք չունենք։ Ուժի ու իրավունքի ամենօրյա պայքարի արանքում դարձյալ որոշում ենք պատմել շրջափակման հետեւանքով բաժանված ընտանիքի, նրանց առօրյա ապրումների մասին։ Ես՝ այստեղից՝ Երեւանից, Աստղիկը՝ Արցախից՝ Ստեփանակերտից։

Իսկ պատմությունն այս անգամ Մարտակերտի բնակիչներ Հովհաննիսյանների ընտանիքի մասին է, որը բաժանված է արդեն 9 ամիս․ 19-ամյա Մերին միայնակ Երեւանում է, ծնողները, կրտսեր երկու եղբայրները՝ 17-ամյա Արշակն ու 12-ամյա Արմանը՝ Մարտակերտում։ Մինչ ես հանդիպում եմ Մերիին, Աստղիկն ասում է՝ Ստեփանակերտից Մարտակերտ հասնելու ճոխությունն էլ է արդեն անցյալում․ ինքն Արշակի հետ հեռախոսով պիտի զրուցի։

Բայց հեռախոսի երկու կողմերում տեւական լռություն է, մեր նամակագրությունը եւս ընդհատվում է օրերով, աղմկում է միայն օդում կախված նույն հարցը՝ այսպես մինչեւ ե՞րբ...

Մերին վերջին անգամ նոյեմբեր ամսին է տանը եղել

Մերի Հովհաննիսյանը, որ Արցախի Հանրապետության Մարտակերտ քաղաքից է, արդեն 9 ամիս է՝ չի հանդիպել իր ընտանիքին։ Ընդունվելով Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Մարկետինգի եւ բիզնեսի կազմակերպման ֆակուլտետ՝ 19-ամյա արցախցին 2022 թ․ օգոստոս ամսից տեղափոխվել է Երեւան, դրանից հետո միայն մեկ անգամ է տուն վերադարձել․ «Մի անգամ՝ նոյեմբերին, երբ չէի դիմանում կարոտին, ուրբաթ–շաբաթ–կիրակի օրերին գնացի Արցախ, դա եղել է վերջին անգամը, հետո պիտի գնայի արդեն դեկտեմբերին, բայց այդպես էլ չկարողացա ձմեռային արձակուրդս այնտեղ անցկացնել»,- պատմում է Մերին, որ մինչեւ տարեվերջ էլ հավատում էր՝ տուն կվերադառնա։ 

Մերին՝ Երեւանում

Այդ հավատն էր, որ նրան դրդել էր դասախոսներին խնդրել բոլոր ստուգարքներն ու քննությունները առաջինն իրենից վերցնել, որպեսզի հնարավորինս շուտ ավարտի ու ճանապարհ ընկնի․ «Արդեն չէի կարողանում էստեղ մնալ, բոլորը հանձնեցի, վերջացրի, ու ամեն ինչ պլանավորված էր, պիտի դեկտեմբերի 17-ից գնայի ու մինչեւ հունվարի սկիզբ մնայի Արցախում, բայց դեկտեմբերի 12-ին ճանապարհները փակվեցին, ու 12-ից մինչ 17-ը ես էլի չէի հուսալքվել, այդ ընթացքում էլ դասախոսներին դեռ խնդրում էի, որ շարունակեն ինձնից ստուգարք վերցնել, որ ես շուտ գնամ Արցախ, բայց արդյունքում, բոլորը գնացին իրենց մարզեր, իսկ ես այդպես էլ չգնացի»,– ասում է նա՝ անկեղծանալով՝ ձմռան վերջին հավատը կորցրել էր, բայց ամառային արձակուրդին ընդառաջ՝ դարձյալ հույսի փոքրիկ լույս էր ծագել, դարձյալ՝ ապարդյուն։

Առաջին Ամանորը՝ Տավուշի մարզում եւ առանց ծնողների

Մերին, որ ներգրավված է հասարակական տարբեր ծրագրերում եւ բազում ընկերներ ունի ՀՀ-ում, 2022 թ․-ի տարեվերջին տարբեր մարզերի ընկերներից հրավերներ էր ստանում՝ Ամանորն իրենց տանը նշելու, բայց ասում է՝ մինչեւ դեկտեմբերի 31-ը ոչ մեկին համաձայնություն չէր տալիս՝ հույսով, որ եթե անգամ 31-ին ճանապարհը բացվի, տուն կվերադառնա․  «Բայց դեկտեմբերի 31-ին որ չբացվեց, ընտրեցի Տավուշի մարզի Չինարի սահմանամերձ գյուղը, ընկերներիցս մեկը հրավիրեց, եւ հենց այնտեղ նշեցի Ամանորը։ Ինչո՞ւ Չինարի․ որովհետեւ այն մի քիչ ավելի մոտ էի համարում Արցախին»,- պատմում է նա ու անկեղծանում՝ ընկերոջ ընտանիքն ամեն ինչ արել է, որ ինքն իրեն միայնակ չզգա, բայց երբ կեսգիշերին կապ է հաստատել իր ընտանիքի հետ, հուզվել է, իրեն լիարժեք չի զգացել։


Մերին՝ Չինարիի Խորանաշատ վանքի մոտ

Այսօր էլ, ըստ Մերիի, մենակության այդ զգացողությունն է դժվարություններ ստեղծում, թեեւ շրջափակման ընթացքում սկսել է ավելի ինքնուրույն դառնալ․ «Այս պահին էլ միայնակ եմ ապրում ու չգիտեմ՝ շուտ է սկսվել այդ փուլը թե ոչ, բայց ես արդեն սկսել եմ ինքնուրույն մտածել, ինքնուրույն գործել, ինձ թվում է՝ մի քիչ անկախանում եմ, բայց իրականում չէի ուզի այսքան շուտ անկախանալ ընտանիքից»։

1 Snickers-ը՝ 4 հոգու համար

Մերին ասում է՝ ընտանիքի եւ ընկերների հետ կապ է հաստատում օրական 1-2 անգամ, առաջ ավելի հաճախ էին խոսում, բայց հիմա անջատումների պատճառով չեն կարողանում․ «Առաջին հարցը, որ մերոնց հետ կապվելիս տալիս եմ՝ այսօր ի՞նչ եք կերել․․․ Իրականում ես ինչ իմանամում եմ Արցախի, դժվարությունների մասին, իմանում եմ ավելի շատ ֆեյսբուքյան խմբերից եւ ընկերներիցս, քանի որ ընտանիքս, չգիտեմ՝ ստում է թե չէ, բայց ասում է՝ իրենց մոտ ամեն ինչ լավ է, իրենք ամեն ինչ ունեն․․․ Բայց մի անգամ մերոնց հետ էի խոսում, փոքր եղբայրս մի Snickers էր գտել, ուրախացած ասում էր՝ Մերի՜, նայի՜ր, էսօր Snickers ենք ուտելու․․․ Բերեց, 4 մասի բաժանեց էդ փոքր Snickers-ը, որ բոլորով ուտեն․․․ Շատ դժվար է նայել, թե ոնց են էնտեղ սնվում կամ ինչ–որ բանով զբաղվում ու ոնց՝ էստեղ»։

Ընտանեկան լուսանկար

Փոխադարձ կարոտը խեղդում է նաեւ ընտանիքին․ միջնեկ եղբայրը՝ Արշակը, այս ընթացքում օնլայն շփման միջոցով է փորձում դա մեղմել․ «Գրվում ենք հիմնականում, մենք իրեն ենք ուժ տալիս, ինքը՝ մեզ, բայց էնպես չէ, որ զանգեմ, մի կես ժամ խոսենք, էդպես շատ է հուզիչ, խուսափում եմ։ Դե, բայց մերոնք որ զանգում են, կողքից միանում, խոսում եմ»,- ասում է նա ու նշում՝ ընտանիքի անդամներից կարոտն ամենադժվարը իրենց փոքր եղբայրը՝ Արմանն է հաղթահարում․ «Արմանը երազում է՝ ճանապարհը բացվի, գնա Մերիի մոտ։ Շատ է կարոտում։ Դե, բոլորս ենք կարոտում, ուղղակի ինքը մի քիչ ավելի էդպիսինն է․․․ Հեքիաթային»,– ասում է Արշակը։

