ՀՀ կառավարությունն օրենքի խախտումով տեղեկություն չի տրամադրում այն մասին, թե ինչ քայլեր է ձեռնարկել եւ ձեռնարկում՝ Արցախում ժամանակավորապես բնակվող ՀՀ գրանցում ունեցող ՀՀ քաղաքացիներին Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու ուղղությամբ։
Այս տարվա հուլիսի 20-ին՝ Արցախի շրջափակման 223-րդ օրը, infocom.am-ը գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ կառավարությանը՝ հետաքրքրվելով, թե ինչ միջոցներով է ՀՀ կառավարությունը փորձում լուծել Արցախում ժամանակավորապես բնակվող ՀՀ գրանցում ունեցող ՀՀ քաղաքացիներին Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու հարցը եւ միջազգային որ գործընկերների հետ համագործակցությամբ կամ աջակցությամբ։
Հուլիսի 26-ին՝ Նիկոլ Փաշինյանի հրավիրած մամուլի ասուլիսի հաջորդ օրը, ՀՀ կառավարությունից պատասխանել են, թե Փաշինյանն այդ ասուլիսին անդրադարձել է մեր հարցադրումներին։
Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքով սահմանված է, որ եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը հրապարակված չէ, ապա դրա պատճենը դիմողին է տրվում հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, իսկ եթե տեղեկությունը հրապարակված է, ապա տվյալ հրապարակման միջոցի, վայրի և ժամկետի մասին տեղեկությունը դիմողին է տրվում հարցումն ստանալուց հետո՝ դարձյալ 5-օրյա ժամկետում։ Այսուհանդերձ ինքներս եւս մեկ անգամ ամբողջությամբ լսեցինք այդ ասուլիսին հնչած հարցերն ու դրանց պատասխանները, եւ դրանցում չգտանք մեր հարցադրման վերաբերյալ որեւէ պատասխան։
Օրեր անց՝ հուլիսի 31-ին, ՀՀ կառավարությանը գրավոր տեղեկացրինք, որ ասուլիսում հարցմամբ հայցված տեղեկությունները չեն հնչել, ուստի կրկին ուղարկում ենք հարցումը՝ նույն թվագրությամբ՝ խնդրելով պատասխան հնարավորինս սեղմ ժամկետներում։ Նշել էինք նաեւ, որ եթե նշված հարցերի պատասխաններն, ըստ կառավարության աշխատակազմի, հնչել են ասուլիսի ժամանակ, ապա խնդրում ենք նշել այդ հատվածի ժամը, րոպեն եւ վայրկյանը։
Պատասխան չստանալով՝ երկու շաբաթվա մեջ երկու տարբեր օրերի կապ ենք հաստատել կառավարության աշխատակզմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակիցների հետ՝ խնդրելով պատասխանել, թե ինչու չի տրամադրվում հարցման պատասխանը։ Մեզ հաղորդվել է, որ արձակուրդային շրջան է, եւ որոշ ժամանակ սպասենք։ Օգոստոսի 14-ին մեզ հետ կապ է հաստատել վարչության աշխատակիցներից մեկը՝ հարցնելով՝ մի՞թե չենք ստացել այդ հարցմանը 30-օրյա ժամկետում պատասխանելու վերաբերյալ կառավարության գրությունը։ Տեղեկացրել ենք, որ չենք ստացել եւ խնդրել, որ եթե այդպիսի գրություն եղել է ու մեզ չհասնելը պարզապես տեխնիկական խնդիր է, եւս մեկ անգամ ուղարկեն՝ այն նույն թվագրությամբ, որով ուղարկվել է ի սկզբանե եւ նույն ֆայլով։ Կառավարության աշխատակիցը նույն օրը՝ օգոստոսի 14-ին՝ մեր առաջին հարցումն ուղարկելուց 24 օր եւ երկրորդ գրությունն ուղարկելուց 14 օր անց, ուղարկել է word ֆայլ՝ թվագրված հուլիսի 27-ով, որում նշված էր, որ անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, եւ հարցերի պատասխանները կտրամադրվեն 30-օրյա ժամկետում:
Չնայած նրան, որ վարչության աշխատակիցը վստահեցրել էր, որ կուղարկի այն ֆայլը, որն ի սկզբանե ուղարկվել է եւ, ըստ նրա, հավանաբար տեխնիկական պատճառով մեզ չի հասել, մենք փաստացի ստացել ենք նոր կազմված գրություն։ Այդ մասին է վկայում այն, որ մեզ ուղարկված գրությունը հուլիսի 27-ի թվագրմամբ է, այն պարագայում, որ դա պատասխան է մեր այն գրությանը, որը մենք կառավարություն ենք ուղարկել հուլիսի 31-ին։
Կառավարության աշխատակցից զանգով հետաքրքրվել ենք՝ արդյո՞ք այս գրությունը նոր է կազմվել։ Նա չի հերքել այդ հանգամանքը՝ պատճառաբանելով, որ չի գտել նախկինում ուղարկած ֆայլը։
Այս խոսակցությունից քիչ անց մեզ է զանգահարել համապատասխան վարչության պետը՝ Արմեն Խաչատրյանը՝ հետաքրքրվելով, թե ինչ խնդիր կա, եթե 30-օրյա ժամկետի մասին ծանուցումն, այնուամենայնիվ, ուղարկվել է։ Երբ նշել ենք, որ դա նոր կազմված փաստաթուղթ է՝ փաստացի կեղծ, որովհետեւ անտրամաբանական ամսաթիվ է նշված դրանում, Խաչատրյանը պնդել է, որ ոչ մի խնդիր էլ չկա՝ 30-օրյա ժամկետ է պահանջվել, պատասխանն այդ ժամկետում կտրամադրվի։ Վարչության պետից պահանջել ենք ուղարկել ի սկզբանե մեզ ուղարկած գրությունը, ինչին նա, ըստ էության, չի համաձայնել՝ նշելով միայն, որ հարցի պատասխանը կստանանք օրենքով նախատեսված ժամկետում՝ 30 օրում։
Երբ տեղեկացրել ենք, որ այս ամենի մասին նշելու ենք հրապարկման մեջ, վարչության պետն ասել է, որ եթե այդպես է, ուրեմն կուղարկվի միայն պատասխանը, իսկ 30-օրյա ժամկետի անհրաժեշտության մասին նախկինում ուղարկված, բայց մեզ չհասած ֆայլը, չի ուղարկվի։ Որոշ ժամանակ անց հեռախոսազրույցի ընթացքում նա նաեւ մեկնաբանել է, թե հուլիսի 27-ի նշումով է ուղարկվել 30-օրյա ժամկետի անհրաժեշտության մասին գրությունը, քանի որ հաշվարկել են առաջին հարցման օրվանից՝ հուլիսի 20-ից։ Բայց դա եւս անտրամաբանական է, քանի որ կառավարությունն արդեն իսկ արձագանքել էր այդ հարցմանը՝ պնդելով, թե ասուլիսում պատասխան հնչել է։
Այնուամենայնիվ, եթե նույնիսկ 30-օրը հաշվենք հուլիսի 20-ից՝ մեր առաջին հարցման օրվանից, ապա անցել է նաեւ օրենքով նախատեսված 30-օրը, իսկ պատասխան այդպես էլ չենք ստացել։
Այսպիսով, կառավարությունը օրենքի խախտմամբ չի տրամադրել մեր հայցած տեղեկությունը, մեկնաբանել է, թե հավելյալ աշխատանք կատարելու համար 30-օր ուզելու մասին գրություն է ուղարկել, որը չենք ստացել, հետո ուղարկել է նոր պատրաստած ֆայլ՝ սխալ ամսաթվով, եւ նույնիսկ բանավոր վստահեցումից հետո, որ պատասխանը կտրվի, այն այդպես էլ չի տրամադրվել մեզ։
comment.count (0)