Նյութական պահանջ չունեմ. Ալեն Սիմոնյանը դատարանում է |shantnews.am|
11:39 - 01 նոյեմբերի, 2019

Նյութական պահանջ չունեմ. Ալեն Սիմոնյանը դատարանում է |shantnews.am|

shantnews.am։ «Նյութական պահանջ չունեմ: Իմ միակ պահանջն էն է եղել, որ նախկին ոստիկանապետի հետ էլ հանդիպել եմ և կարծես թե լուծել ենք այդ խնդիրը, որ այդ նռնակներն այլևս չկիրառվեն, որովհետև Մարտի 1-ին դրա պատճառով զոհ է եղել: Եվ այդ օրը Բաղրամյանում բազմաթիվ մարդիկ տուժեցին, իմ վնասվածքը թերևս ամենաթեթևն է եղել՝ ոտքիս մեջ 3 բեկոր կար, բայց էնտեղ մի աղջկա դեմքն էր վնասվել, մի տղայի ոտքի հետ կապված մինչև օրս խնդիրներ կան:

Նման բաների կիրառումը ՀՀ-ում այլևս պետք է արգելվի»,- ասել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր Ավան Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ շարունակվում էր ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ Լևոն Երանոսյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը: Ալեն Սիմոնյանը գործով տուժող է:

ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ, ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանին ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով մեղադրանք է առաջադրվել հանրորեն վտանգավոր այն արարքների համար, որ նա հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ:

Մասնավորապես, ըստ առաջադրված մեղադրանքի` Լևոն Երանոսյանը, հատուկ միջոցների գործադրման անհրաժեշտություն առաջացնող իրադրություններում գործելու ունակությունը որոշող ստուգումներ անցած չլինելով, չունենալով հատուկ որակավորում և դրանով իսկ պայմանավորված` չունենալով հատուկ միջոցառումների իրականացման միջոց հանդիսացող «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակներ ստանալու և անձամբ գործադրելու լիազորություն, դրանց կիրառման համար թույլատրելի չափանիշների խախտմամբ, այն է՝ չպահպանելով մարդկանցից առնվազն 2.5 մետր հեռավորությունը, 2018 թվականի ապրիլի 16-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում անցկացվող բողոքի զանգվածային ակցիայի ժամանակ գործադրել է 4 «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակ, ինչի հետևանքով ցույցի ավելի քան 40 մասնակիցներ ստացել են ծանր և միջին ծանրության մարմնական վնասվածքներ:

Լևոն Երանոսյանի կողմից հատուկ միջոցների գործադրման հետևանքով Բաղրամյան պողոտայում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության զորքերի զինծառայողներից 6 հոգի նույնպես ստացել են մարմնական վնասվածքներ: Բացի դրանից՝ 2018 թվականի ապրիլի 22-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Արցախի պողոտայում անցկացվող բողոքի զանգվածային ակցիայի ժամանակ, կիրառման համար թույլատրելի նույն չափանիշների խախտմամբ, Լևոն Երանոսյանը ցուցարարների նկատմամբ գործադրել է 4 հատ «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակ, ինչի հետևանքով ցույցի մասնակիցներից ևս 6-ը ստացել են մարմնական վնասվածքներ:

Լևոն Երանոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել