hetq.am: Հակակոռուպցիոն դատարանում սեպտեմբերի 13-ին, դատավոր Կարապետ Բադալյանի նախագահությամբ, շարունակվեց Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի և վերջինիս փոխկապակցված երկու անձանց դեմ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ներկայացրած հայցադիմումի քննությունը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով:
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Նաիրա Արտաշեսյանը ներկայացրեց միջնորդություն՝ էլեկտրոնային ապացույցների ներկայացման էլեկտրոնային կարգ սահմանելու և ապցույցների հետազոտման համար տեխնիկական միջոցներ կիրառելու մասին:
Պատասխանողի ներկայացուցիչ Ալեքսանդր Սիրունյանը հարցրեց, թե ինչու դատախազությունը չի ցանկանում ներկայացնել թղթի վրա տպված տարբերակով: Արտաշեսյանը կրկնեց, որ խնայողության և գործի քննման արդյունավետության տեսանկյունից է, որ ցանկանում են էլեկտրոնային եղանակով ներկայացնել:
Սիրունյանը հարցրեց, թե դատախազը խնայողություն ասելով` ի՞նչ նկատի ունի և ու՞մ միջոցների խնայողության մասին է խոսում. «Խնայողության մասին որ խոսում եք, նկատի ունեք` Ձեր բերած 800 թերթը քսերոքս անե՞լը»,- ասաց փաստաբանը: Նաիրա Արտաշեսյանն ասաց, որ պատասխանողի ներկայացուցչի հարցերին արդեն պատասխանել է և ոչինչ չհավելեց:
Սիրունյանի համոզմամբ` թղթային տարբերակով ապացույցների հետազոտումն առավել արդյունավետ կլինի, քան էլեկտրոնային: Բացի այդ` Սիրունյանի պնդմամբ` այն ապացույցները, որոնք դատախազությունը ստացել է էլեկտրոնային կապի միջոցով, կարելի է հետազոտել էլեկտրոնային եղանակով` տեխնիկական միջոցների կիրառմամբ, սակայն այն ապացույցները, որոնք դատախազությունը ստացել է թղթային տարբերակով կամ սկավառակով, չի կարելի ուսումնասիրել դատախազության նշած եղանակով:
Դատարանը բավարարեց դատախազի ներկայացրած միջնորդությունը` միևնույն ժամանակ հայտնելով, որ տեխնիկական միջոցները, որոնց օգնությամբ հետազոտվելու են ապացույցները, կտրամադրի դատարանը:
Սիրունյանը հայտարարեց նաև, որ արդեն 1 տարի է` չեն ստացել ապացույցները դատախազության կողմից որևէ եղանակով: Դատախազը պնդեց, որ տրամադրվել է ամբողջը, Սիրունյանն էլ իր հերթին բազմիցս պնդեց, որ չեն ստացել:
Սիրունյանի խոսքով` օրենքը սահմանում է, որ դատախազությունը պարտավոր էր բացահայտել այն ապացույցները և փաստերը, որոնց հղում են կատարվում: Սակայն, ըստ նրա, դատախազության տրամադրած նյութերում չկա հստակ բաժանում, թե որն է փաստաթուղթ և որը ապացույց: Դատախազ Նաիրա Արտաշեսյանն էլ հայտնեց, որ բոլորը բացահայտել են, այդ թվում` մինչև հայց ներկայացնելը` ուսումնասիրության ընթացքում:
Հաջորդիվ դատարանը անցավ պատասխանողների ներկայացուցիչների ներկայացրած միջնորդությունների քննարկմանը: Ալեքսանդր Սիրունյանը ներկայացրել էր 26 միջնորդություն:
Նրա առաջին միջնորդությունը ապացույցների պարտականության որոշման լրացմանն էր վերաբերում: Սիրունյանն ասաց, որ դատախազության ուսումնասիրության մեջ, որը շուրջ 20 տարի է ընդգրկում, կարմիր գծով անցնում է այն միտքը, որ պատասխանողների ծախսերից դուրս է գալիս որոշակի գումար, որը նվազագույն զամբյուղի արժեքն է:
Սիրունյանն ասում է, որ ուսումնասիրել է նվազագույն զամբյուղը ըստ տարիների և դրա համաձայն` ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի օրական ուտում է 1 կգ 900 գրամ մթերք, ապա թվարկում, թե ինչ մթերքներ են դրա մեջ մտնում: Սիրունյանի խոսքով` իր վստահորդը օրական այդքան մթերք չի կերել: Նա խնդրում է դատարանին իրավասու մարմնի վրա դնել պարտականություն` սպառված նվազագույն զամբյուղի չափն ապացուցելու մասին:
«Ամեն տարվանից էսքան թիվ հանում եք, որովհետև Դանիելյան Արամի կինը ձուկ է կերել: Բայց նա ամեն օր ձուկ չի ուտում ու առհասարակ ձուկ չի ուտում»,- ասում է Սիրունյանը` հավելելով, որ շատ մթերքներ էլ կան նվազագույն զամբյուղում նշված, որ չեն սպառել իր վստահորդները:
Սիրունյանն ասում է` ընտանիքի 4 անդամների հաշվարկով 20 տարվա ընթացքում հանել են նվազագույն զամբյուղի արժեքը, որը, ըստ փաստաբանի, մեծ թիվ է կազմում. «մի մեքենայի փող է»,- ասում է Սիրունյանը:
Դատախազ Նաիրա Արտաշեսյանը ամբողջությամբ առարկեց միջնորդության դեմ: Նրա խոսքով` նվազագույն զամյուղի մասին տեղեկությունը վերցրել են պետական մարմնից, իսկ օրենքը սահմանում է, որ պետական մարմնի տված փաստաթղթի իսկությունը վիճարկող անձն է կրում փաստաթղթի ոչ իսկական լինելն ապացուցող պարտականություն, ուստի ըստ դատախազի` պատասխանողների ներկայացուցիչները պետք է ապացուցեն նվազագույն զամբյուղի մասին փաստաթղթի ոչ իսկական լինելը։
Դատավոր Կարապետ Բադալյանն ասաց, որ նվազագույն սպառողական զամբյուղը օրենքով սահմանված և որոշակի ստանդարտներին համապատասխանող զամբյուղ է, որի բյուջեն որպես կանխավարկած է սահմանել օրենքը։ Դատավորի խոսքով՝ այս պարագայում գործ ունեն կանխավարկածի հետ, իսկ կանխավարկածը փաստի մասին ենթադրություն է, որը իրավացի ու ճիշտ է այնքան ժամանակ, քանի դեռ հակառակը ապացուցված չէ։ Դատարանն ասաց՝ քանի որ նվազագույն սպառողական զամբյուղի բյուջեն կանխավարկած է, հետևաբար՝ հայցվորն ազատվում է դա ապացուցելու պարտականությունից, և ապացուցում է այն կողմը, որը հակառակն է պնդում։ Դատավորը այս պատճառաբանությամբ մերժեց միջնորդությունը։
Հաջորդ միջնորդությամբ Սիրունյանը դատարանին խնդրում էր ՊԵԿ-ից պահանջել «Մանան Ռաժ» ընկերության հարկային գործը։ Ավելի վաղ այս ընկերության մասով դատախազությունը հրաժարվել էր պահանջից, սակայն Սիրունյանի համոզմամբ՝ Արամ Դանիելյանը, լինելով այդ ընկերության հիմնադիրը և միակ մասնակիցը, ստացել է եկամուտներ, գույքր, և փաստաթղթերը պետք են։ Արամ Դանիելյանն անձամբ ներկա էր նիստին։ Դատարանը նրան հարցրեց, թե ինչքան գումար է ստացել այս ընկերությունից, Դանիելյանն ասաց, որ չի հիշում, թե իր գումարների որ մասն է այդ ընկերությունից ստացածը, բայց բավականին շատ գումար է եղել, բացի այդ՝ ընկերությանը պատկանող ռեստորան է եղել, որը ևս անցել է իրեն։
Դատարանն ասաց՝ քանի որ հարկային մարմնին այդ փաստաթղթերը ներկայացնողը եղել է Արամ Դանիելյանը, ընկերությունից ստացված գումարներն էլ Դանիելյանի տրամադրության տակ են, ուստի հարկայաինից չեն կարող պահանջել մի բան, որը իրենց տրամադրության տակ է։ Դատարանը անհիմն որակեց միջնորդությունը և մերժեց։ Սիրունյանը ցանկանում էր առարկություն ներկայացնել, դատարանը չթույլատրեց շարունակել։ Արամ Դանիելյանն էլ որոշման ընդունումից հետո ասաց, որ փաստաթղթերը ներկայացրել է հարկայինին, սակայն իր մոտ դրանց օրինակները չեն պահպանվել, քանի որ անցել է 15 տարի։
Սիրունյանը միջնորդեց նաև, որ Արամ Դանիելյանը հետագայում իր բացատրությունները ներկայացնի վկայի կարգավիճակով, դատարանը բավարարեց այս միջնորդությունը։
Ավելի մանրամասն ` hetq.am-ում։
comment.count (0)