Անճշտություններ՝ Հակակոռուպցիոն դատարանի նախագահի հայտարարագրում
18:33 - 31 օգոստոսի, 2023

Անճշտություններ՝ Հակակոռուպցիոն դատարանի նախագահի հայտարարագրում

Հակակոռուպցիոն դատարանի նախագահ Խաչիկ Ղազարյանի՝ 2021 թվականի տարեկան հայտարարագրում ներկայացված տվյալների ուսումնասիրությունից պարզվում է, որ 2021 թվականի ընթացքում վերջինս իրականացրել է առնվազն 65․5 միլիոն դրամի ծախս, սակայն ոչ հայտարարագրման ենթակա չափերով և ծախսային ուղղություններով։ Հայտարարագրում, համենայն դեպս, ծախսերի այս մասի վերաբերյալ նշումներ առկա չեն։ Ղազարյանը պնդում է, որ այդ գումարի գերակշիռ մասը ներդրվել է որպես ավանդ։ Նրա հետ գրավոր հարցուպատասխանը, սակայն, կասկածներ է առաջ բերում նաև ավանդի ներդրման ժամկետների վերաբերյալ։

 

Խաչիկ Ղազարյանը Հակակոռուպցիոն դատարանի նախագահ է դարձել 2023-ի փետրվարին։ Մինչ այդ նա եղել է Հակակոռուպցիոն դատարանի՝ կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր, իսկ դրանից առաջ՝  Դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնակատար։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած 2021-ի տարեկան հայտարարագրում Խաչիկ Ղազարյանը նշել է, որ տարվա ընթացքում ստացել է 114․3 միլիոն դրամի եկամուտ, որից 68 հազար դոլարը նվիրատվություն է հորից՝ Կարապետ Ղազարյանից, մոտ 1․8 միլիոն դրամը վարձակալության դիմաց ստացված վճար է, 79․2 միլիոն դրամը ստացվել է բնակարանի օտարումից, և մոտ 5,6 միլիոն դրամը՝ աշխատավարձից։

Հետաքրքրական է, որ հայտարարագրում ընդհանուր եկամուտները՝ դրամական արտահայտությամբ, հաշվարկվել են 114․3 միլիոն դրամ։ Եթե ընդհանուր եկամուտներից հանենք ՀՀ դրամով արտահայտված եկամուտները, կստացվի, որ 68 000 ԱՄՆ դոլարը, արտահայտված ՀՀ դրամով, կազմում է մոտ 27․9 միլիոն դրամ։ Այսինքն՝ հաշվարկային դոլար-դրամ փոխարժեք է ընդունվել 409․63 դրամը։ Սա այն դեպքում, որ 2021 թվականին Կենտրոնական բանկի սահմանած նվազագույն փոխարժեքը եղել է 475․19 դրամ։ Եթե 68 000 դրամը այս փոխարժեքով փորձենք վերածել դրամի, կստացվի 32․3 միլիոն դրամ՝ հաշվարկվածից մոտ 4․5 միլիոնով ավելի։

Բացի այդ՝ հայտարարագրից պարզ է դառնում, որ Խաչիկ Ղազարյանը 2021 թվականի ընթացքում 6 միլիոն դրամով ձեռք է բերել, այնուհետև 6․5 միլիոն դրամով վաճառել է LEXUS մակնիշի ավտոմեքենա։ Ավտոմեքենայի վաճառքից ստացված եկամուտը, սակայն, վերջինս չի հայտարարագրել որպես 2021 թվականին ստացված եկամուտ։ Հարցին, թե ինչու եկամուտը չի արտացոլվել հայտարարագրում, Խաչիկ Ղազարյանը պատասխանել է, որ դա տեխնիկական վրիպակ է։ 

«Դա, սակայն, հանդիսանալով պետական գրանցում պահանջող գործարք, ֆիքսվում է համապատասխան իրավասու մարմնի կողմից, ինչպես նաև ինքնին արտացոլված է եղել համապատասխան հայտարարագրում»,- նշել է դատավորը։

Այսպիսով, Խաչիկ Ղազարյանի՝ 2021 թվականի եկամուտները հայտարարագրի եկամուտների բաժնում ներկայացվածից փաստացի ավելի են առնվազն 11 միլիոն դրամով (4.5 միլիոն դրամ՝ դոլար-դրամ փոխարժեքի տարբերությունից, ինչպես նաև 6․5 միլիոն դրամ՝ ավտոմեքենայի վաճառքից ստացված եկամուտի չհայտարարագրումից) և կազմում են 125․3 միլիոն դրամ։ 

Այս եկամուտներից եթե հանենք տարվա ընթացքում ձեռքբերված LEXUS մակնիշի ավտոմեքենայի գինը (6 միլիոն դրամ), հանձնած փոխառությունները (մոտ 26.4 միլիոն դրամ), հայտարարագրած ծախսերը (մոտ 3․9 միլիոն դրամ) և առկա դրամական միջոցների աճը (44 000 ԱՄՆ դոլար (առավելագույնը՝ 23․6 միլիոն դրամ)), ապա կստացվի, որ 2021 թվականի ընթացքում Խաչիկ Ղազարյանը ծախսել է առնվազն 65․4 միլիոն դրամ, սակայն ոչ հայտարարագրման ենթակա չափերով և ծախսային ուղղություններով։

«Ինֆոքոմ»-ը գրավոր հարցմամբ դիմել է Ղազարյանին՝ մանրամասնելու, թե այդ գումարն ինչ ուղղություններով է ծախսվել, և արդյո՞ք գումարն այնպես է ծախսվել, որ չի գերազանցել հայտարարագրման ենթակա 2 մլն դրամի միանվագ ծախսը։ Խաչիկ Ղազարյանը պատասխանել է․ «․․․ նշված գումարը չի ծախսվել ամբողջությամբ, քանի որ դրա գերակշիռ մասը՝ 110 000 ԱՄՆ դոլարը, ինչպես նշված է համապատասխան հայտարարագրում, «Էվոկաբանկ» ՓԲԸ-ում ներդրվել է որպես ավանդ, իսկ մնացյալ գումարի ծախսը հաշվետու ժամանակահատվածում չի գերազանցել միանվագ 2 միլիոն ՀՀ դրամը»։ 

Ղազարյանի այս պատասխանը առաջ է բերում նոր հարցեր։ Բանն այն է, որ համաձայն Խաչիկ Ղազարյանի 2021 թվականի տարեկան հայտարարագրի՝ 2021 թվականի տարեսկզբի դրությամբ (հունվարի 1) Ղազարյանն արդեն իսկ ունեցել է ներդրված 110 000 ԱՄՆ դոլարի ավանդ, որն առանց փոփոխության առկա է նաև տարեվերջի դրությամբ։ Հետևաբար այն չէր կարող ներդրվել 2021 թվականի ընթացքում, և դրա գումարը չէր կարող ձևավորվել տարվա ընթացքում ստացված եկամուտներից։

Նոր գրավոր հարցմամբ Խաչիկ Ղազարյանից հետաքրքրվել ենք, թե ինչով է պայմանավորված այս անհամապատասխանությունը։ Այս անգամ վերջինս հայտնել է․ «․․․ հիշյալ  110 000 ԱՄՆ դոլարը «Էվոկաբանկ» ՓԲԸ-ում ներդրվել է որպես ավանդ 15․04․2021 թվականին։

Այսինքն, 2022 թվականի ընթացքում՝ օրենքով սահմանված ժամկետում, տարեկան հայտարարագիրը լրացնելիս համապատասխան պատուհանում նշված գումարի՝ որպես տարեսկզբին առկա ավանդի վերաբերյալ նշումը հանդիսանում է վրիպակ։

Նշվածի մասին է վկայում նաև այն, որ հիշյալ գումարի՝ որպես ավանդ ներդրված լինելու վերաբերյալ որևէ տվյալ առկա չէ 2020 թվականի տարեկան հայտարարագրում»։

Այստեղ հետաքրքրական է այն հանգամանքը, որ, Խաչիկ Ղազարյանը հղում է կատարում 2020 թվականի տարեկան հայտարարագրին, որը, սակայն, առկա չէ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հայտարարագրերի ռեեստրում։ Ավելին, այս տարվա մայիսին «Ինֆոքոմ»-ը ներկայացրել էր Ղազարյանին առնչվող մեկ այլ հրապարակում, որի պատրաստման ընթացքում, մեր հարցերին ի պատասխան, վերջինս նշել էր, որ ինքը 2021 թվականին Դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար է եղել այլ՝ հայտարարագրման պարտականություն չունեցող պաշտոնի (Դատական դեպարտամենտի դատավորների ընդհանուր ժողովի և դատարանների աշխատակազմերի գործունեության ապահովման վարչության պետ) հետ համատեղությամբ, և այդ դեպքում օրենքը կարող էր մեկնաբանվել այնպես, որ ինքը հայտարարատու անձ չէ, բայց ամեն դեպքում ներկայացրել է հայտարարագիր՝ «խոսակցություններից խուսափելու համար»։

Սակայն 2020 թվականին Խաչիկ Ղազարյանն առանց համատեղության զբաղեցրել է հենց այն պաշտոնը (Դատական դեպարտամենտի Դատավորների ընդհանուր ժողովի և դատարանների աշխատակազմերի գործունեության ապահովման վարչության պետ), որը զբաղեցնող անձը, ինչպես ինքն է ներկայացնում, հայտարարագրման պարտավորություն չունի։ 

Հայտարարագրի ռեեստրում 2020 թվականի հայտարարագրի բացակայությունն ու այս մեկնաբանությունը անհասկանալի են դարձնում, թե ինչ հայտարարագրի է հղվում Խաչիկ Ղազարյանը։ 

Ինչպես արդեն նշեցինք, նախկինում «Ինֆոքոմ»-ը ներկայացրել էր Ղազարյանին առնչվող մեկ այլ դրվագ․ նրա կինը՝ Արմինե Պետրոսյանը, Կոռուպցիայի կանխարգեկման հանձնաժողով չէր ներկայացրել պաշտոնատար անձի ընտանիքի անդամի՝ պաշտոնի ստանձման կամ դադարեցման և 2021 թվականի տարեկան հայտարարագրերը։ Սա Ղազարյանը հիմնավորել էր տեխնիկական անհնարինությամբ։ 

«Մենք բոլոր թղթերը, բոլոր գրություններն ունենք։ Խնդիր կար հին կայքից նոր կայքի անցման հետ, ստանձնման հայտարարագրերը կինս լրացրել է, կարծեմ՝ տարեկանը դեռ չի լրացրել։ ԿԿՀ կայքում պիտի «պատուհան» ստեղծեին, որ հնարավոր լիներ լրացնել, բայց դեռ խնդիր կա»,- բացատրել էր Ղազարյանը։

Թեպետ ԿԿՀ-ն արդեն հայտարարագրման նոր համակագ է ներդրել, բայց Պետրոսյանի՝ 2021-ի տարեկան հայտարարգիրը դեռևս առկա չէ հայտարարագրերի ռեեստրում։

 

Հեղինակ՝ Մկրտիչ Կարապետյան
Տվյալների լրագրող՝ Կատյա Մամյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել