Ինչ կարգով քաղաքացին պետք է հանձնի առաջին անգամ զենք ձեռք բերելու քննությունը․ ՆԳՆ-ն ստորագրել է հրամանը
15:51 - 01 սեպտեմբերի, 2023

Ինչ կարգով քաղաքացին պետք է հանձնի առաջին անգամ զենք ձեռք բերելու քննությունը․ ՆԳՆ-ն ստորագրել է հրամանը

Ներքին գործերի նախարարն օգոստոսի 28-ին ստորագրել է բացառությամբ սառը և նետողական զենքերի, առաջին անգամ զենք, այդ թվում՝ առաջին անգամ ակոսափող հրազեն ձեռք բերող քաղաքացիների կողմից զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննություն հանձնելու կարգը։ Այն հրապարակվել է երեկ՝ օգոստոսի 31-ին։

Որ հաստատություններն իրավունք ունեն անցկացնել քննությունը

Ըստ սահմանված կարգի՝ զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննություններ անցկացնելու իրավունք ունեն Հայաստանի հրաձգության ֆեդերացիա հասարակական կազմակերպությունը, լիցենզավորված հրաձգարանը, թիկնապահի և պահնորդի մասնագիտական ուսուցում իրականացնող՝ իրավաբանական անձ հանդիսացող և համապատասխան կրթական գործունեության լիցենզիա ունեցող հաստատությունը և ՀՀ ներքին գործերի նախարարության ուսումնական հաստատությունը (այսուհետ՝ կազմակերպություն)։

Կազմակերպությունը քննություններ անցկացնելու համար պետք է գրավոր դիմի ՀՀ ՆԳ նախարարին, որին կից ներկայացնի համապատասխան լիցենզիան։ Իսկ ՆԳ նախարարը երկու աշխատանքային օրվա ընթացքում կամ պետք է բավարարի դիմումը կամ գրավոր մերժի՝ նշելով պատճառը։  Կարգի խախտումով քննություն անցկացնելու դեպքում կազմակերպությունը զրկվում է քննություն անցկացնելու իրավունքից։

Ինչպես կարող է քաղաքացին մասնակցել քննությանը

Քննություններին մասնակցելու նպատակով վերը նշված կազմակերպություններ կարող են դիմել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի պահանջներին համապատասխանող քաղաքացիները:  

Քննություններին մասնակցելու համար քաղաքացին պետք է դիմի կազմակերպություն՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ, քննությանը մասնակցելու համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիր կամ դրա պատճեն։ Քաղաքացին կազմակերպություն կարող է դիմել ինչպես գրավոր, այնպես էլ՝ էլեկտրոնային տարբերակով։ Դիմումում պետք է ներառված լինեն նաև քաղաքացու անձնական տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան օր, հեռախոսահամար)։

Քննությունների անցկացման օրվա, ժամի և տեղի վերաբերյալ տեղեկատվությունը նախապես հրապարակվում է ՀՀ ներքին գործերի նախարարության և համապատասխան կազմակերպության պաշտոնական կայքերում՝ քննությունից առնվազն 5 օր առաջ:

Քաղաքացին քննություններին պետք է ներկայանա անձը հաստատող փաստաթղթով։

Տեսական և գործնական քննությունների ժամանակացույցը հաստատվում է կազմակերպության ղեկավարի կողմից: Տեսական քննության հարցաշարը հաստատում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության լիազոր ստորաբաժանման ղեկավարը։ Քննական հարցաշարը հրապարակվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքում՝ https://mia.gov.am և կազմակերպության պաշտոնական կայքում: 

Քննությունների ընդհանուր վճարը չի կարող գերազանցել 3000 ՀՀ դրամը։ 

Ինչպես են անցկացվում քննությունները

Քննությունները երկուսն են՝ տեսական եւ գործնական։

Տեսական քննությունը

Տեսական քննությունը անցկացվում է համակարգչային թեստավորման եղանակով՝ հարցատոմսում ընդգրկված հարցերին պատասխանելու միջոցով: Հարցատոմսը բաղկացած է 10 հարցից, յուրաքանչյուր հարցը՝ 1 միավոր։ Անցողիկ շեմ է համարվում 8 միավորը։ Հարցատոմսը լրացնելու համար քաղաքացուն տրամադրվում է 30 րոպե ժամանակ։ Հարցատոմս փոխելն արգելվում է: 

Տեսական քննության անցողիկ շեմը չանցած քաղաքացին կարող է կրկին դիմել տեսական քննության մասնակցելու համար ոչ շուտ, քան 3 օր անց։ 

Գործնական քննությունը

Գործնական քննությանը մասնակցելու հնարավորություն է ստանում տեսական քննությանը անցողիկ միավոր ստացած քաղաքացին ոչ ուշ, քան տեսական քննությունը հանձնելու յոթերորդ օրը։

Իսկ  գործնական քննությունը բաղկացած է 5 վարժությունից, յուրաքանչյուր վարժություն գնահատվում է 0-5 միավորով, որտեղ՝ 0-2-ը՝ անբավարար, 3-ը՝ բավարար, 4-ը՝ լավ, 5-ը՝ գերազանց։ Վերջնական գնահատականը ձևավորվում է բոլոր վարժություններից ստացած գնահատականների թվաբանական միջինով։ Քննության անցողիկ շեմ է համարվում 3 գնահատականը: 

Գործնական քննությունը գնահատելիս ստուգվում են զենքի կառուցվածքի վերաբերյալ գիտելիքները, զենքի և ռազմամթերքի ճիշտ նախապատրաստումը հրաձգությանը, կրակելու համար հարմար դիրք ընտրելը, անվտանգության կանոնների պահպանությունը և կարգապահությունը, նշանակետի խոցման ճշգրտությունը: 

Գործնական քննության անցողիկ շեմը չհաղթահարած քաղաքացին գործնական քննությանը մասնակցելու համար կարող է կրկին դիմել ոչ շուտ, քան 3 օր անց և ոչ ուշ, քան տեսական քննության անցողիկ շեմը հաղթահարելուց հետո 6 ամսվա ընթացքում։ 

Քննության վերաբերյալ այլ մանրամասների կարող եք ծանոթանալ պաշտոնական փաստաթղթում։

Նախարարի հրամանն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի 2023 թվականի մայիսի 5-ի «Առաջին անգամ քաղաքացիական հրազեն, այդ թվում՝ ակոսափող, ձեռք բերող քաղաքացիների կողմից կառավարության երաշխավորած ռազմամարզական հասարակական կազմակերպություններից մեկում զենքի հետ կապված և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննությունների անցկացման կարգը սահմանելու մասին» թիվ 3-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու օրը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել