«Ծիծաղելի է տեսնելը, թե ինչպես են Արևմտյան Եվրոպայի առաջնորդները միմյանց հրմշտում Ալիևի հետ լուսանկարվելու համար»․ Հունգարիայի ԱԳ նախարարը՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին
12:31 - 05 սեպտեմբերի, 2023

«Ծիծաղելի է տեսնելը, թե ինչպես են Արևմտյան Եվրոպայի առաջնորդները միմյանց հրմշտում Ալիևի հետ լուսանկարվելու համար»․ Հունգարիայի ԱԳ նախարարը՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հունգարիա այցի ժամանակ հանդիպել է իր հունգարացի գործընկեր Պետեր Սիյարտոյի հետ։

Հանդիպումից հետո կայացած համատեղ ասուլիսի ժամանակ Հունգարիայի ԱԳ նախարարը ընդգծել է, որ վերջին տարիներին պարզ է դարձել, որ ինչքան մտերիմ են երկու երկրների միջև հարաբերությունները, այնքան շահում է Հունգարիան էներգետիկ մատակարարման անվտանգության և տնտեսական աճը պահպանելու տեսանկյունից։ Այս համատեքստում նա նշել է, որ դիվերսիֆիկացիան և բնական գազի նոր աղբյուրների ընդգրկումը էական են, և ընդգծել է, որ Ադրբեջանը կարող է իրական այլընտրանք լինել ոչ միայն հունգարական, այլև Եվրոպայի տեսանկյունից։

«Դրական է, որ երկարամյա բանակցություններից հետո այս տարի մեկնարկել է բնական գազի ֆիզիկական փոխանցումը Ադրբեջանի ու Հունգարիայի միջև»,- ասել է Հունգարիայի ԱԳ նախարարը՝ հավելելով, որ երկրի կառավարությունը ցանկանում է ավելացնել գազի ծավալը։

Նա նշել է նաև, որ երկու երկրների միջև հարաբերությունները կարևոր են նաև տնտեսական աճը պահպանելու տեսանկյունից, ինչը փաստում է այն, որ առևտրային շրջանառությունը Ադրբեջանի ու Հունգարիայի միջև տարվա առաջին կեսին երկու անգամ ավելի շատ է եղել, քան նախորդ ամբողջ տարվա ընթացքում։

Նա ողջունել է համաձայնագիրը, որով հունգարական ընկերություններին թույլատրվում է մասնակցել պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի վերակառուցմանը, ինչը տասնյակ միլիոնավոր դոլարների հնարավորություն է տալիս։ Երկու հայրենական դեղագործական ընկերություններ նույնպես պատրաստվում են ներդրումներ կատարել հարավկովկասյան պետությունում, իսկ հունգարական զովացուցիչ ըմպելիքներ արտադրող Hell Energy-ն վերջերս որոշել է այնտեղ կառուցել մոտ 200 միլիոն դոլար արժողությամբ գործարան:

«Ես հիշում եմ, որ երբ մենք 2010-11թթ․ կառուցում էինք մեր հարաբերությունները Ադրբեջանի հետ, Եվրոպայում ծիծաղում էին մեզ վրա, արհամարում էին մեզ։ Եվ հիմա ծիծաղել է տեսնելը, թե ինչպես են Արևմտյան Եվրոպայի առաջնորդները միմյան հրմշտում, որ լուսանկարվեն նախագահ Ալիևի հետ»,- հայտարարել է Հունգարիայի ԱԳ նախարարը՝ շեշտելով․ «Այնուամենայնիվ, մեր ընկերությունը կոնյուկտուրային չէ, մենք պարզապես ընկերներ չենք դարձել, որովհետև պարզվել է, որ դուք բնական գազ ունեք»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել