Օգոստոսի 20-ին Երևանի իր բնակարանում սպանել են տրանսգենդեր կնոջը։ Սպանությունից հետո բնակարանը այրել են։
«Մի շաբաթ առաջ նա ասել էր ընկերներին, որ իրեն հետապնդում են։ Ինձ իր ընկերներն են զանգել ժամը 16։30-ի սահմաններում ու ասել, որ մահացել է»,- Epress.am-ի հետ զրույցում պատմել է իրավապաշտպան Լիլիթ Մարտիրոսյանը։
Նա հիշեցրել է, որ նմանատիպ դեպք եղել էր մի քանի տարի առաջ, երբ տրանս կնոջը փորձել էին այրել իր բնակարանում․ «Բարեբախտաբար կինը չէր մահացել, հասցրել էր սողալով դուրս գալ տնից»։
Այդ գործը արդեն Եվրոպական դատարանում է։
Արդեն այսօր ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել դեպքի վերաբերյալ։
«Օգոստոսի 20-ին՝ ժամը 17.04-ին, 911 ծառայությունից ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Կողբացու փողոցի շենքերից մեկի մի բնակարանում հրդեհ է:
Նշված հասցե մեկնած ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները հրդեհաշիջման աշխատանքներ կատարելուց հետո հայտնաբերել են դիակ:
Նշված հասցե օպերատիվ-քննչական խումբ է մեկնել:
Դիակի վրա կտրած-ծակած վնասվածքներ են հայտնաբերվել:Ձեռնարկված միջոցների շնորհիվ պարզվել է դիակի ինքնությունը՝ Արմավիրի մարզի 28-ամյա բնակիչ:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ, Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները և համագործակցելով Վաղարշապատի և Աշոցքի բաժինների ծառայողների հետ, պարզել են հանցագործության մեջ կասկածվողի ինքնությունը:
Ըստ նախնական տվյալների՝ 26-ամյա երիտասարդը սուր ծակող-կտրող գործիքով բազմաթիվ հարվածներ է հասցրել 28-ամյա քաղաքացուն՝ պատճառելով մահ, այնուհետև հետքերը թաքցնելու նպատակով հրդեհել է բնակարանը:
Օգոստոսի 21-ին՝ ժամը 02.40-ին, կասկածյալը Բավրայի սահմանային անցակետում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին: Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին»,- նշված է հաղորդագրության մեջ։
comment.count (0)