Արայիկ Հարությունյանը ներկայացրել է Արցախի նորանշանակ պետական նախարար Սամվել Շահրամանյանին
16:48 - 01 սեպտեմբերի, 2023

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է Արցախի նորանշանակ պետական նախարար Սամվել Շահրամանյանին

Սեպտեմբերի 1-ին ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանը կառավարության անդամներին և պետական կառավարման այլ մարմինների, դատական համակարգի ղեկավար կազմին է ներկայացրել ԼՂ նորանշանակ պետական նախարար Սամվել Շահրամանյանին:

«Երկրի ղեկավարը, շնորհակալություն հատնելով գործընկերներին համատեղ աշխատանքի համար, ներկայացրել է իր հրաժարականի դրդապատճառները։ Նշելով, որ մինչև Ազգային ժողովի կողմից նոր նախագահի ընտրությունը շատ պատասխանատու ժամանակաշրջան է, Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ դրա հաղթահարումը և իրավական ճանապարհով իշխանափոխության իրականացումը պետականության պահպանման համար կարևոր նշանակություն ունեն: 

Արայիկ Հարությունյանը գործընկերներին հորդորել է սթափորեն գնահատել իրավիճակը և սատար կանգնել նոր ձևավորվող իշխանությանը` երկրում ստեղծված հումանիտար աղետը հաղթահարելու, ներքին ու արտաքին հնարավոր մարտահրավերներին դիմակայելու հարցում:

Նախագահը շնորհակալություն է հայտնել Գուրգեն Ներսիսյանին՝ երկրի համար բարդ ժամանակաընթացքում պետական կառավարման համակարգում պատասխանատվություն ստանձնելու համար և Սամվել Շահրամանյանին՝ պատմական ծանր ժամանակաշրջանում պետական նախարարի պաշտոնն ստանձնելու առաջարկն ընդունելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ Արայիկ Հարությունյանը երեկ հայտնել էր, որ այսօր հրաժարականի դիմումը կներկայացնի Արցախի ԱԺ։ «Այս վերջնական որոշումը ես կայացրել եմ երկու օր առաջ՝ հաշվի առնելով վերջին շաբաթների իմ շփումները բոլոր ներքին ու արտաքին դերակատարների և լայն հանրության հետ: Սա իմ ունեցած տվյալների վերլուծության արդյունքների հիման վրա կշռադատված որոշում է՝ կայացված բացառապես իմ կողմից»,- նշել էր Հարությունյանը։ 

Արայիկ Հարությունյանը նաև հայտնել էր, որ Արցախի նախագահի հրամանագրով Գուրգեն Ներսիսյանն ազատվել է Արցախի պետական նախարարի պաշտոնից։ Պետական նախարար է նշանակվել Սամվել Շահրամանյանը՝ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել