Գյունթեր Ֆելինգերը ՆԱՏՕ-ի կամ ՆԱՏՕ-ի որեւէ մարմնի ներկայացուցիչ չէ, այլ ոչ կառավարական կազմակերպության ղեկավար
12:59 - 04 սեպտեմբերի, 2023

Գյունթեր Ֆելինգերը ՆԱՏՕ-ի կամ ՆԱՏՕ-ի որեւէ մարմնի ներկայացուցիչ չէ, այլ ոչ կառավարական կազմակերպության ղեկավար

Հայաստանյան լրատվամիջոցներում շրջանառվում է մի լուր, ըստ որի «ՆԱՏՕ-ի Եվրոպական զարգացման կոմիտեի նախագահ Գյունթեր Ֆեհլինգերը կոչ է արել Հայաստանին անդամակցել ՆԱՏՕ-ին»։ Կայքերը թարգմանել եւ տարածել են X-ի հաշվում Գյունթեր Ֆելինգերի գրառումը։ Այս լուրը տարածվում է այն համատեքստում, թե Գյունթեր Ֆելինգերը ՆԱՏՕ-ի կամ ՆԱՏՕ-ի կազմում գործող ինչ-որ մարմնի ներկայացուցիչ է։ Մինչդեռ Ֆելինգերի ղեկավարած կազմակերպությունը կապ չունի ՆԱՏՕ-ի հետ, այն ոչ կառավարական կազմակերպություն է։

Linkedin-ի նրա հաշվում, օրինակ, նշված է «ՆԱՏՕ-ի ընդլայնման ավստրիական կոմիտեի նախագահ, ինքնազբաղ», X-ի հաշվում նա ներկայանում է «ՆԱՏՕ-ի ընդլայնման եվրոպական կոմիտե՝ հանուն Կոսովոյի, Ուկրաինայի, Բոսնիայի, Ավստրիայի, Մոլդովայի, Իռլանդիայի, Վրաստանի, Եվրամիության» անունով կազմակերպության նախագահ։ X-ի օգտահաշվում նաեւ նշված է, որ այս կազմակերպությունը ոչ կառավարական եւ ոչ առեւտրային է։

Հարկ է ուշադրություն դարձնել նաեւ Ֆելինգերի ղեկավարած կազմակերպության անվանը․ այն ամենեւին «ՆԱՏՕ-ի եվրոպական զարգացման կոմիտե չէ», այլ «ՆԱՏՕ-ի ընդլայնման եվրոպական կոմիտե»․ կոմիտեի անվան ճիշտ շարադասության դեպքում էլ պարզ է դառնում, որ այն ՆԱՏՕ-ի մարմին չէ։

Հյուսիատլանտյան դաշինքի պաշտոնական կայքում էլ ՆԱՏՕ-ի կառուցվածքի բաժնում որեւէ տեղ չկա նշում, թե դրա կազմում գործում է «ՆԱՏՕ-ի ընլայնման եվրոպական կոմիտե»։

«Վիկիպեդիա»-ի ալբաներեն բաժնում Գյունթեր Ֆելինգերի մասին գրված է, որ վերջինս ավստրիացի տնտեսագետ է, կառավարման եւ զարգացման խորհրդատու, 2005թ․-ից իր ուշադրությունը կենտրոնացրել է անցումային տնտեսությամբ եվրոպական երկրների, մասնավորապես Կոսովոյի, Ալբանիայի, Ուկրաինայի տնտեսական ռեֆորմների, փոքր եւ միջին բիզնեսնի քաղաքականության ուղղությամբ։

Ուստի հայկական մամուլում շրջանառվող լուրերը, թե «ՆԱՏՕ-ն կոչով դիմել է Հայաստանին», «ՆԱՏՕ-ի եվրոպական զարգացման կոմիտեի ղեկավարը դիմել է Հայաստանին» եւ այսպես շարունակ, իրականությանը չեն համապատասխանում․ ՆԱՏՕ-ն նման մարմին չունի, եւ Ֆելինգերը ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ չէ։

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել