hetq.am: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը շարունակում է ինտենսիվորեն զբաղվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջմղման ուղղությամբ։ Այդ մասին նշվում է ԵԽ նախագահի մամուլի քարտուղարի տարածած հաղորդագրության մեջ։ Ի թիվս այլ հարցերի խոսնակն անդրադարձել է նաև Լաչինի միջանցքով արցախահայության տեղաշարժի պայմաններին ու Աղդամի ճանապարհի հնարավոր կիրառմանը։
Հայտարարության սկզբում նշվում է, որ Շառլ Միշելի ջանքերն ուղղված են Լեռնային Ղարաբաղում հայերի հումանիտար իրավիճակի լուծմանը՝ որպես գերակա ուղղություն։
«Հատուկ ներկայացուցիչ Կլաարը և նախագահ Շառլ Միշելի թիմը մշտական շփումներ են պահում Բաքվի, Երևանի ու Ղարաբաղում ապրող հայերի ներկայացուցիչների հետ՝ մուտքի ապաշրջափակման լուծում մշակելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ըստ Միշելի խոսնակի՝ ներկայիս հումանիտար իրավիճակը Արցախում սրընթաց վատթարանում է։
«Չափազանց կարևոր է քայլեր ձեռնարկել տեղի բնակչության կարիքները բավարարելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։
Խոսնակը նշում է, որ ԵԽ նախագահ Շառլ Միշելն առաջարկել է քայլ առ քայլ մոտեցումը, որը կնպաստի Լաչինի միջանցքի լիարժեք գործարկմանն ու Աղդամի ճանապարհի բացմանը։
«Այս քայլերի հաջորդականությունը և այս ճանապարհներից յուրաքանչյուրով առաքվող բեռի տեսակը, ինչպես նաև հարակից ընթացակարգերը վերջին քննարկումների առանցքում էին (նկատի ունի Բրյուսելում Փաշինյան-Ալիև վերջին բանակցությունները-խմբ.)»,- ընդգծվում է հաղորդագրության մեջ։
ԵԽ նախագահի խոսնակը նաև պնդում է, որ ԵՄ-ն կոչ է անում բացել Լաչինի միջանցքը, ապահովել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը ու նշում, որ «Աղդամի ճանապարհի օգտագործումը, մատակարարումների ապահովման համար, կարող է նաև լինել կոնկրետ ու կայուն լուծումների մաս՝ հրատապ և ամենօրյա հիմնական կարիքները բավարարելու համար»։ Ըստ Միշելի խոսնակի՝ այս ուղղությամբ քննարկումները սկսվել էին 2023 թվականի հուլիսի 15-ին Բրյուսելում եռակողմ հանդիպումից հետո։
Եվրամիությունը նաև ընդգծում է, որ «Բաքուն պետք է հստակություն մտցնի Ղարաբաղի հայերին Լաչինի միջանցքով դեպի Հայաստան և Հայաստանից իրենց տեղաշարժի ընթացակարգերի վերաբերյալ»։ Զուգահեռաբար, խոսնակը նաև նշում է, որ եռակողմ վերջին հանդիպման ժամանակ քննարկվել է նաև Արցախին էլեկտրականության ու գազի մատակարարումների շուտափույթ վերականգնումը։
Հայտարարության մեջ Եվրոպական խորհրդի նախագահի խոսնակն անդրադառնում է նաև Բաքվի ու Ստեփանակերտի միջև երկխոսությանը՝ համարելով այն կարևոր։
«Ղարաբաղի հայության իրավունքներն ու անվտանգությունը պետք է երաշխավորվեն, և կոնկրետ պայմանների քննարկումը պետք է սկսվի որքան հնարավոր է շուտ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Խոսնակը նաև հավելում է, որ Բաքվի ու Ստեփանակերտի երկխոսությունը «պետք է ամրապնդի վստահությունը»։
Եվրոպական կողմի պնդմամբ՝ իրենց ներդրած ջանքերն ունեն միայն մեկ նպատակ. «ապահովել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների անշրջելի կարգավորումը՝ ի շահ այդտեղ ապրող ողջ բնակչության»։ «Այժմ եկել է համարձակ փոխզիջումային լուծումների ժամանակը, այդ թվում՝ այսօրվա էսկալացիայի լույսի ներքո»,- նշվում է հաղորդագրության վերջում։
comment.count (0)