Լեռնապատ համայնքի նախկին ղեկավարը համայնքապատկան հողամասը տարեկան 912 դրամով տրամադրել է ինքն իրեն, ապա 480 հազար դրամով՝ հանձնել վարձակալության. դատախազը գործն ուղարկել է դատարան
11:14 - 07 սեպտեմբերի, 2023

Լեռնապատ համայնքի նախկին ղեկավարը համայնքապատկան հողամասը տարեկան 912 դրամով տրամադրել է ինքն իրեն, ապա 480 հազար դրամով՝ հանձնել վարձակալության. դատախազը գործն ուղարկել է դատարան

Լոռու մարզի Լեռնապատ համայնքի նախկին ղեկավար Վ.Ե.-ն, 2007-2012 թվականներին, ի պաշտոնե տեղեկացված լինելով, որ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում հեռահաղորդակցության օպերատորի կողմից բարձր վարձավճարով ալեհավաք կայան է տեղադրվելու և շահագործվելու, անցկացրել է վարձակալության տրամադրելու վերաբերյալ ձևական մրցույթ: Վ.Ե.-ն, իր կողմից գլխավորած մրցույթում, հաղթող է ճանաչել ինքն իրեն և 2007 թվականի սեպտեմբերի 25-ին, լիազորված անձանց միջոցով, ինքն իր հետ կնքել է գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով հողամասը վարձակալության հանձնելու մասին պայմանագիր՝ 25 տարի ժամկետով՝ տարեկան 912 դրամ վարձավճարով: Այդ մասին հայտնում են գլխավոր դատախազությունից:

Պայմանագիրը կնքելուց հետո, Վ.Ե.-ն վերոնշյալ հողամասի 0,2 հա մակերեսով տարածքը տարեկան 480 հազար դրամ վարձավճարով հանձնել է «Ղ-Տելեկոմ» ՓԲ ընկերությանը: Արդյունքում 2007-2010 թվականներին վերոնշյալ կազմակերպությունից ստացել է 2 մլն 317 հազար դրամ:

Բացի դրանից՝ Վ.Ե.-ն 2005 թվականի հունիսի 17-ին, «Քարաբերդ» ՍՊ ընկերության հետ կնքված պայմանագրով՝ համայնքային սեփականություն հանդիսացող՝ 38.0219 հա մակերեսով հողամասը 25 տարի ժամկետով՝ տարեկան 467 հազար 970 դրամ վարձավճարով, տրամադրել է «Քարաբերդ» ընկերությանը: 2005 թվականի հուլիսի 7-ին «Քարաբերդ» ՍՊ ընկերությունն իրեն հանձնված նույն հողամասի 0,02 հա մակերեսով հատվածը` տարեկան 600 հազար դրամ վարձավճարի դիմաց, ենթավարձակալությամբ հանձնել է «Ղ-Տելեկոմ» ՓԲ ընկերությանը, այնուհետև՝ «Արմենթել» ՓԲ ընկերությանը: Արդյունքում՝ 2005-2012 թվականներին, վերոնշյալ կազմակերպությունից ստացել է 2 մլն 317 հազար դրամ:

2023 թվականի հունվարի 24-ին Լոռու մարզային քննչական վարչության քննիչի կողմից որոշում է կայացվել քրեական վարույթը կարճելու մասին, որը հաստատվել է հսկող դատախազի կողմից:

2023 թվականի ապրիլի 14-ին Գլխավոր դատախազի տեղակալը վերացրել է Լեռնապատ համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ հանրային քրեական հետապնդում չհարուցելու և վարույթը կարճելու որոշումը:

Դատախազը 2023 թվականի օգոստոսի 12-ին Վ.Ե.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ):

Դատախազը 2023 թվականի սեպտեմբերի 1-ին հաստատել է մեղադրական եզրակացությունը և քրեական վարույթի նյութերի հետ հանձնել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել