ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել Ադրբեջանին մինչև սեպտեմբերի 7-ը ժամանակ տրամադրել օգոստոսի 28-ին Լաչինի միջանցքից առևանգված երեք քաղաքացիական անձանց վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու մասին:
Ադրբեջանը պարտավոր է դատարանին տեղեկություններ հայտնել այդ անձանց գտնվելու վայրի, պահման պայմանների, առողջական վիճակի, ստացած բուժօգնության և վերադարձի ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին:
Հիշեցնենք՝ մեկ օրում երեք հայ երիտասարդի են առևանգել Լաչինի ադրբեջանական ապօրինի անցակետից: Առաջինը առևանգել են Ալեն Սարգսյանին, իսկ հետո ևս երկու երիտասարդի: Վերջիններս ուսանողներ էին, որոնք ռուս խաղաղապահների ուղեկցությամբ գալիս էին Երևան` ուսումը շարունակելու:
Ավելի ուշ Ադրբեջանի Դատախազությունը հայտնեց, թե երիտասարդների նկատմամբ դեռեւս 2021 թվականին հայտարարվել է հետախուզում՝ Ադրբեջանի դրոշը անարգելու մեջ։ Ադրբեջանական կողմը նաեւ հայտնել է, թե «հաշվի առնելով մեղադրյալների տարիքը և անկեղծ խոստովանությամբ զղջումը, նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է» եւ նրանց նկատմամբ կկիրառվի վարչական կալանք՝ 10 օր ժամկետով, իսկ կալանքի ժամկետի ավարտից հետո վերջիններս «Ադրբեջանի տարածքից կարտաքսվեն»։