Քրեական հետապնդում է հարուցվել Աբովյան համայնքի նախկին ղեկավար Կարապետ Գուլոյանի նկատմամբ
12:20 - 06 սեպտեմբերի, 2023

Քրեական հետապնդում է հարուցվել Աբովյան համայնքի նախկին ղեկավար Կարապետ Գուլոյանի նկատմամբ

2008-2015 թվականներին Աբովյան համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Կ.Գ.-ն (Կարապետ Գուլոյան (Գագիկ Ծառուկյանի փեսա)-խմբ․) տեղյակ լինելով օրենսդրական արգելքի մասին (պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը՝ զբոսայգիները, պուրակները, այգիներն ու ընդհանուր օգտագործման այլ տարածքները չեն կարող սեփականության իրավունքով փոխանցվել քաղաքացիներին և իրավաբանական անձանց), իր լիազորություններն օգտագործել է պետական և ծառայողական շահերին հակառակ, խախտել մի շարք իրավական ակտերի պահանջներն ու օտարել հողատարածքները: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազաությունից։ 

Աբովյան համայնքի նախկին ղեկավար Կ.Գ.-ն խախտել է Հողային օրենսգրքի 60-րդ հոդված պահանջները (օտարման ոչ ենթակա հողատարածքներ), անտեսել՝ Աբովյան քաղաքի գլխավոր հատակագիծը հաստատելու վերաբերյալ Կառավարության որոշման պահանջները և Ռոսիա փողոցի 1/4 hասցեում գտնվող զբոսայգու 3 քմ մակերեսով հողատարածքը 1 մլն 858 հազար 100 դրամով օտարել է մարզի դատախազի նախկին տեղակալի քրոջը՝ Ա.Գ.-ին:

Վարույթով տվյալներ են ձեռք բերվել, որ Կ.Գ.-ն, տեղյակ լինելով, որ Աբովյան քաղաքի Կոտայքի 1/80 հասցեում գտնվող 2020 քմ մակերեսով օտարման ոչ ենթակա հաղամասը հանդիսանում է պատմության և մշակույթի արժեք, գույքն օտարել է ինքն իրեն: Օտարումից հետո, իր հետ փոխկապակցված անձանց՝ մոր՝ Ն.Ք.-ի, հորեղբոր որդիներ՝ Օ.Գ.-ի և Ս.Գ.-ի, աներոջ հորեղբորորդի՝ Ս.Ծ.-ի հետ նախնական համաձայնությամբ և համակատարմամբ, օրինականացրել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը:

Կ.Գ.-ն խախտելով Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի պահանջները, մասնավորեցման ոչ ենթակա ջրավազանն ու դրա պահպանման-սպասարկման համար առանձնացված հողամասն (համապատասխանաբար՝ 0 քմ և 1836.53 քմ) իր օգնական Մ.Հ.-ի օժանդակությամբ օտարել է այդ ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Մ.Մ.-ին:
Կ.Գ.-ն, իր օգնական Մ.Հ.-ի և Համայնքապետարանի քաղաքաշինության բաժնի պետ Ս.Խ.-ի օժանդակությամբ, քաղաքացի Կ.Կ.-ին է օտարել մասնավորեցման ոչ ենթակա 5 քմ մակերեսով զբոսայգին:

Կ.Գ.-ն, պարտավորություն ունենալով դադարեցնել քաղաքացիների կամ իրավաբանական անձանց կողմից պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը և վերացնել դրա հետևանքները, իր ընտանիքի կողմից տնօրինվող, Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում գտնվող, նախկինում ինքնակամ կառուցված՝4 քմ մակերեսով երկհարկանի հյուրանոցը, 79.6 քմ մակերեսով պահակատունը, 168.7 գծամետր պարիսպը, ինչպես նաև 6.1 մետր տրամագծով շատրվանը քանդելու ուղղությամբ որևէ գործողություն չի ձեռնարկել: Հակառակը՝ կատարել է պաշտոնեական կեղծիք. հատակագծում չի ներառել հողամասի՝ շինությամբ ծանրաբեռնված լինելու փաստն ու 7175.83 քմ մակերեսով հողամասը ցածր գնով, երկարաժամկետ վարձակալության է տրամադրել իր ընտանիքին պատկանող «Հին Փարվանա» ՍՊ ընկերությանը:

Կ.Գ.-ն, քաղաքապետարանի պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ, չարաշահել է իր լիազորություններն ու կատարել փողերի լվացում: Մասնավորապես՝ Կ.Գ.-ն 454 մլն 662 հազար դրամ կադաստրային արժեքով բնակելի կառուցապատման հողատարածքի նպատակային նշանակությունը փոխելով գյուղատնտեսականի՝ ձևական աճուրդների միջոցով, ցածր գնով՝ 712 հազար 400 դրամով, հողատարածքն օտարել է փաստացի իրեն պատկանող՝ «Ա. Ավդալյան» ՍՊ ընկերությանը և օրինականացրել գույքը:

Կ.Գ.-ն, իր օգնական Մ.Հ.-ի, Համայնքապետարանի աշխատակազմի սոցիալական ծրագրերի, տեղեկատվության և գործավարության բաժնի պետ Ա.Զ.-ի և «Գիս-Արտ» ՍՊԸ աշխատակից Վ.Վ.-ի առերևույթ հանցավոր գործողությունների արդյունքում, Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող և օտարման ոչ ենթակա՝ Աբովյան համայնքի գլխավոր հատակագծում որպես ճանապարհ և մայթ նշված հողատարածքը օտարել է ինքն իրեն: Այնուհետև, Կ.Գ.-ն փոխել է շուրջ 84 մլն 253 հազար 50 դրամ կադաստրային արժեքով9 հա արտադրական և արդյունաբերության համար նախատեսված պահուստային տարածքների նշանակությունը գյուղատնտեսականի և ձևական առուվաճառքի պայմանագրերով, 400 հազար 500 դրամով օտարել է իր ընկերոջը՝ Մ.Մ.-ին՝ համայնքին պատճառելով 83 մլն 852 հազար 550 դրամի գույքային վնաս:

Վերոշարադրյալի հիման վրա՝ դատախազը սեփական նախաձեռնությամբ 2023 թվականի սեպտեմբերի 6–ին Կ.Գ.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) (1 դրվագ), 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) (6 դրվագ), 01.07.2022 թվականին ուժի մեջ մտած՝ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (փողերի լվացում, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից՝ նախնական համաձայնությամբ) (1 դրվագ), 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերի փողերի լվացում) (2 դրվագ) և 445-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելը) (2 դրվագ):

Առերևույթ կատարված հանցավոր արարքների արդյունքում համայնքին պատճառվել է 537 մլն 802 հազար 150 դրամի գույքային վնաս, որից 474 մլն 949 հազար 600 դրամը նախաքննության ընթացքում վերականգնվել է:

Համայնքին պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվում:

Դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, մասնավորեցման ոչ ենթակա Աբովյան քաղաքի Ռոսիա փողոցի 1/4, Կոտայքի 1/80 հասցեների, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Մ.Մ.-ին օտարված ջրավազանն ու դրա պահպանման-սպասարկման համար առանձնացված հողամասը, գլխավոր հատակագծում որպես ճանապարհ և մայթ նշված և հետագայում Մ.Մ.-ին վաճառված հողատարածքները օտարելու վերաբերյալ ոչ իրավաչափ վարչական ակտերը վերացնելու պահանջներով հայցեր է հարուցել Վարչական դատարան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել