«Արցախցին չի՛ պոկվելու իր հողից». ակցիա ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչության մոտ
 |armeniasputnik.am|
14:02 - 02 սեպտեմբերի, 2023

«Արցախցին չի՛ պոկվելու իր հողից». ակցիա ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչության մոտ |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Արցախի Անկախության օրվա առիթով քաղաքական, հասարակական գործիչներ, քաղաքացիներ այցելել են Հայաստանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչություն։

«Այս օրը մենք դիմավորում ենք մի պայմաններում, երբ Արցախի Հանրապետությունն արդեն 9 ամիս դաժան շրջափակման մեջ է՝ լքված ՀՀ իշխանությունների կողմից՝ համարյա միայնակ շարունակելով իր պայքարն Արցախը պաշարած թշնամական ուժերի դեմ։ Մենք այստեղ ենք, որ մեր ներկայությամբ նախ զորավիգ կանգնենք Արցախի մեր քույրերին և եղբայրներին, հստակ ուղերձ հղենք, որ ՀՀ-ն միայն իր ժամանակավոր և, հուսով եմ, մոտ ապագայում հեռացող իշխանությունները չեն, այլ հայ ժողովուրդն է, որը մշտապես տեր է լինելու մեր հայրենիքի Արցախի հատվածին»,- լրագրողների հետ զրույցում նշեց «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։

Նա վստահ է, որ մեր ապագա սերունդները պետք է կարողանան այդ խնդիրը լուծել՝ ունենալ միացյալ և հզոր հայրենիք։ Չալաբյանի խոսքով՝ այսօր յուրաքանչյուրիս պարտքն է կանգնել արցախցիների կողքին, ցույց տալ, որ մենք մի ազգ ենք։ Նա հիշեցրեց, որ 2 օր առաջ ԿԸՀ են հանձնվել «ՀայաՔվեի» առաջին փուլի ստորագրությունները։ Շեշտեց՝ հետամուտ են լինելու, որ օրենքի ուժով արգելվի Արցախի հանձնումը ցանկացած այլ պետության։

«Ես միշտ հպարտացել եմ արցախցիներով, երջանիկ եմ եղել, որ ապրել և օգնել եմ նրանց այդ պայքարին, գիտեմ՝ արցախցին երբեք չի պոկվելու իր հողից։ Արցախցին ձեռք է բերել, արժանացել է իր ինքնորոշմանը, իր կյանքը տնօրինելու իրավունքին, և որևէ արհեստածին երևույթ չի կարող խանգարել դրան»,- իր հերթին նշեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը։

Մշտական ներկայացուցչություն այցելած գործիչներին և քաղաքացիներին դիմավորեց Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը։ Նա հույս հայտնեց, որ հաջորդ տարի այս օրն արդեն Արցախում կդիմավորեն։ Խորհրդանշական կերպով դրոնով երկինք բարձրացվեց Արցախի պետական դրոշը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել