«Չունեցած» ավտոմեքենաների վաճառք, խոշոր չափի կանխիկ՝ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի հայտարարագրում
19:54 - 25 օգոստոսի, 2023

«Չունեցած» ավտոմեքենաների վաճառք, խոշոր չափի կանխիկ՝ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի հայտարարագրում

Հակակոռուպցիոն կոմիտեի քննչական երկրորդ վարչության՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վահե Խաչատրյանի՝ վերջին տարիների հայտարարագրերում կան մի քանի ուշագրավ դրվագներ, որոնք առերևույթ կարող են վկայել ոչ ճշգրիտ տվյալների ներկայացման մասին։ «Ինֆոքոմ»-ը ներկայացնում է դրանցից մի քանիսը։

 

Վահե Խաչատրյանը մինչ ներկայիս պաշտոնը զբաղեցնելը եղել է Հատուկ քննչական ծառայության՝ խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության՝ հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ, իսկ դրանից առաջ՝ կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության ավագ քննիչ։

 

Մեքենաներ, որ չեն արտացոլվել հայտարարագրում, բայց արտացոլված է դրանց վաճառքը

Վահե Խաչատրյանի 2019-ի տարեկան հայտարարագրից երևում է, որ Խաչատրյանը 2019-ի դեկտեմբերին 3 միլիոն դրամով վաճառել է իրեն պատկանող INFINITI FX 35 մակնիշի ավտոմեքենան։ Խաչատրյանը նույն տարվա հայտարարագրի՝ տարվա սկզբում առկա տրանսպորտային միջոցների ցանկում, սակայն, տվյալներ չի ներկայացրել առկա INFINITI FX 35-ի մասին։ 2019-ի հայտարարագրում  նաև առկա չեն տարվա ընթացքում ձեռք բերված INFINITI FX 35 մակնիշի ավտոմեքենայի մասին նշումներ։ Հետևաբար, 2019 թվականի տարեկան հայտարարագրի նման բովանդակությունից կարելի էր եզրակացնել, որ Վահե Խաչատրյանը 2019 թվականի ընթացքում վաճառել է մի ավտոմեքենա, որը չի ունեցել։

Սակայն Վահե Խաչատրյանի՝ 2017 թվականին ներկայացված, պաշտոնական պարտականությունները ստանձնելու հայտարարագրում առկա է INFINITI FX 45 մակնիշի ավտոմեքենա։ Սա, հավանաբար, նույն ավտոմեքենան է, և այդ դեպքում Վահե Խաչատրյանը պարտավոր էր այն հայտարարագրել որպես 2019 թվականի տարեսկզբին առկա տրանսպորտային միջոց։

2020 թվականի տարեկան հայտարարագրից պարզ է դառնում, որ Վահե Խաչատրյանը ևս մեկ ավտոմեքենա է վաճառել արդեն 2020 թվականի ընթացքում՝ 19 միլիոն դրամով։ Վաճառված Toyota Avalon մակնիշի ավտոմեքենան, սակայն, ինչպես նախորդ դեպքում, առկա չէ տարեսկզբի դրությամբ։ 2020 թվականի հայտարարագրում նաև առկա չեն տարվա ընթացքում ձեռք բերված Toyota Avalon մակնիշի ավտոմեքենայի մասին նշումներ։ Ի տարբերություն 2019 թվականին վաճառված ավտոմեքենայի՝ այս դեպքում նախորդ տարիների հայտարարագրերում որևէ նշում չկա Toyota Avalon մակնիշի ավտոմեքենայի մասին։ Ստացվում է, որ Վահե Խաչատրյանը 2020 թվականի ընթացքում վաճառել է մի ավտոմեքենա, որը չի ունեցել։

 

Խաչատրյանի կանխիկ միջոցներն աճում են

Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կանխիկ դրամական միջոցները կայուն աճել են։ Եթե 2019-ի տարեսկզբին նա ունեցել է 2․7 միլիոն ՀՀ դրամ և 3000 ԱՄՆ դոլար, ապա 2022-ի տարեվերջին ունեցել է 30 միլիոն ՀՀ դրամ և 4000 ԱՄՆ դոլար։ 

Խոշոր չափի կանխիկ դրամական միջոցներ պահելու նախասիրություն ունի նաև Վահե Խաչատրյանի ընտանիքի անդամներից Սեդա Խաչատրյանը։ Նա 2019-ին ունեցել է 45 միլիոն դրամ կանխիկ դրամական միջոցներ, որոնք հաջորդ տարիներին նվազել են՝  2022-ի տարեվերջին հասնելով 35 միլիոն դրամի։ 

Այսպիսով, չնայած նրան, որ ՀՀ կառավարությունը տևական ժամանակ է որդեգրել է կանխիկի շրջանառությունը սահմանափակող և անկանխիկ գործառնությունները խրախուսող քաղաքականություն, պետական պաշտոնյան և նրա ընտանիքի անդամը շարունակում են իրենց դրամական միջոցների մեծ մասը պահել կանխիկ։

Բացի այդ՝ դրամական միջոցները կանխիկ պահելը և շրջանառելը կարող է էականորեն նվազեցնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հնարավորությունները՝ հայտարարագրերի ստուգման ու վերլուծության համատեքստում։ 

 

Չհայտարարագրված եկամուտ

2017 թվականին Վահե Խաչատրյանի ներկայացրած՝ պաշտոնեական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրի եկամուտներ բաժնում նշված է, որ վերջինս ստացել է 5․5 միլիոն դրամի փոխառություն։ 2017 թվականի տարեկան հայտարարագրի եկամուտների բաժնում, սակայն, այս փոխառությունը հայտարարագրված չէ։

 

1 օրվա տարբերությամբ էական փոփոխություններ դրամական միջոցներում

Վահե Խաչատրյանի և նրա կնոջ՝ Նաիրուհի Խաչատրյանի հայտարարագրում որոշակի անհամապատասխանություններ են առկա 2017 թվականի տարեվերջի ու 2018 թվականի տարեսկզբի դրությամբ առկա դրամական միջոցների հետ կապված։ «Հանրային ծառայության մասին» օրենքի 40-րդ հոդվածը սահմանում է, որ հայտարարագրերում պետք է ներառվեն դեկտեմբերի 31-ի (տարվա վերջի) և հունվարի 1-ի (տարվա սկզբի) դրությամբ առկա տվյալները։ 

Վահե Խաչատրյանի կնոջ՝ Նաիրուհի Խաչատրյանի 2017 թվականի տարեկան հայտարարագրում նշված է, որ տարվա վերջի դրությամբ նա ունեցել է 4500 դոլար և 700 000 դրամ։ 2018-ի տարեսկզբին (դա 2018-ի հունվարի 1-ն է), սակայն, նրա այս միջոցներն ամբողջությամբ զրոյացել են։ Առհասարակ, Նաիրուհի Խաչատրյանի 2018-ի հայտարարագրից տպավորություն է, որ այն ձևական է ներկայացված, քանի որ հայտարարագրի գրեթե ոչ մի տողում գրառումներ առկա չեն։ 

Նմանատիպ իրավիճակ է նաև հենց Վահե Խաչատրյանի մոտ։ 2017 թվականի տարեվերջին քննիչը հայտարարագրել է 2.5 միլիոն դրամ, 9000 դոլար, 170 000 ռուբլի։ 2018-ի տարեսկզբի դրությամբ՝ այսինքն՝ մեկ օր անց, հայտարարագրվել է 2 միլիոն դրամ և 5000 դոլար, իսկ ռուբլին առհասարակ զրոյացել է։ Այսպիսով, 1 օրվա ընթացքում Վահե Խաչատրյանի դրամական միջոցները պակասել են 4000 դոլարով, կես միլիոն դրամով և 170 000 ռուբլիով։

 

Ամսական 175 000 դրամ՝ 5 հոգանոց ընտանիքին

Վահե Խաչատրյանի հայտարարագրերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ վերջինս 2018 թվականին ունեցել է 8․5 միլիոն դրամի եկամուտ, որից 14 000 դոլարը (առնվազն 6,7 միլիոն դրամը) ուղղվել է TOYOTA CAMRY 2.4 մակնիշի ավտոմեքենայի ձեռքբերմանը, իսկ 700 հազարը՝ ՀՀ դրամով պահվող դրամական միջոցների աճին։ Տարվա ընթացքում նրա ԱՄՆ դոլարով պահվող դրամական միջոցները նվազել են 2 000 դոլարով, այսինքն՝ նա օգտագործել է նաև 2 000 դոլարը (առավելագույնը՝ 977 հազար դրամ)։ Վահե Խաչատրյանի կինը 2018 թվականի ընթացքում եկամուտներ չի ունեցել։ Ստացվում է՝ Վահե Խաչատրյանի 5-հոգանոց ընտանիքը 2018 թվականին իր ընթացիկ ծախսերին հատկացրել է ընդամենը շուրջ 2,1 միլիոն դրամ (8,5 միլիոն + 977 հազար - 6․7 միլիոն - 700 հազար), կամ որ նույնն է՝ 5-հոգանոց ընտանիքի ընթացիկ միջին ամսական ծախսերը կազմել են ընդամենը շուրջ 175 000 դրամ։

 

Շփոթ՝ տարեկան և պաշտոնի ստանձնման հայտարարագրերի հարցում

2021-ին Վահե Խաչատրյանի հետ համատեղ բնակվող Սեդա Խաչատրյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել պաշտոնատար անձի ընտանիքի անդամի՝ պաշտոնատար անձի պաշտոնեական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների հայտարարագիր, սակայն չի ներկայացրել 2021 թվականի տարեկան հայտարարագիր։  Միևնույն ժամանակ, ո՛չ Վահե Խաչատրյանը, ո՛չ նրա կինը նմանաբնույթ հայտարարագրեր չեն ներկայացրել․ վերջիններիս մոտ առկա են միայն 2021-ի տարեկան հայտարարագրերը։ 

Պաշտոնատար անձը ազատվում է պարտականությունները ստանձնելու հայտարարագիր ներկայացնելուց, եթե նրա լիազորությունների դադարումից (դադարեցումից) հետո՝ 30 օրվա ընթացքում, նշանակվում (ընտրվում) է հայտարարագրման պարտականություն նախատեսող պաշտոնում կամ մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը նշանակվում (ընտրվում) է հայտարարագրման պարտականություն նախատեսող պաշտոնում։

Հետևաբար, եթե Վահե Խաչատրյանի պաշտոնի փոփոխությունը տեղի է ունեցել 2021 թվականի ընթացքում, ապա ո՛չ նա, ո՛չ նրա ընտանիքի անդամները չեն ունեցել պաշտոնեական պարտականությունները ստանձնելու հայտարարագրեր ներկայացնելու պարտավորություն։ Հետևաբար անհասկանալի է, թե ինչու է Սեդա Խաչատրյանը ներկայացրել ընտանիքի անդամի՝ պաշտոնատար անձի պաշտոնեական պարտականությունները ստանձնելու հայտարարագիր և չի ներկայացրել 2021 թվականի տարեկան հայտարարագիրը։

 

Վահե Խաչատրյանի և նրա կնոջ անշարժ գույքերը

Ըստ 2022 թվականի հայտարարագրի՝ Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցը Գեղարքունիքի մարզի Երանոս համայնքում ունի 6 հողամասեր և 1 բնակելի տուն։ Բացի այդ՝ Երևանի Ադոնցի փողոցում Խաչատրյանը գնել է երկու բնակարան «ՄԼ մայնինգ» ընկերությունից։ Այդ մասին տեղեկանում ենք նրա հայտարարագրի՝ փոխառությունների մասին գրառումից։ 

Վահե Խաչատրյանը 1 հասարակական նշանակության շինություն ու 1 ավտոտնակ ունի Շենգավիթ վարչական շրջանում։ Հասարակական նշանակության շինությունը նա ձեռք է բերել Երևանի քաղաքապետարանից ինքնակամ կառույցն օրինականացնելու շրջանակում։ Նա առքուվաճառքի պայմանագրով 950 000 դրամով ձեռք է բերել 62 քառ․ մ մակերեսով հողամասն ու դրա վրա գտնվող 20 քառ․ մ մակերեսով շինությունը։ Հասարակական նշանակության շինությունը  փոքրիկ կրպակ է, որտեղ զբաղվում են կարուձևով։ 

Վահե Խաչատրյանի կինը՝ Նաիրուհի Խաչատրյանը, բնակարան ունի Երևանի կենտրոնում։ Դա նրան նվիրել են իր ծնողները։ 

«Ինֆոքոմ»-ը գրավոր հարցմամբ դիմել է Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչ Վահե Խաչատրյանին՝ հայտարարագրում առկա խնդիրների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար, ինչին վերջինս պատասխանել է, որ Սահմանադրության 51-րդ հոդվածը (Տեղեկություններ ստանալու իրավունքը) վերաբերում է պաշտոնատար անձանց գործունեության վերաբերյալ տեղեկություններին, ոչ թե մեր հարցադրումներում նշվածներին։ Բացի այդ՝ նա նշել է, որ թեև հարցմամբ ներկայացված պահանջը կարող է խախտել մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը, այնուամենայնիվ պատասխանում է, որ հայտարարագրում ներկայացված տվյալների առնչությամբ հաշվետու է բացառապես Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։

Հարցմամբ նշված և մի շարք այլ հարցերի վերաբերյալ մենք փորձեցինք նաև բանավոր ընթացակարգով մեկնաբանություն ստանալ Վահե Խաչատրյանից, սակայն նա հրաժարվեց մեկնաբանություններից՝ փոխանցելով, որ նախորդ հարցմամբ պատասխանել է բարձրացված հարցերին։


Հեղինակ՝ Մկրտիչ Կարապետյան
Տվյալների լրագրող՝ Կատյա Մամյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել