Երևանի քաղաքապետարանը 14 մլրդ դրամ գույքահարկը չի հավաքագրում, բայց պետբյուջեից է 10 մլրդ ստանում |civilnet.am|
11:28 - 12 սեպտեմբերի, 2023

Երևանի քաղաքապետարանը 14 մլրդ դրամ գույքահարկը չի հավաքագրում, բայց պետբյուջեից է 10 մլրդ ստանում |civilnet.am|

civilnet.am: Երևանի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը սեպտեմբերի 3-ին հայտարարեց, թե 150 000 երևանցի, որ ունեն անհուսալի պարտավորություններ, դիմել են քաղաքապետարանին, ու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ քննարկվում է հարկային համաներման հարց։ Բացի այն, որ ընտրությունների քարոզչության ընթացքում քաղաքացիների ունեցած պարտքերը ներելու մասին իշխանության հայտարարությունը խիստ վիճահարույց կարող է լինել, այս որոշման կայացմամբ Երևան քաղաքը կարող է զրկվել էական եկամուտներից։ ՍիվիլՆեթն ուսումնասիրել է Երևան քաղաքում 2011-ից ի վեր գույքահարկի պարտքի դինամիկան և պարտքը (ապառքը) հավաքագրելու ուղղությամբ քաղաքապետարանի վարքագիծը։

Երևանցիները քաղաքապետարանին պարտք են մոտ 14 մլրդ դրամ

ՍիվիլՆեթը ամիսներ առաջ դիմել էր քաղաքապետարանին՝ խնդրելով տեղեկություններ տրամադրել Երևանում գույքահարկի, հողի հարկի և 2021-ից հաշվարկված անշարժ գույքի հարկի գծով պարտքի մասին՝ սկսած 2011-ից։ Ըստ քաղաքապետարանի պատասխանի՝ 2011-2022 թթ․ չհավաքագրված գույքահարկի (սկսած 2021-ից անշարժ գույքի հարկի), հողի հարկի թվերի հանրագումարը և տույժերը միասին կազմում են 13,3 մլրդ դրամ։ Սա վերաբերում է նաև իրավաբանական անձանց չվճարած գույքահարկին ու հողի հարկին։ Այս թվին պետք է գումարել նաև 2022-ի պարտքը, որ կազմում է 1,3 մլրդ դրամ՝ ըստ քաղաքապետարանի այդ տարվա բյուջեի կատարողականի։

Գույքահարկի, հողի հարկի պարտքերի դինամիկայից երևում է, որ դրա տեմպերը կտրուկ մեծացել են հատկապես 2018-ից հետո, թեպետ պետք է ընդգծել, որ գույքահարկի ու հողի հարկի հաշվարկված չափը ևս համայնքի կողմից մեծացվել է։ Ֆիզիկական անձանց գույքահարկի մասով հաշվարկած հարկի ու պարտքի չափը 2011-2020 թթ․ այս տեսքն ունի։

Ի՞նչ է անում քաղաքապետարանը պարտքը հավաքելու ուղղությամբ

Փաստացի, Երևան համայնքը ունենալով ավելի քան 14 մլրդ դրամի պարտքեր, պետք է քայլեր ձեռնարկեր դրանք հավաքագրելու ուղղությամբ։ Քաղաքապետարանի հետ հարցուպատասխանից պարզ է դառնում, որ այդ գումարը հավաքելու համար ոչ ժամանակացույց է կազմվել, ոչ էլ կան որոշումներ, իրավական ակտեր, որոնց հիման վրա պարտքը պետք է հավաքագրվեր։ Փոխարենը քաղաքապետարանը ներկայացրել է, թե որ մարմնից ում է անցել գույքահարկի ու հողի հարկի հավաքագրման գործառույթը։ Մասնավորապես, 2021-ին գույքահարկի, հողի հարկի հաշվառման ու գանձման լիազրությունները տրվել են Երևանի վարչական ղեկավարներին, իսկ 2022-ի հուլիսին այդ գործառույթը վարչական շրջանների ղեկավարներից անցել է քաղաքապետարանի իրավաբանական վարչությանը։

Քաղաքապետարանը դատական կարգով արդյոք փորձե՞լ է կուտակված ապառքը հավաքագրել։ Քաղաքապետարանից պատասխանել են, որ չկատարած պարտավորությունը կազմող գումարների գանձումը իրականացվում է ոչ թե դատական հայցի, այլ վարչական ակտ կայացնելու միջոցով։ Հարցին, թե այդ դեպքում քանի վարույթ է հարուցվել և այդ վարույթներով պարտք ունեցող մարդկանց ինչ ծավալի պարտավորություն է առաջադրվել, քաղաքապետարանից պատասխանել են. «Երևանի քաղաքապետի 2022 թվականի հուլիսի 28-ի Ն-2787 Ա որոշմամբ Երևանում անշարժ գույքի հարկի, հողի հարկի, շինությունների գույքահարկի, փոխադրամիջոցների գույքահարկի, հողամասերի կառուցապատման ու վարձավճարների, աղբահանության վճարների գանձման կազմակերպման ու իրականացման լիազորությունները վերապահվել է Երևանի քաղաքապետարանի իրավաբանական վարչությանը։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ 2018-ից 2022 թթ․ մայիսի 25-ը վարչական շրջանների կողմից հարուցված վարչական վարույթների վերաբերյալ տեղեկատվություն հայտնել հնարավոր չէ»,- հայտնել են քաղաքապետարանից։ Այլ կերպ ասած՝ պարտքի հավաքագրման համար հարուցված վարչական վարույթների ու առաջադրված ծավալի մասին տեղեկություն չկա։ Քաղաքապետարանը նաև հայտնել է, որ 2022-ի հուլիսից մինչև 2023-ի հուլիս իրավաբանական վարչության կողմից հարուցվել է 6300 վարչական վարույթ, որոնցով ներկայացված պարտավորությունների չափը կազմել է ավելի քան 2,1 մլրդ դրամ։ Քաղաքապետարանը չի մանրամասնել՝ սա մեկ տարում վարույթներով ֆիքսված պարտավորության չափն է, թե հավաքագրված ապառքի։ Համենայնդեպս, երկրորդ տարբերակը խիստ անհավանական է։

Քաղաքապետարանը նաև տեղեկացրել է, որ համայնքում սեփական եկամուտների պատշաճ հավաքագրման և ավելացման նպատակով մշակվել և համապատասխան իրավասու ստորաբաժանումների հետ քննարկման արդյունքում շրջանառության մեջ են դրվել մի շարք օրենքների և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի նախագծեր՝ գանձումները կազմակերպելու համար։ Ընդհանուր առմամբ, քաղաքապետարանի հետ գրագրությունից պարզ է դառնում, որ չկան կոնկրետ գործողություններ նախկինում կուտակված ապառքի հավաքագրման, դրա ժամկետների մասով։ Պարզ չէ նաև, թե որ տարվա կամ տարիների ապառքը պետք է առաջնահերթ հավաքագրվի և այլն։

Ավելի մանրամասն` civilnet.am-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել