RElection [#34] Վերահսկիչ-վերաստուգիչ ծառայությունը չունի բավարար ռեսուրսներ՝ ստուգելու կուսակցությունների ֆինանսավորման համապատասխանությունը իրականությանը. Հերիքնազ Տիգրանյան
17:03 - 26 նոյեմբերի, 2019

RElection [#34] Վերահսկիչ-վերաստուգիչ ծառայությունը չունի բավարար ռեսուրսներ՝ ստուգելու կուսակցությունների ֆինանսավորման համապատասխանությունը իրականությանը. Հերիքնազ Տիգրանյան

RElection նախագծի շրջանակներում կուսակցությունների ֆինանսավորման թափանցելիության և վերահսկողության ամրապնդման թեմայով զրուցել ենք ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանի հետ:

- Տիկի՛ն Տիգրանյան, մեկ ամիս առաջ Ազգային ժողովի լսումների ընթացքում խոսեցիք վերահսկիչ-վերստուգիչ ծառայության գործառույթը հակակոռուպցիոն հանձնաժողովին փոխանցելու և վերահսկիչ-վերստուգիչ ծառայության կողմից ոչ պատշաճ իրականացված գործունեության մասին: Կխնդրեի կրկին խոսել այդ խնդիրների մասին. ինչպե՞ս եք պատկերացնում այդ գործընթացը:

 

- Շնորհակալություն հնարավորության համար, որ ևս մեկ անգամ մեկնաբանվի, թե ինչ քննարկումներ են ընթանում Ազգային ժողովում, և ինչու ենք այդպես կարևորում ընտրական օրենսդրության բարեփոխման ֆոնին նաև «Կուսակցությունների մասին» օրենքի վերանայումը, որովհետև նախորդ բոլոր ընտրությունները ցույց են տվել, որ կուսակցական համակարգի կայացման գործում շատ կարոր է նրա ֆինանսական կայունությունը, և, հետևաբար, նաև վերահսկելի ու թափանցիկ պետք է լինեն կուսակցությունների ֆինանսավորման աղբյուրները:

Այն գործիքակազմը, որը կա Ընտրական օրենսգրքում և «Կուսակցությունների մասին» օրենքում, որոշ դեպքերում ամբողջությամբ չի բացահայտում, թե այդ կուսակցությունը ինչ ֆինանսավորման աղբյուրներ ունի, որքանով են օրինական նրա ֆինանսավորման աղբյուրները, և այդ ֆինանսավորումը և կուսակցության գործունեությունը արդյ՞ոք այս կամ այն ազդեցությունից զերծ չեն: Բնականաբար, այստեղ առաջին հերթին պիտի հասկանանք՝ ովքեր ինչ շահեր են հետապնդում կուսակցությունների ֆինանսավորման մեջ: Տարբեր մեխանիզմներ կային, և այդ խորհրդարանական լսումների ժամանակ էլ տարբեր առաջարկներ եղան, ասենք, ֆիզիկական անձանց վճարումների շեմը բարձրացնել կամ հակառակը՝ շեմը իջեցնել, եկամտային հարկի վերադարձի ինստիտուտը կիրառել կամ պետական աջակցության բաշխման մեխանիզմը փոխել՝ ավելի շատ ձայներ հավաքածին ավելի քիչ ֆինանսական աջակցություն ցուցաբերել, քան ավելի քիչ ձայներ հավաքածին, որ կուսակցությունը կարողանա կայանալ:

Բայց այս ամենի մեջ կարևոր է նաև, թե իրենց հայտարարագրերում և հաշվետվություններում կուսակցությունները որքան թափանցիկ են գործում և արդյո՞ք արդարացի ներկայացնում են իրենց գույքի և եկամուտների վերաբերյալ հայտարարագրերը: Օրենսդրական կարգավորումների շրջանակում ընտրություններին մասնակցող կուսակցությունները կամ քաղաքական դաշինքը՝ դրա մեջ մտնող կուսակցություններով, Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում իրենց գույքի և եկամուտների վերաբերյալ տեղեկություն, հայտարարագիր, ինչպես նաև պարտավոր են բացել նախընտրական հիմնադրամներ և հաշվետվություն ներկայացնել՝ նախընտրական քարոզչության ընթացքում այդ հիմնադրամից կատարված ծախսերի վերաբերյալ: Բացի նրանից, որ կա ընտրական օրենսդրական խնդիր, թե որ ծախսերն են հայտատարագրվում, իսկ մենք կարծում ենք, որ բոլոր ծախսերը չէ, որ հայտարարագրվում են, ինչը օրենքի բաց է. նաև չեն հայտարարագրվում ամբողջ նախընտրական քարոզչության հետ կապված ֆինանսական հոսքերը, և նաև այն կառույցը, որը պետք է վերահսկողություն իրականացնի՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմում գործող Վերահսկիչ-վերաստուգիչ ծառայությունը, չունի բավարար ո՛չ մարդակյին, ո՛չ նյութական ռեսուրսներ՝ ստուգելու դրանց համապատասխանությունը իրականությանը:

Մենք երբևէ չենք տեսել, երբ կբացահայտվեն թեկուզ թվացյալ, կասկածելի փաստեր նրանց հայտարարագրերի իրականության հետ անհամապատսխանության մասին: Մենք առաջարկում ենք տարբեր լուծումներ: Եթե հիշում եք, նախորդ տարի կար վարչապետին կից Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողով, որը մշակեց նաև Ընտրական օերնսգրքի փոփոխությունների հայեցակարգը: ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի հանձնարարականում միշտ նշվում էր, որ ՎՎԾ-ն պետք է լինի առանձին մարմին: Ի՞նչ արեցին Ընտրական օրենսգրքում. ուղղակի գրեցին՝ Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունն անկախ է, բայց ումի՞ց է անկախ: Եթե նա գործում է ԿԸՀ-ի կազում, եթե նրան նշանակում է հենց ԿԸՀ-ն, նրա անկախությունը ոչ միայն փաստացի, այլ նաև իրավաբանորեն ապահովված չէ: Փաստացի, ոչ միայն անկախ չէ, այլև ի վիճակի չէ իր գործառույթն իրականացնել:

Կային տարբեր առաջարկներ, օրինակ, որ այդ գործատռույթն իրականցնի Հաշվեքննիչ պալատը կամ այլ կառույց, բայց օրենսդրական փոփոխությունների համատեքստում շատ ավելի նպատակահարմար է, որ ՎՎԾ-ն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմից ընդհանրապես վերանա, լուծարվի այս կառույցը, և կուսակցությունների և՛ ընթացիկ, և՛ ընտրությունների հետ կապված նրանց հիմնադրամների ֆինանսական վերահսկողությունը վերապահվի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին: Այս կառույցը արդեն իսկ մասնագիտական կառույց է հայտարարագրերի ուսումնասիրման և հրապարակման հարցում, այստեղ սուբյեկտային կազմի փոփոխություն է առաջանալու. հայտարարատու սուբյեկտ կդառնան նաև կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները:

Կարծում եմ, որ այս կառույցը ունի և՛ բավարար մարդկային ռեսուրսներ, և ՛ հմտություններ այդ գործառույթն իրականացնելու: Այս պահին, քանի դեռ չենք հասել նախագծի վերջնական տարբերակին, չեմ կարող ասել, որ այս առաջարկն արդեն նախագծի տեսք ունի, բայց այն նաև մեր քննարկումների արդյունքում է ծնվել, և կարծում եմ, որ շատ ողջամիտ կլինի, և մենք նաև կապահովենք ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի պահանջը, որը ընտրությունից ընտրություն պետությանը տալիս է խորհրդատվություն, որ այս կառույցի անկախությունը և նրա ունակությունները ինքը դնում է կասկածի տակ, և այդ կասկածը գալիս է նաև տեղական ՀԿ-ների զեկույցներից և հաշվետվություններից:

- Երբ խոսեցիք ֆինանսավորման թափանցելիության պահանջների վերաբերյալ, փոքր կուսակցությունները բարձրացրին այն խնդիրը, որ իրենք ի վիճակի չեն լինելու այդ հաշվապահական գործունեությունները իրականացնել, և հնարավոր է, որ այդ պահանջների պատճառով փոքր կուսակցությունները փակվեն: Դուք նման ռիսկեր տեսնո՞ւմ եք:

- Անկեղծ ասած, ես այդ ռիսկերը չեմ տեսնում և նաև ցանկացած պատճառաբանությամբ արդարացված չեմ համարում այդ հաշվետվությունները չներկայացնելը: Կուսկացությունը գրանցվում է պետական մարմնում և գրանցման պահից դառնում է իրավաբանական անձ, բոլոր իրավունքներով ու պարտականություններով այնպես, ինչպես հիմնադրամները, հասարակակական կազմակերպությունները, և եթե այն ստացել է պետական գրանցում, այդ փաստի ուժով ինքն արդեն իսկ հաշվետու է: Միավորման մեկ տեսակի հանդեպ չպետք է հաշվետվողականության պահանջը համարենք թույլատրելի, մյուսի հանդեպ՝ անթույլատրելի: Եթե մյուս միավորումները ներկայացնում են այդ հաշվետվությունը, ապա ինչո՞ւ պիտի կուսակցությունների համար լինի այդ վերապահումը: Ասեմ ավելին, այնպես չէ, որ մենք նոր բան ենք առաջադրում, հիմա էլ նրանք ունեն ամենամյա հաշվետվություններ ներկայացնելու պարտավորությունը ՝ իրենց ֆինանսական հոսքերի վերաբերյալ: Եթե կուսակցություն է, բնականաբար, իր նպատակը քաղաքական իշխանությանը հասնելն է ընտրությունների մասնակցելու միջոցով, և այդ փաստի ուժով իրենք ներկայացնում են իրենց գույքի վերաբերյալ հայտարարագրեր Կենտրոնական ընտրական հանձնաժողովին:

Ըստ էության, սա նոր բան չէ, և ցանկացած կուսակցություն, որն ունի հարյուրից- երկու հարյուր անդամ, կարող է սահմանել սիմվոլիկ ինչ-որ անդամավճար, որ կարողնա այդ գործունեությունն իրականացնել: Ի վերջո, այդ հայտարարագրման մեխանիզմը իրենից բարդ հաշվապահություն չի ենթադրում, դա ընդամենը ենթադրում է բարեխղճություն և չխուսափել թափանցիկ լինելուց:

-Քանի որ քննարկվում է նաև պետության կողմից կուսակցությունների ֆինանսավորման հարցը, նախ, որքանո՞վ է այս մոդելը Ձեզ համար ընդունելի և արդյո՞ք սրա իրականացումը հնարավորություն կտա ազատվելու օլիգարխիկ ֆինասավորումից և բիզնես-քաղաքականություն միավորումից:

- Օլիգարխիկ ֆինանսավորումից խուսափելու համար նախ պետք է տարբերակենք ֆիզանձանց և իրավաբանական անձանց կողմից ֆինանսավորումը պետության ֆինանսավորումից: Կա տեսակետ նաև, որ պետք է փոխել պետության կողմից իրականացվող ֆինանսավորման տրամաբանությունը, այսինքն՝ խթանել ավելի քիչ ձայներ հավաքած և խորհրդարան անցած կուսակցություններին, որովետև հզորներն արդեն իսկ հզոր են: Ինչ վերաբերում է իրավաբանական անձանց և ֆիզանձանց կողմից ֆինանսավորելուն, նաև կա առաջարկություն, որ ընդհանրապես արգելվի իրավաբանական անձանց կողմից ֆինանսավորումը, որ որևէ կորպորատիվ շահերից կախվածություն չունենա կուսակցությունը: Իսկ ֆիզիկական անձանց դեպքում դնել որոշակի շեմ և հրապարակայնության բարձր թափանցելիության աստիճան, ինչը նշանակում է, որ, օրինակ, եթե հայտարարագրում նշվում է , որ X ֆիզանձից ստացվել են եկամուտներ, այդ անձի վերաբերյալ թույլատրելի ինֆորմացիան՝ չխախտելով անձնական տվյալների պաշտպանությունը, հրապարակել, օրինակ, թե այդ անձը որտեղ է աշխատում: Կարծում եմ՝ որևէ խնդիր չի լինի,եթե նրա աշխատանքի վայրը նշվի :

Կարծեմ, նման մոդել աշխատում է Վրաստանում: Սրա նպատակը մեկն է. խոշոր սեփականատեր կամ բիզնես ունեցողը կարող է իր իսկ հիմնած կուսակցությանը իր աշխատողների միջոցով գումար փոխանցել, անընդհատ նվիրատվություններ անել: Եթե մենք տեսնում ենք, որ այդ հոսքերը գալիս են նույն ընկերությունից, նշանակում է, որ հենց այդ ընկերություն տնօրենության ֆինանսներն են, ոչ թե անձի կամավոր մուծումները: Ամբողջ տրամաբանությունը պետք է լինի այն, որ մարդը, գաղափարախոսությունը ընդունելով է ուզում, որ այս կուսակցությունը հաջողի, իսկ եթե ուղղակի գումար ես տանում, որ դու չերևաս, այլ քո աշխատողների միջոցով ես շրջանառում, այստեղ բացահայտվում է, որ խախտվում է նաև կամավորության սկզբունքը:

Օրենքը ամրագրում է նաև, որ թույլատրելի շեմից բարձ վճարումները պետք է ուղղվեն պետական բյուջե: Մենք որևէ համապետական ընտրության ժամանակ չենք տեսել, որ նման փաստ արձանագրված լինի, ինչը նշանակում է՝ մեր նվիրատվությունը կատարողները իրավաբանորեն շատ գրագետ են կատարել այդ նվիրատվությունը, կամ չի եղել պատշաճ վերահսկողություն՝ հասկանալու համար՝ մենք այդ թույլատրելի շեմի հատման դեպք երբևէ ունեցե՞լ ենք, թե՞ ոչ: Իսկ երբ դու բացահայտում ես նվիրատվություն կատարողին, դու բացահայտում ես նաև նվիրառուի օրինավորությունը, թե որքանով են նրա ստացած ֆինասները օրինական և թույլատրելի աղբյուրից: Սա է ընդամենը մեր առաջարկը, երբ ասում ենք որ հրապարակայինության ավելի բարձ ստանդարտներ պետք է նախատեսել:

- Ըստ RElection նախագծի ձևաչափի՝ յուրաքանչյուր զրուցակից հնարավորությւոն ունի հաջորդ բանախոսին ուղղելու իր հարցը: Մեր նախորդ զրուցակիցներից մեկի՝ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի՝ իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանի հարցը հետևյալն է.

«Ինչպիսի՞ քայլեր է անհրաժեշտ իրականացնել, որ շատ ավելի կայուն քաղաքական համակարգ ունենանք և ոչ անձակենտրոն, այսինքն՝ աշխատի կոնկրետ համակարգը և ոչ թե պայմանավորված լինի մեկ անձի կամքից»:

- Այն ամենը, ինչի մասին քիչ առաջ խոսեցինք ՝ կուսակցությունների ֆինանսավորում, ընտրական օրենսդրության բարեփոխում, հենց տանելու է ավելի զարգացող քաղաքական համակարգ ունենալուն և ավելի բազմակուսակցական համակարգ ունենալուն: Բնականաբար, սրան զուգահեռ պետք է դիտարկել նաև ընտրական օրենսդրության փոփոխությունները, որտեղ մենք նախատեսում ենք հանել ընդհանրապես այդ տարածքային ցուցակի հասկացությունը: Սա հենց նշանակում է , որ մարդիկ պետք է կարողանան աստիճանաբար սովորել գնալ գաղափարի հետևից: Ցավոք մեզ մոտ հակառակ պրակտիկան է ձևավորված՝ գնալ լիդերի հետևից՝ առանց նայելու նրա ծրագրեը, գաղափարախոսությանը:

Երբ մենք դնում ենք ամբողջական համամասնական ընտրական համակարգ, մենք տանում ենք դեպի նրան, որ մենք սկսում ենք ուշադրությւոն դարձնել կուսակցությունների գաղափարախոսությանը, և ընտրազանգվածը պետք է կողմորոշվի՝ ըստ գաղափարախոսությունների: Բազմակուսակցական համակարգը, գումարած դրան նպաստող ճիշտ օրենսդրական գործընթացները կնպաստեն, որ մենք ունենանք ավելի կայուն կամ ավելի զարգացող քաղաքական համակարգ: Ես կարծում եմ, որ ամբողջը պետք է դիտարկել մեկ միասնության մեջ: Կոնկրետ ասել՝ այս քայլը կանենք և կհասնենք որևէ արդյունքի, ճիշտ չի լինի, որովհետև նաև ԱԺ-ի ինստիտուտը և պատգամավորը ունեն կրթական բաղադրիչ: Տարիներով ձևավորված թյուր պատկերացումները, որ պատգամավորը բոլոր հարցերի լուծողն է, փողոցում ասֆալտ անողը և բակերում բարեկարգում անողն է, այդ մտածելակերպը պետք է դուրս հանել: Երբ իրնենք ճիշտ ակնկալիք կձևավորեն ճիշտ ինստիտուտից, այդ դեպքում իրենց դիրքորոշումները ավելի հստակեցված կլինեն:

Երկար տարիներ մեր հասարակությունը իր սպասելիքները ուղղել է ոչ ճիշտ հասցեատերերի և հիմա էլ, այս նոր ձևավորված Ազգային ժողովը շարունակում է դեռ այդ ընտրողների հետ հանդիպումների ընթացքում զգալ, որ իրենք քեզ չեն դիտարկում որպես ինչ-որ գաղափարախոսության կրողի, որ դու կարող ես բերել համակարգային փոփոխություններ: Իրենք գիտեն սրա կամ նրա անձը որպես հարց լուծողների: Սա նաև կրթական բաղադրիչ է, որը բոլոր կուսակցությունները պետք է իրենց աշխատանքներում իրականացնեն նաև ընտրողներին կրթելու միջոցով:

Հերիքնազ Տիգրանյանի հարցը՝ հաջորդ բանախոսին.

«Կցանկանայի, որ հաջորդ զրուցակիցը օբյեկտիվ գնահատեր այն փոփոխությունները և ջանքերը, որ տեսնում է նոր Ազգային ժողովում՝ կապված ընտրական օրենսդրության փոփոխությունների հետ, և իր կողմից ներկայացներ երեք առանցքային առաջարկություններ, որոնք ինքը կաներ ավելի բարեփոխված ընտրական օրենսդրություն ունենալու համար»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել