tert.am: Կա բանակցային փաթեթ, որն այս պահին քննարկվում է, փորձում են հնարավորինս ընդլայնված ձևով իրականացնել Լաչինի միջանցքի վերագործարկումը։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
Նրա տեղեկացմամբ՝ ինտենսիվ աշխատանք է իրականացվում այս պահին, որ հնարավորինս սեղմ ժամկետում գործարկվի Լաչինի միջանցքը․ բանակցություններն ընթանում են Արցախի ու Ռուսաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև:
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարի համոզմամբ՝ Արցախի հիմնական սնուցման ուղին պետք է լինի Լաչինի միջանցքը:
«Եթե Ադրբեջանը կարճ ժամանակում այս քայլերը չիրականացնի, շատ ավելի համոզիչ կդարձնի արցախյան կողմի այն պնդումները, որ ստեղծված իրավիճակում, որն ուղեկցվում է ադրբեջանական մանիպուլյացիաներով, Ադրբեջանն է ապակառուցողական դիրք ընդունել, Ադրբեջանն է, որ ագրեսորն է ու փորձում է օգտագործել ցանկացած իրավիճակ` որոշիչ գործոն դարձնելով ուժի կիրառումը», - եզրափակեց ընդդիմադիր պատգամավորը։
Հիշեցնենք՝ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել է, որ ռուսական Կարմիր խաչի միջոցով Արցախ ուղարկված հումանիտար օգնությունն Արցախի իշխանությունների թույլտվությամբ մուտք է գործել Արցախի Հանրապետություն՝ Ասկերան քաղաքով։
Հաղորդագրությունում նշվում է, որ օգնությունը պարունակում է ռուսական արտադրության կենսական նշանակության ապրանքներ:
comment.count (0)