Վերջինս ընկերների հետ ժամանակ անցկացնելուց բացի զբաղվում է փոքր պարտեզով, որ շրջափակման ընթացքում են սկսել մշակել․ «Առանձնապես սեր չենք ունեցել հողագործության նկատմամբ, բլոկադայի սկզբում էլ չէինք մշակում, բայց հետո տեսանք, թե բանջարեղենի գները ինչքան բարձր են, ասացինք՝ մենք էլ մշակենք, ինչո՞վ ենք պակաս որ»,- ասում է նա։ 

ՀԱՊՀ-ի ապագա ուսանողը չգիտի՝ ինչպես է իրացնելու կրթության իր իրավունքը

Արշակն այս տարի է ավարտել դպրոցը, անվճար ընդունվել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, որտեղ պետք է արհեստական բանականությամբ համակարգեր կրթական ծրագիրն անցնի, սակայն ոչ ոք հստակ պատասխան չունի, թե Արցախի շրջափակման պայմաններում նա ինչպես է Երեւան հասնելու եւ իրացնելու կրթության իր իրավունքը։ «Ամռան սկզբում ասել էին, որ իբր մոտ 300 ուսանողի ուղարկելու են Երեւան, հետո մի պահ ասացին՝ օնլայն են լինելու մեր դասերը, մոտ մեկ շաբաթ առաջ էլ նորից զանգեցին, անձնագիր ուզեցին ԿԳՄՍՆ-ից, բայց իրենք էլ չգիտեն՝ ոնց են ուղարկելու, ու ոչ մի երաշխիք չեն տալիս։ Հարցնում եմ՝ ինչքանո՞վ է հավանական, որ կստացվի գնալը, ասում են՝ մեզ էդպիսի հարցեր մի տվեք»,- պատմում է Արշակը։


Արշակն ու Արմանը՝ Արշակի վերջին զանգին, հեռախոսի էկրանին՝ Մերիի լուսանկարը

Նա ի սկզբանե անհամբեր էր, թե երբ պիտի տեղափոխվի Երեւան, նոր կյանք սկսի որպես ուսանող, սակայն հիմա երկմտում է՝ ուզու՞մ է առհասարակ գնալ, թե՞ ոչ․ «Բանակի հարց կա, ախր, եթե գնամ, հետո հետ չբերեն, որ ծառայեմ, «աբիդնի» կլինի։ Հունվարին պիտի գնամ բանակ։ Եսիմ, շատ եմ ուզում նորմալ կրթություն ստանալ, բայց համ էլ ուզում եմ վստահ լինել, որ կարողանալու եմ հետ գալ, պարտքս տալ հայրենիքին»,- անկեղծանում է տղան։

Մարտակերտը՝ կրկնակի շրջափակման մեջ

Արցախում հանրային տրանսպորտի աշխատանքի ամբողջական դադարեցումից հետո Մարտակերտ քաղաքը, որ ամենահեռու շրջկենտրոնն է Ստեփանակերտից, օրեր շարունակ կրկնակի շրջափակման մեջ էր, մայրաքաղաքից լրիվությամբ կտրված։ Արշակի խոսքով՝ պետական մի տրանսպորտ կար, որ երբեմն միայն հիվանդներին էր տեղափոխում, բայց դրա վառելիքն էլ սպառվել է, այլեւս չի գործում։ Փոխարենը վերջերս մասնավոր մի տրանսպորտ է սկսել աշխատել, շաբաթական 1-2 անգամ քիչ քանակությամբ մարդկանց է կարողանում տեղափոխել։ Գինն էլ՝ կրկնակի․ «Ես էլ էի զանգել, որ Արմանի հետ գնամ քաղաք, տեսնենք՝ սեպտեմբերի մեկի համար ինչ հագուստ կկարողանայինք գտնել, որ եղբայրս դպրոց գնա, բայց վարորդն ասաց, որ տեղերը սպառված են, նույնիսկ երկուսիս չի կարող վերցնել»,- նշում է նա։

Դատարկ հանրախանութ Ստեփանակերտում

Արշակը, սակայն, առանձնապես ծանր չի տանում տրանսպորտի բացակայությունը եւ Ստեփանակերտ հասնել չկարողանալը․ «Տարբերություն չկա, կամ Ստեփանակերտ կամ Մարտակերտ, մեկ է՝ ոչ մի տեղ էլ ոչ մի բան չկա, էնպես չէ, որ Ստեփանակերտում ինչ-որ առանձնահատուկ բան կա։ Բայց դե, գոնե կկարողանայինք շոր գտնել, գնել։ Մարտակերտում ընդհանրապես անհնար է գտնելը»։

Շրջափակման ընթացքում՝ դասընթացներ երեխաների համար

Արշակն ու Մերին, որ, ըստ Աստղիկի, Մարտակերտ քաղաքում եւ առհասարակ Արցախում ամենաակտիվ եւ ստեղծարար պատանիներից են, իրենց մի քանի ընկերների հետ շրջափակումից առաջ մի ծրագիր էին սկսել՝ անունը Bitty, նպատակը՝ բազմաֆունկցիոնալ co-working space-ի ստեղծումը։ Դրամաշնորհ էին հաղթել, տարածք ստացել եւ համոզված էին, որ կարողանալու են նոր շունչ ու կենդանություն պարգեւել քաղաքին։ Այսօր, սակայն, բոլոր աշխատանքները դադարեցված են, եւ պատճառը կրկին շրջափակումն է։ Շինանյութ չկա, եղածն էլ պետք է առավել ռացիոնալ օգտագործել։ Մերիի բացակայության պայմաններում Արշակն ասում է՝ էլ ոչնչի հավես չունի․ «Անիմաստ ապրում ենք»,- հեգնական ծիծաղով նշում է նա եւ ավելացնում, որ ծրագրավորման դասընթացի էր գրանցվել, բայց անգամ դրան չի մասնակցում։


Bitty-ի թիմը շրջափակման ընթացքում՝ ձեռքին Մերիի լուսանկարը

Մերին էլ մանրամասնում է՝ քանի որ ծրագիրը նաեւ համայնքային զարգացման բաղադրիչ ունի, շրջափակման ընթացքում սկսել են երեխաների համար դասընթացներ ու ժամանցային միջոցառումներ կազմակերպել, Մոխրաթաղի պատանիներին սովորեցրել են՝ ինչպես կայք պատրաստել․ «Այդ աշխատանքային պրոցեսին ես մասնակցում էի այստեղից, ի դեպ, դա էլ էր մեծ դժվարություն, որովհետեւ էրեխեքը էնտեղ հավաքվում էին, իսկ ես էստեղից զանգով էի միանում իրենց, բայց էլի հաղթահարում էինք»,- ասում է Մերին ու անկեղծանում՝ Արցախ գնալուն պես ուզում է այդ բոլոր միջոցառումները նորից կազմակերպել եւ անձամբ ներկա գտնվել։

Մերին՝ Երեւանում

Արցախում ծրագրեր իրականացնելուց բացի Մերին այժմ ՀՀ մարզերի համայնքներում է ծրագրերի մասնակցում, կամավորում է տարբեր կազմակերպություններում ու նախաձեռնություններում, ինչպիսիք են, օրինակ, «Մարզերի երեխաները մարզերում» ՀԿ–ն, «Impact Hub»-ը, «Հայաքվե»-ն․ «Ինձ միշտ հարցնում են՝ ո՞նց ես հասցնում այդքան ծրագրի մասնակցել, պատճառներից մեկն այն է, որ ես փորձում եմ ինձ ցրել ամառային արձակուրդին, որովհետեւ ես հիմա պիտի Արցախում լինեի, եթե մնամ տանը, անընդհատ դա եմ հիշելու, եւ բացի այդ, ես այն ծրագրերին եմ մասնակցում, որոնք սոցիալական ազդեցություն են ունենում տարբեր համայնքներում, եւ այդ ուժը երեւի նրանից է, որ ես ուզում եմ ապրել այն Հայաստանում՝ Արցախն էլ հետը, որտեղ մեր երիտասարդները ավելի կրթված կլինեն եւ ավելի հայրենատեր»։

Ապագան՝ անորոշ, բայց Արցախում

Մերին, ինչպես ընտանիքից կտրված շատերը, ասում է՝ հեռավորությունը օգնել է վերաարժեւորել այն պահերը, որ անցկացրել են միասին․ «Եթե հետ դառնամ, այն պահերը, որոնք անցկացնելու եմ ընտանիքիս, Արցախում գտնվող ընկերներիս հետ, ուրիշ ձեւով եմ վայելելու, որովհետեւ դա մի ուրիշ զգացում է, ու ես հիմա սկսել եմ վերաարժեւորել հենց այդ ժամանակը, որ անցկացնում եմ իրենց հետ, բայց առաջ այնքան էլ չէի արժեւորում»։

Անկախ ամեն ինչից՝ Մերին իր ապագան Արցախում է տեսնում․ «Հիմա կարոտին դիմակայելու համար փրկում է հույսը, այն հույսը, որ մի օր վերջապես վերադառնալու եմ տուն, ապրելու եմ նպատակներով, որ ունեմ Արցախի հետ կապված, որովհետեւ իմ բոլոր նպատակները, երազանքները այս պահին Արցախի հետ են կապված, Արցախի մարդկանց, Մարտակերտի ու այնտեղի։ Ես այս պահին երազում եմ ապրել Արցախում, մնալ արցախցի ու իրականացնել այդ բոլոր նպատակները»։

Մերին՝ Արցախի ապաշրջափակման պահանջով ցույցերի ժամանակ

Արշակն էլ նշում է՝ Արցախի շրջափակման այս օրերին ամենաշատը ճնշում է ոչ թե ուտելիքի կամ տրանսպորտի բացակայությունը, այլ որ Արցախը կտրված է Հայաստանից, եւ չկա աննշան հստակություն ու վստահություն վաղվա օրվա հանդեպ։ «Ուզում ենք ապագայի պլաններ կազմել, բայց մաքսիմում մինչեւ այսօր գիշերվա անելիքները կարող ենք պլանավորել։ Ամենաշատը դա է ճնշում, որ զուտ ամեն օրով ենք ապրում։ Էն ժամանակ մի հազար տարվա պլաններ ունեինք, հիմա դարձել է հազիվ մեկ-երկու օրվա»,- նշում է նա։ 17-ամյա պատանին դժվարանում է դրական կամ ուժ տվող որեւէ բան մատնանշել, հետո կատակում է․ «Հա, մեկ էլ «Naruto»-ն եմ սկսել նայել, մի քանի հարյուր սերիա նայել եմ արդեն, օգնում է ժամանակն անցկացնել»:

Կիլոմետրերով իրարից հեռու, իրարից անկախ՝ քույր ու եղբայր նույնն են ասում՝ իրենց միայն հույսն է մնացել, եւ ուրիշ ոչինչ։

 

Գլխավոր լուսանկարում՝ ձախից՝ Արմանը, Մերին, Արշակը

Միլենա Խաչիկյան, Երեւան

Աստղիկ Քեշիշյան, Ստեփանակերտ

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել