armenpress.am: Գորիսի օդանավակայանի վերագործարկման ուղղությամբ արդեն որոշակի աշխատանքներ են կատարվել։ Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը` պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի հարցին։
Խաչատրյանը հարցրեց, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Սյունիք կատարած այցի ժամանակ օդանավակայանի վերագործարկման ուղղությամբ տրված հանձնարարականների մասով ինչ է արդեն արվել։
«Այդ ուղղությամբ որոշակի աշխատանքներ արդեն իրականացրել ենք` նախ մեզ մոտ, հետո էլ Քաղավիացիայի կոմիտեում, ինչպես նաև աշխատանքային խումբ է գործուղվել Սյունիք և տեղում ծանոթացել առկա վիճակին, նախանշել անելիքները»,– նշեց նախարարը։
Սանոսյանը ասաց, որ Գորիսի օդանավակայանի վերագործարկման ուղղությամբ անելիքները վերաբերում են հիմնականում բուն թռիչքուղուն և կից ենթակառուցվածքներին, շենք–շինություններին, որոնք պետք է սպասարկեն քաղաքացիներին։
«Նախատեսվող աշխատանքները երկու մասի են բաժանվել. նախ և առաջ անհրաժեշտ է կարգի բերել թռիչքուղին, համապատասխանեցնել ընդունված չափանիշներին»,- հավելեց Սանոսյանը։
Ըստ նրա` Գորիսի օդանավակայանը կարող է որպես ռեզերվային օդանավակայան օգտագործվել։
« Վարչապետի հանձնարարականն ավելի լայն է եղել` փորձել ոչ միայն ունենալ ռեզերվային օդանավակայան, այլև շահագործել որպես օդանավակայան։ Հիմա այդ ուղղությամբ տեխնիկական աշխատանքների, ֆինանսական հաշվարկների փուլում ենք։ Մոտ օրերս ևս աշխատանքային խումբ է գործուղվելու»,- եզրափակեց Սանոսյանը։
comment.count (0)