Վիտալի Բալասանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված գրավը՝ 10 մլն դրամի չափով. Վճռաբեկ բողոք է ներկայացվել
 |pastinfo.am|
16:50 - 23 օգոստոսի, 2023

Վիտալի Բալասանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված գրավը՝ 10 մլն դրամի չափով. Վճռաբեկ բողոք է ներկայացվել |pastinfo.am|

pastinfo.am: Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել գրավը՝ 10 մլն դրամի չափով։ Արցախի Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազության բողոքը՝ բեկանելով Բալասանյանի կալանավորման միջնորդությունը մերժելու մասին Արցախի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը և Բալասանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել գրավը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Վիտալի Բալասանյանի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը՝ նշելով, որ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք են ներկայացրել Գերագույն դատարան, սակայն առ այս պահը տեղեկություն չկա՝ բողոքը վարույթ ընդունելու կամ վարույթի ընդունումը մերժելու մասին։

Փաստաբանի փոխանցմամբ՝ այս ընթացքում Վիտալի Բալասանյանի մասնակցությամբ որևէ գործողություն չի իրականացվել, ավելին՝ տեղեկություն չունեն նաեւ նախաքննության ընթացքի մասին։ Ինչ վերաբերում է Բալասանյանի ազգականներին, որոնք ձերբակալվել էին, ապա նրանք այժմ գտնվում են ազատության մեջ, նրանց նկատմամբ հետապնդում չի իրականացվում։

Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին ԱԱԾ-ն իր իսկ տանից ձերբակալել էր Վիտալի Բալասանյանին, նրա որդուն, եղբորը, քեռորդուն։ Բալասանյանի ձերբակալության վերաբերյալ մամուլում ոչ պաշտոնական և խիստ հակասական լուրեր շրջանառվեցին, որոշ ԶԼՄ-ներ Բալասանյանի ձերբակալությունը փորձեցին կապել ենթադրյալ կոռուպցիոն բնույթի գործի հետ՝ նշելով, թե Բալասանյանն իբրև մեղադրվում է փողերի լվացման մեջ, մինչդեռ, ինչպես պարզվեց՝ Վիտալի Բալասանյանի ձերբակալությունը որևէ առնչություն չունի պաշտոնեաան պարտականությունների կատարման հետ։ Քրեական գործը, որի շրջանակներում խուզարկություն էր իրականացվել, վերաբերում է Բալասանյանի որդու կողմից վարկն իբրև ոչ նպատակային օգտագործելու հետ։ Մասնավորապես, Արցախի դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 14.06.2021թ. որոշմամբ Ասկերան քաղաքի բնակիչ Ա. Բ.-ին նպատակային փոխառության պայմանագրով տրամադրվել է 74.500.000 ՀՀ դրամ փոխառություն՝ մեղվաընտանիքներ ձեռք բերելու նպատակով, սակայն փոխառու Արթուր Բալասանյանի կողմից նպատակային փոխառության պայմանագրով տրամադրված գումարը օգտագործվել է ոչ նպատակային, դրանք չեն ուղղվել պայմանագրի պարտադիր պայման հանդիսացող մեղվաընտանիքների ձեռք բերմանը, ինչի հետևանքով, իբր, պետությանը պատճառվել է խոշոր վնաս:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել