Ադրբեջանական Report-ը, վկայակոչելով Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերությանը, գրում է, որ Ռուսական Կարմիր խաչի ընկերությունը սննդամթերքով և առաջին անհրաժեշտության պարագաներով լցված բեռնատար է ուղարկել Արցախ։
Այն Ադրբեջանի տարածքով շարժվում է դեպի Աղդամ:
Հիշեցնենք, որ դեռևս օգոստոսի 31-ին Ադրբեջանի նախագահի օգնական-նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, թե Աղդամով անցնող ճանապարհի բացվելուց 24 ժամ անց կբացվի նաև Լաչինի ճանապարհը:
Աղդամի ճանապարհի բացմանը կողմ էր արտահայտվել նաև Մոսկվան։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավելի վաղ հայտարարել էր, որ Մոսկվան հանդես է գալիս հօգուտ Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնության անարգել մուտքի՝ ինչպես Լաչինի, այնպես էլ Աղդամի երթուղիներով, ու կոչ արել ձեռնպահ մնալ այդ հարցն անհարկի քաղաքականացնելուց:
ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելն էլ ԼՂ-ում հումանիտար իրավիճակի վերաբերյալ փուլային մոտեցում է առաջարկել, որը, ըստ նրա, կարտացոլի Լաչինի միջանցքի լիարժեք շահագործման և Աղդամի երթուղու բացման հաջորդականությունը։
comment.count (0)