18.09.2023
12։00- Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները, տվյալները՝ ԿԸՀ-ի:
11:57- Հայաստանի եվրաինտեգրման աշխատանքը չի սահմանափակվում միայն ընտրություններով. մենք ամենօրյա ռեժիմով՝ քաղաքական և դիվանագիտական ճանապարհով մոտեցնում ենք Հայաստանի ԵՄ և ՆԱՏO անդամակցումը: Ելնելով դրանից՝ ՀԵՎԿ-ը պաշտոնապես առաջարկում է յուրաքանչյուր մեզ համար քվեարկած քաղաքացուն անդամակցել կուսակցությանը և անձամբ իր ներդրումն ունենալ այդ ընդհանուր գործում։ [«Հայաստանի Եվրոպական» կուսակցություն]
11:47- Վստահ եղեք, որ ընտրողների բարձր վստահության քվեին տեր ենք կանգնելու՝ կիրառելով քաղաքական ամբողջ գործիքակազմը։ Հնարավոր կոալիցիայի մասին վերջնական որոշման դեպքում պրն. Թևանյանն անպայման հանդես կգա հայտարարությամբ, հնարավոր է նաև՝ մամուլի ասուլիսով։ Զինվեք համբերությամբ։ Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Մայր Հայաստան» դաշինքի մամուլի քարտուղար Աննա Բալյանը։
10։41- Այսօր ժամը 12:00-ից սկսվելու է նաև վերահաշվարկի դիմումների ընդունման գործընթացը, և չի բացառվում, որ որոշ ընտրատեղամասերում իրականացվեն վերահաշվարկներ, ինչը կարող է ազդեցություն ունենալ վերջնական արդյունքների վրա:
10։13- «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը հայտարարեց, որ կուսակցությունը՝ ի դեմս իրեն, «բացում է իր դռները, բոլոր այն իրենց ընդդիմադիր հայտարարած կուսակցությունների առաջ, ովքեր դեմ են այս իշխանությունների հետ միավորմանը, կոալիցիա կազմելուն»։
Թե ով կլինի քաղաքապետ՝ ինքը, Հայկ Մարությանը, թե Անդրանիկ Թևանյանը, ըստ նրա, քննարկման առարկա է։ Նա նշեց, որ կողմ է երկուսից մեկի՝ քաղաքապետ դառնալուն, բայց վերահսկողական ապարատը պետք է անցնի «Հանրային ձայնը» կուսակցությանը։
08:21- Նախնական արդյունքներով Երևանի ավագանու մանդատները կբաշխվեն հետևյալ կերպ՝
- «Քաղաքացիական պայմանագիր» - 24
- «Ազգային առաջընթաց» - 14
- «Մայր Հայաստան» - 12
- «Հանրապետություն» - 8
- «Հանրային ձայն» - 7։
[«Անկախ դիտորդ»-ի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյան]
08։02- Հայտնի են բոլոր 475 տեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
1. ՔՊ - 75․463 (32.57%)
2. Ազգային առաջընթաց- 43․765 (18․89%)
3. Մայր Հայաստան - 35․739 (15.43%)
4. Հանրապետություն - 26․236 (11.32%)
5. Հանրային ձայն - 22․431 (9.68%)
Անցողիկ շեմը չեն հաղթահարել հետևյալ ուժերը՝
1. Արդար Հայաստան - 2595 (1.12%)
2. Հաղթանակ - 3959 (1.71%)
3. Ուժը հայրենյաց - 1706 (0.74%)
4. Հայաստանի Եվրոպական- 2572 (1.11%)
5. ՀԱՍԱԿ - 780 (0.34%)
6. Միացյալ Հայաստան - 1282 (0.55%)
7. Լուսավոր Հայաստան- 4174 (1.8%)
8. Ժողովրդական համախմբում - 2348 (1.01%)
9. Ապրելու երկիր - 8425 (3.64%)
00:27- 75 ընտրատեղամասում քվեարկության արդյունքները․ հաշվարկն իրականացվել է ոչ պաշտոնական բաց աղբյուրներից հավաքագրված տվյալների հիման վրա։
00:08- Եթե նայենք աշխարհի փորձը, ազատ և ժողովրդավարական ընտրություններին ընդհանրապես մասնակցությունը միշտ ցածր է ի համեմատություն այլ երկրների, որտեղ ընտրությունները չեն գնահատվում ազատ և ժողովրդավարական, որովհետև ինքը՝ ազատությունը և ժողովրդավարությունը ենթադրում են, որ մարդը ազատորեն որոշում է՝ քվեարկի, թե ոչ։
Ուղղակի չի ուզում, չի գնում. երիտասարդների մեծ մասին կարող են չհետաքրքրել ընտրությունները։ Նայեք ժողովրդավարական պետությունների փորձը. իրենց մոտ ընտրության մասնակցության ցուցանիշը ցածր է։
[ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյան] |1lurer.am|
00:01- 40 ընտրատեղամասում քվեարկության արդյունքները․ հաշվարկն իրականացվել է ոչ պաշտոնական բաց աղբյուրներից հավաքագրված տվյալների հիման վրա։
17.09.2023
23:45 ԿԸՀ-ն ներկայացրել է 20 տեղամասից ստացված նախնական ընդհանուր արդյունքներ․
1. Հանրային ձայն - 794 ձայն կամ 10.51%
2. Քաղաքացիական պայմանագիր - 2558 ձայն կամ 33.87%
3. Արդար Հայաստան - 83 ձայն կամ 1.1%
4. Հաղթանակ - 114 ձայն կամ 1.51%
5. Ուժը հայրենյաց - 63 ձայն կամ 0․83%
6. Հայաստանի եվրոպական - 69 ձայն կամ 0․91%
7. Ազգային առաջընթաց - 1393 ձայն կամ 18․44%
8. Հանուն սոցիալական արդարության - 26 ձայն կամ 0․34%
9. Հանրապետություն - 886 ձայն կամ 11.73%
10. Միացյալ Հայաստան - 28 ձայն կամ 0․37%
11. Լուսավոր Հայաստան - 206 ձայն կամ 2.73%
12. Ժողովրդավարական համախմբում - 87 ձայն կամ 1.15%
13. Ապրելու երկիր - 211 ձայն կամ 2․79%
14. Մայր Հայաստան - 1035 ձայն կամ 13․7 %
23։06- ԿԸՀ-ն ներկայացրել է 3 տեղամասից ստացված նախնական ընդհանուր արդյունքներ․
1. Հանրային ձայն - 115 ձայն կամ 11․04%
2. Քաղաքացիական պայմանագիր - 382 ձայն կամ 36.66%
3. Արդար Հայաստան - 9 ձայն կամ 0․86%
4. Հաղթանակ - 10 ձայն կամ 0․96%
5. Ուժը հայրենյաց - 8 ձայն կամ 0․86%
6. Հայաստանի եվրոպական - կուսակցություն - 5 ձայն կամ 0․48%
7. Ազգային առաջընթաց - 226 ձայն կամ 21․69%
8. Հանուն սոցիալական արդարության - 2 ձայն կամ 0․19%
9. Հանրապետություն - 89 ձայն կամ 8․54%
10. Միացյալ Հայաստան - 6 ձայն կամ 0․58%
11. Լուսավոր Հայաստան - 37 ձայն կամ 3․55%
12. Ժողովրդավարական համախմբում - 10 ձայն կամ 0․96%
13. Ապրելու երկիր - 22 ձայն կամ 2․11%
14. Մայր Հայաստան - 120 ձայն կամ 11․52%
22։50- Որքան գումար են ծախսել քաղաքական ուժերը Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի համար․ ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Տիգրան Բաբիկյանը հայտնել է տվյալները
«Քաղաքացիական պայմանագիր» - ներկայացրել է 269 միլիոն 247 հազար 240 դրամ, որից ծախսել է 263 միլիոն 192 հազար 519 դրամը։
«Ապրելու երկիր» - ներկայացրել է 91 միլիոն 93 հազար դրամ, որից ծախսել է 87 միլիոն 926 հազար 310 դրամ։
«Մայր Հայաստան» - ներկայացրել է 48 միլիոն 609 հազար 500 դրամ, որից ծախսել է 41 853 հազար 560 դրամ։
«Հանրապետություն» - ներկայացրել է 32 միլիոն 672 հազար 600 դրամ, որն ամբողջությամբ ծախսել է։
«Ուժը հայրենյաց» - ներկայացրել է 32 միլիոն 400 հազար դրամ, որից ծախսել է 32 միլիոն 389 հազար 600 դրամը։
«Լուսավոր Հայաստան» - ներկայացրել է 13 միլիոն 100 հազար դրամ, որից ծախսել է 12 միլիոն 256 հազար 858 դրամ։
«Ժողովրդավարական համախմբում» - ներկայացրել է 11 միլիոն 350 հազար դրամ, որից ծախսել է 11 միլիոն 303 հազար դրամը։
«Ազգային առաջընթաց» - ներկայացրել է 10 միլիոն 432 հազար 500 դրամ, որից ծախսել է 8 միլիոն 864 հազար 144 դրամ։
«Միացյալ Հայաստան» - ներկայացրել է 6 միլիոն 400 հազար դրամ, որից ծախսել է 6 միլիոն 185 հազար 820 դրամ։
«Հանրային ձայն» - ներկայացրել է 4 միլիոն 821 հազար դրամ, որից ծախսել է 4 միլիոն 250 հազար 560 դրամ։
«Հաղթանակ» - ներկայացրել է 1 միլիոն 20 հազար դրամ, որից ծախսել է 998 միլիոն 200 հազար դրամ։
«Հանուն սոցիալական արդարության» - ներկայացրել է 250 հազար դրամ, որից ծախսել է 230 հազար դրամ։
«Հայաստանի եվրոպական» - մուծումներ և ծախսեր չի կատարել։ |armenpress.am|
22։43- Գլխավոր դատախազությունում ընթացք է տրվել 08։00-20։00-ն ստացված և նախնական ուսումնասիրության ենթարկված ընդհանուր 22 հաղորդման և ահազանգի։ Ոստիկանություն է ուղարկվել 13 հաղորդում, ՔԿ և Հակակոռուպցիոն կոմիտե է ուղարկվել 9 հաղորդում, որոնցից 1-ը վերաբերել է քարոզչություն կատարելուն խոչընդոտելուն:
Նշված հաղորդման կապակցությամբ գույքը ոչնչացնելու կամ վնասելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
22։27- Այսօր Երևանի դատարաններն ընտրողներից դիմումներ չեն ստացել։ «Հետք»-ին հայտնել է ԲԴԽ մամուլի քարտուղար Լիլիթ Շաբոյանը։
Ընտրատեղամասերում շրջելիս «Հետք»-ը արձանագրել է, որ մի քանի ընտրող, հասնելով ընտրատեղամաս, պարզել են, որ իրենց անունն ընտրացուցակներում չկա։
Նմանատիպ իրավիճակի ականատես են եղել նաև թիվ 10/17 ընտրատեղամասում։ Երկու տարեց կին եկան տեղամաս, սարքի գործադրմամբ պարզվեց, որ նրանցից մեկը չի կարող ընտրել, քանի որ անունը ցուցակներում չկա։ Հանձնաժողովի անդամները խորհուրդ տվեցին դիմել դատարան։ Սակայն տարեց կինը հրաժարվեց գնալ դատարան։
«Երևի արդեն մեծ եմ, էլ չեմ կարող ընտրել»,- հայտարարեց նա ու հեռացավ։
22։01- ՄԻՊ աշխատանքային խումբը ստացել է 72 հեռախոսազանգ, մանդատին վերաբերելի 23 խնդիր ստացել է դրական լուծում։ Արձանագրվել են հետեւյալ խնդիրները՝ խնդիրները հիմնականում վերաբերել են տեղամասային կենտրոնների վերաբերյալ ծանուցված չլինելուն, նման ահազանգերը գերակշռող մաս են կազմել, հաջորդ խնդիրը վերաբերել է անձնագիր չունենալուն, վավերականության ժամկետը լրացած լինելուն, հաջորդ խնդիրը վերաբերել է տեղամասերում կողմնակի անձանց ներկայությանը, քվեախցիկների պատշաճ կահավորմանը, տեխնիկական սարքերի առերեւեւյթ խնդիրներին, դրանց մասով սերտ համագործակցություն է եղել ԿԸՀ-ի հետ, բողոքներն ու ահազանգերի մեծ մասն ունեցել են դրական լուծում, ստացվել են բողոքներ տեղամասերում կահավորանքի եւ տեղամասերի մատչելիության հետ կապված, օրինակ՝ բացակայել է թեքահարթակը, եւ այլն։
21։56- ՔԿ-ն օգոստոսի 23-ից սեպտեմբերի 15-ը ստացել և ուսումնասիրել է ընտրությունների ընթացքում առերևույթ ընտրական հանցագործությունների, ինչպես նաև ընտրություններին առնչվող այլ բնույթի առերևույթ հանցագործությունների դեպքերի վերաբերյալ 8 հաղորդում։ Բոլորի առթիվ նախաձեռնվել են քրեական վարույթներ։ Ընտրության օրը ստացվել է 2 հաղորդում։ Քրեական վարույթներ չեն նախաձեռնվել։ [Քննչական կոմիտե]
21:46- Ծանուցման գործընթացը կազմակերպում է ՆԳՆ-ն՝ «Հայփոստ» ընկերության միջոցով։ Ողջ օրը մեր թեժ գծերը քաղաքացիներին անընդհատ իրազեկել են, պարզաբանումներ են տրամադրել, այսինքն՝ այստեղ խնդիր լինել չէր կարող։ Ավելին՝ ԿԸՀ կայքում ինտերակտիվ քարտեզով տեղամասերի հասցեները, ողջ տվյալները տեղադրված են։ ՆԳՆ մեր գործընկերները պետք է որ «Հայփոստից» ստանան ծանուցում, թե քանի ծանուցում չի առաքվել, որպեսզի բյուջեից վճարումը լինի ըստ այդմ։ Ես չեմ համարում, որ գործ ունենք մի գործընթացի հետ, որը կարող էր ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա: [ԿԸՀ նախագահ]
21:20- ԿԸՀ նախագահը նաև ներկայացրեց ընտրություններին մասնակցության պատկերն՝ ըստ վարչական շրջանների՝
- Աջափնյակ վարչական շրջանում ընտրելու իրավունք ունեցող 83 հազ․ 14 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 23 հազ․ 229 ընտրող՝ 27.98%,
- Ավան վարչական շրջանում ընտրելու իրավունք ունեցող 39 հազ․ 30 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 12 հազ․ 575 ընտրող՝ 32,22%,
- Արաբկիր վարչական շրջանում 94 հազ․ 537-ից ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 29 հազ․ 301 ընտրող՝ 30,99%,
- Դավթաշենում 33 հազ․ 484-ից քվեարկությանը մասնակցել է 10 հազ․ 709 ընտրող՝ 31,98%,
- Էրեբունիում 89 հազ․ 206-ից քվեարկությանը մասնակցել է 21 հազ․ 719 ընտրող՝ 24,35%,
- Կենտրոնում 94 հազ․ 922-ից քվեարկությանը մասնակցել է 28 հազ․ 714 ընտրող՝ 30,25%,
- Մալաթիա-Սեբաստիայում 106 հազ․ 317-ից քվեարկությանը մասնակցել է 27 հազ․ 490 ընտրող՝ 25,86%,
- Նոր-Նորքում 97 հազ․ 497-ից քվեարկությանը մասնակցել է 28 հազ․ 889 ընտրող՝ 29,63%,
- Նորք-Մարաշում 10 հազ․ 667-ից քվեարկությանը մասնակցել է 3314-ը՝ 31,07%,
- Նուբարաշենում 8065-ից քվեարկությանը մասնակցել է 2250-ը՝ 27,9%,
- Շենգավիթում 110 հազ․ 780-ից քվեարկությանը մասնակցել է 29 հազ․ 357-ը՝ 26,5%,
- Քանաքեռ-Զեյթունում 56 հազ․ 731-ից քվեարկությանը մասնակցել է 17 հազ․ 6 ընտրող՝ 29,98%:
21:13- Ժամը 20:00-ի դրությամբ Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը մասնակցել է 234 553 քաղաքացի կամ ընտրողների 28.46 տոկոսը։
2013 թվականին ժամը 20։00-ի դրությամբ մասնակցությունը կազմել է 53,53%, 2017-ին՝ 40.99%, 2018-ին՝ 43.65%։
Ինֆոգրաֆիկայում՝ Երևանի ավագանու ընտրությունների մասնակցությունը ըստ նախորդ տարիների ու ժամերի
21:08- Քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 28.46%-ը կամ 234 հազար 553 քաղաքացի։
21:05- «Հայփոստ» ընկերությունը Երևանի ավագանու ընտրությունից առաջ ոչ բոլոր ընտրողներին է նամակով ծանուցել քվեարկության օրվա, ընտրատեղամասի համարի ու տեղամասային կենտրոնի հասցեի և ժամանակի մասին, մինչդեռ դա Ընտրական օրենսգրքի պահանջ է։
Այս պահին պարզ չէ, թե ընտրողների որ մասն է ստացել, և քանիսը չեն ստացել ծանուցում, սակայն «Ազատության» հետ զրույցում բազմաթիվ քաղաքացիներ հայտնել են, որ չեն ծանուցվել։ ԿԸՀ-ն, իր հերթին, ահազանգեր է ստացել տարբեր քաղաքացիներից, որոնք հայտնել են, որ չգիտեն, թե որտեղ պետք է քվեարկեն։ |azatutyun.am|
21:03- ՀՀ ԿԸՀ նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը «Լուրեր»-ին հայտնեց, թե ինչ բնույթի ահազանգեր են ստացվել այսօր։
Նա ահազանգերը մի քանի մասի դասակարգեց՝ ծանուցումների հետ կապված, տեղամասային կենտրոնների գտնվելու վայրերի հետ կապված, ընտրողների անձը հաստատող փաստաթղթերի կամ առանձին միջադեպերի հետ կապված ահազանգեր, նաև ընտրական գործընթացում ներգրավված , տեղամասում ներկա գտնվելու իրավունք ունեցող այլ սուբյեկտների (ԶԼՄ ներկայացուցիչ, վստահված անձ, դիտորդ) իրավունքների ու պարտականությունների հետ կապված:
Հովհաննիսյանը նշեց, որ այս ընտրությունների ընթացքում գրեթե չեն եղել ահազանգեր, որ որևէ դիտորդի, ԶԼՄ ներկայացուցչի իրավունք սահմանափակվել է, մասնավոր թեթև միջադեպեր են եղել, որոնք արագ տեղում կարգավորվել են:
21:01- Ժամը 20:00-ի դրությամբ ՄԻՊ աշխատակազմ է ստացվել ընտրական գործընթացին վերաբերող 72 հեռախոսազանգ: Խնդիրներից 23-ը պաշտպանի աջակցությամբ ստացել է դրական լուծում։
Ուսումնասիրվել է նաև լրատվամիջոցներում և սոցանցերում զետեղված 1586 հրապարակում։
Արձանագրվել են նաև տեղամասերում կողմնակի անձանց ներկայության, քվեախցիկների պատշաճ կահավորման, նույնականացման սարքերի տեխնիկական վիճակի հետ կապված առերևույթ խնդիրներ։
Ուսումնասիրվել են լրագրողների և դիտորդների աշխատանքի հնարավոր խոչընդոտների վերաբերյալ տեղեկատվությունը, վերջիններիս գործունեությանը խոչընդոտելու առերևույթ դեպքերը։
Բողոքներ են ներկայացվել նաև ընտրատեղամասերի մատչելիության հետ կապված։ [ՀՀ ՄԻՊ]
20։53- ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը անդրադարձել է ընտրությանը քաղաքացիների մասնակցության ցածր ցուցանիշին․
«Մեր դեպքում, կարծում եմ՝ ընտրողների մոտ գուցե որոշակի վստահություն կա, որ «Քաղաքացիական պայմանագիրը», այնուամենայնիվ, հեշտությամբ հաղթելու է ընտրությունները։
Այստեղ մի քանի պատճառ կա․․․ Ընդդիմության դեպքում էլ թող իրենք պատասխանեն»։ |news.am|
20։44- Համացանցում Հանրապետական կուսակցության համախոհները հրապարակել են իրենց անվավեր քվեաթերթիկները՝ «Աշոտյան, քաղբանտարկյալ», «Նիկոլ, դավաճան» և այլ գրություններով։
Մեկնաբանելով սա՝ Էդուարդ Շարմազանովը հայտնել է, որ քվեաթերթիկն անվաներ դարձնելը յուրաքանչյուրի քաղաքական դիրքորոշումն է և որևէ ուղղորդում չունի։
Նա վստահեցրել է, որ քվեաթերթիկն անվավեր դարձնելը չի կարող դիտարկվել որպես օգնություն «Քաղաքացիական պայմանագրին», չի կարող այդ տոկոսները աշխատել հօգուտ իշխող ուժի և չի կարող համեմատվել ընտրությանը չմասնակցելու հետ։ |armeniasputnik.am|
20։34- «Հայաքվե»-ն հրապարակել է ընտրատեղամասերում իր արձանագրած մի քանի տասնյակ խախտումները։
- Շիրակի օժանդակ տնտեսության 447-ում, որը բնակության ոչ ենթակա տարածք է, գրանցված է 171 քաղաքացի:
- Ընտրատեղամասեր են մոտենում անձինք նոր ստացած անձնագրերով, որոնց վեց ամիսը լրացած չէ։
- 6/12 տեղամասում տարեց մարդը, չենթարկվելով հանձնաժողովի նախագահի հրահանգին, փորձել է բաց քվեարկել: Դեպքն արձանագրելուց հետո անծանոթ օգնականի օգնությամբ կատարել է քվեարկություն:
- Քաղաքացի Սամվել Սողոմոնյանը տեղեկացրել է, որ ընտրացուցակները դիտարկելիս պարզել է, որ իր բնակավայրի շենքերից մեկի նկուղում Հնդկաստանի շատ քաղաքացիներ կան գրանցված, այն պարագայում, երբ նկուղը ոչ բնակելի տարածք է համարում։
20:26- Factor TV-ի լրագրողը քիչ առաջ թիվ 6/21 ընտրական տեղամասի դիմաց պատահաբար լսել է քաղաքացիներից մեկի հեռախոսային խոսակցությունը: «Ասում ա՝ Ձեր թաղում «դվիժենի» արա, գան, մասնակցեն»,- ասաց քաղաքացին, ապա խոսեց «մեկ ժամում 30% խփելու մասին»:
Քաղաքացու հագուստին անցաթուղթ կար ամրացված, որը, սակայն շրջված էր, ու դրա վրա նշումները չէին երևում: Շուտով անցաթուղթը շրջվեց ու պարզ դարձավ, որ վերջինս ՔՊ կուսակցության վստահված անձ Աշոտ Միրզոյանն է: Ինքնությունը բացահայտվելուց հետո Միրզոյանը սկսեց պահանջել ջնջել տեսանյութը՝ պնդելով որ եթե այն հրապարակվի, ինքը դատական հայց է ներկայացնելու Factor.am-ի դեմ:
Նշենք, որ այս ընտրական տեղամասում կա 1701 ընտրող,սակայն ժամը 19:00-ի դրությամբ ընտրության էր մասնակցել նրանցից շուրջ 500-ը: |factor.am|
20։19- Երևանի բնակիչ Անուշ Հայրապետյանը 8/1 ընտրատեղամասում ընտրողների մատյանում ստորագրելիս հայտնաբերել է հինգ տարի առաջ մահացած հոր անունը ու քվեարկությունը կիսատ թողած՝ դուրս է եկել։ Ասում է՝ դեռ նախորդ ընտրության ժամանակ է զգուշացրել, որ ցուցակներից նրա անունը հանվի։
«Խնդրեցի, որ անցաթերթիկը, որը հորս է բաժին հասնում, իմ աչքի առաջ անվավեր դարձնեն, թույլ չտվեցին, անունը չջնջեցին, ինքս էլ չընտրեցի, որովհետև վրդովված էի, այլևս հավատ չկա»,- ասաց նա։
Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Թերեզա Կարապետյանն էլ ասաց, որ այն, ինչ պահանջել է քաղաքացին, դուրս է հանձնաժողովի իրավասություններից․ «Մենք բացատրեցինք, որ անձնագրայինն է այդ ցուցակները կազմում և վարում»։ |a1plus.am|
20։08- Ժամը 20։00-ին ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով փակվեցին բոլոր 475 ընտրատեղամասերը, և սկսվեց ձայների հաշվարկը։
19։11- «Ականատես»․ Հանձնաժողովի անդամների աշխատանքների և քվեաթերթիկների տրամադրման հետ կապված արձանագրվել է երեք խնդիր։
- 5/2 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամը ընտրողներին չի տրամադրել 12 համարի քաղաքական ուժի քվեաթերթիկները։ Հանձնաժողովի նախագահի նկատողությունից հետո իրավիճակը շտկվել է:
- Նույն 5/2 ընտրատեղամասում գրանցամատյանում գրանցումները հանձնաժողովի նախագահի և քարտուղարի կողմից իրականացվել են մատիտով։ Դիտորդի նկատառումից հետո խնդիրը կարգավորվել է։Արձանագրվել է տեղամասային կենտրոնների պատշաճ կահավորման և քվեատուփի փակմանն ու կնքմանն առնչվող պահանջների հետ կապված չորս խնդիր։
- 1/01 ընտրատեղամասում սենյակը այնպես է կահավորված, որ լիարժեք չի կարող երաշխավորվել ընտրողների գաղտնիության իրավունքը՝ քվեախցիկների կողքին առկա է դուռ, որով ելումուտ են անում հանձնաժողովի անդամները։ Դիտորդների՝ վերակահավորելու վերաբերյալ առաջարկը մերժվել է։ Ընտրատեղամասում և դրանց հարակից տարածքներում նկատվել է կողմնակի անձանց ներկայության 6 դեպք, որոնցից որոշ դեպքերում՝ ընտրողների մասնակցության ենթադրյալ վերահսկողության նպատակով։
18։52- Ընտրողներից մեկը պարզել է, որ իր հասցեում մահացած մարդ է գրանցված Նոր Նորքի Բաղյան 2, նրբանցք 14 հասցեում բնակվող Դ․ Մ․-ն մի քանի օր առաջ ծանուցում է ստացել ոմն Միդուշա Ղևոնդի Կուրղինյանի անունով։ Ծանուցմամբ Միդուշա Կուրղինյանը տեղեկացվել է, որ սեպտեմբերի 17-ին ընտրելու է 2/03 տեղամասում։ Ծանուցումը Դ․ Մ․-ն զարմացրել է, քանի որ նա չի ճանաչում նշված անձին։ Անձնագրային և վիզաների վարչությունում բնակիչը պարզել է, որ 1936 թ․ ծնված Միդուշա Կուրղինյանը մահացած է, և հայտնի չէ՝ ինչպես է գրանցվել իրենց հասցեում։
18։20- 2/25 ընտրատեղամասի ընտրացուցակներում անճշտություններ կան․ բնակիչ Հայկ Հունիկյանի խոսքով իրենց տան հասցեում հաշվառված են քաղաքացիներ, որոնց ինքը չի ճանաչում, նրանք են՝ Հովակիմյան Էդուարդ, Հովակիմյան Նվարդ, Հովակիմյան Շահանե, Հովակիմյան Արտաշես։ Քաղաքացին բնակվում է Նոր Նորքի 7-րդ զանգված 34/25 հասցեում։Ընտարատեղամասի նախագահը հայտնել է՝ չի կարող ասել՝ արդյոք այս անձինք մասնակցել են քվեարկությանը, թե ոչ։ |factor.am|
17։54- Դատախազության աշխատանքային խմբի կողմից քարոզարշավի ընթացքում՝ օգոստոսի 23-ից մինչև սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում, ստացված դիմումները, բողոքները և հաղորդումներն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտեի իրավասու ստորաբաժանում: Դրանք վերաբերում են (https://infocom.am/hy/article/111216) ընտրակաշառք տալուն և ստանալուն, դրա միջնորդությանը, ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելուն, ինչպես նաև կուսակցության օգտին խոշոր չափերով ապօրինի նվիրատվություն ներգրավելուն և կուսակցությանը նվիրատվություն կատարելու՝ օրենքով սահմանված չափը չգերազանցելու արգելքը կամ օրենքով չթույլատրված աղբյուրներից նվիրատվությունների արգելքը խոշոր չափերով շրջանցելուն: [Գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Էդգար Արսենյան]
17։31- «Հանրապետություն» կուսակցության քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը մասնակցել է ընտրությանը։ Զեյնալյանը նշել է․ «Մենք կոալիցիա չենք կազմի այն քաղաքական ուժերի հետ, որոնք մտել են պայքարի մեջ որպես 5-րդ շարասյուն, որոնք մտել են պայքարի մեջ ավագանիում ներկայացված լինելու և ներկայացնելու կրեմլյան շահերը, մենք այդ ուժերի հետ կոալիցիա չենք ձևավորի»:
16։56- Ժամը 15:00-ի դրությամբ ՀՀ ՄԻՊ աշխատակազմ ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 56 հեռախոսազանգ: Խնդիրներից 16-ը Պաշտպանի աջակցությամբ ստացել է դրական լուծում։ Ուսումնասիրվել են նաև լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում զետեղված շուրջ 800 հրապարակում։ Վեր հանված խնդիրները հիմնականում վերաբերել են տեղամասային կենտրոնների վերաբերյալ ծանուցված չլինելուն, այլ հասցեում հաշվառում ունենալուն, անձնագիր չունենալու, դրա վավերականության ժամկետը լրացած լինելու պարագայում այլ փաստաթղթով ընտրություններին մասնակցելու հնարավորությանը, կացության կարգավիճակ ունենալու դեպքում ընտրացուցակներում տվյալների բացակայության պատճառով ընտրական իրավունքն իրացնել չկարողանալուն և այլն։ Արձանագրվել են նաև ընտրողների ուղղորդումների, տեղամասերում կողմնակի անձանց ներկայության, քվեախցիկների պատշաճ կահավորման, նույնականացման սարքերի տեխնիկական վիճակի հետ կապված առերևույթ խնդիրներ: [ՀՀ ՄԻՊ]
16։31- Ըստ elections.am-ում հրապարակված ընտրողների ռեգիստրի՝ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գրանցված է Կենտրոնի ընտրատեղամասերից մեկում, սակայն ամուսնու՝ Նիկոլ Փաշինյանի հետ քվեարկել է 8/16 ընտրատեղամասում։ ԿԸՀ քարտուղարը պարզաբանել է, որ ինքը անձամբ զանգահարել է ԿԸՀ նախագահին, վերջինս էլ ճշտել է տեղամասային ընտրատարածքային հանձնաժողովից, թե արդյոք Աննա Հակոբյանի անունը եղե՞լ է ընտրողների ցուցակում, պատասխանել են՝ այո՛, եղել է։ Ըստ Արմեն Սմբատյանի՝ elections.am-ում տեղադրված են ընտրությունից 40 օր առաջ ստուգված նախնական ցուցակները, քանի որ ՏԻՄ ընտրությունների դեպքում չկա վերջնական ցուցակը նշված կայքում տեղադրելու պահանջ, հետևաբար վերջին ավելի քան 1 ամսվա փոփոխությունները կարող են արտացոլված չլինել այդ ցուցակում:
16։ 21- «Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը ևս կատարեց իր ընտրությունը։ Քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում Մարությանը նշեց․«Հաղթանակի հավանականությունը ինչպես միշտ շատ բարձր եմ գնահատում: Ցավում եմ, որ մասնակցությունը այս պահին դեռ փոքր է, բայց կարծում եմ, որ մինչեւ ժամը 20:00 ժամանակ ունենք եւ երեւանցին իր ընտրությունը կկատարի»։ Պատասխանելով հնարավոր կոալիցիա կազմելու հարցին, Մարությանն ասաց, որ այս պահին որեւէ քննարկում չեն ունեցել. նշեց՝ հավակնում են 50+1 ձայներին։ |hetq.am|
16։03- Կուտակումներ են արձանագրվել 18 տեղամասերի շրջակայքում, 4 դեպքում դրանք իրականացվում էին ՔՊ վստահված անձանց մասնակցությամբ, ընդ որում՝ որոշ դեպքերում կուտակումները կրել են կրկնվող բնույթ: Ընտրողների ուղղորդման դեպքեր են արձանագրվել 9 տեղամասերում, որոնցից 4-ում այդ դեպքերը պարբերաբար կրկնվել են: Արձանագրված դեպքերից 4-ը իրականացվել են ՔՊ կուսակցության օգտին, արձանագրվել են մեկական դեպքեր «Հանրապետություն», «Ապրելու երկիր», «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների, «Մայր Հայաստան» դաշինքի օգտին: 4/45-ում դիտորդներն արձանագրել են, որ հանձնաժողովի նախագահը կապի մեջ է ՔՊ շտաբի հետ, հաղորդակցվում է վստահված անձանց և ընտրողների հետ։ Արձանագրվել է բաց քվեարկության/գաղտնիության բացահայտման 20 դեպք, որից 4-ը պայմանավորված է քվեախցիկի դիրքով։
4/20 տեղամասում արձանագրվել է դեպք, երբ 2 ընտրող միաժամանակ քվեարկում են մեկ քվեախցիկում, իսկ հանձնաժողովի անդամը քվեախցիկ է մտնում և ցուցումներ տալիս:
15։43- «Միացյալ Հայաստան» Երևանի քաղաքապետի թեկնածու Երվանդ Թարվերդյանը նույնպես մասնակցեց քվերակությանը։ Լրագրողների հետ զրույցում նա ասաց․«Հանուն բալիկների, հանուն նրանց համար իսկապես երջանիկ և լավ քաղաք ապահովելու, և այս խորհրդանշական օրը թող Աստծու կամոք իր արդյունքը տա: Եվ թող այսօր մեր պետությունում իսպառ վերանա քաղաքական մոնոպոլիան, որպեսզի բոլորը անգամ ստիպված համախմբված կառուցեն մեր պետությունը»։
15։ 36- Կենտրոն համայնքի 9/32 ընտրատեղամասում «Ապրելու երկիր» կուսակցության վստահված անձ Նարինե Ղազարյանն ասում է, որ մի տղամարդ, հետը՝ 8-10 հոգի, մտել է ընտրատեղամաս և մոտենալով իրեն՝ ասել. «Բերել եմ մարդկանց»: Ապա մոտեցել է հանձնաժողովի քարտուղարուհուն՝ կրկին ասելով, թե բերել է մարդկանց, սակայն, ըստ վստահված անձի, քարտուղարուհին ևս չի իմացել, թե ով է այդ տղամարդը: Ղազարյանի խոսքով, մոտ 15 րոպե անց այդ տղամարդը կրկին մտել է ընտրատեղամաս՝ մեկ այլ խմբի հետ: Այդ ժամանակ Ղազարյանը հրավիրել է հանձնաժողովի նախագահին, որ պարզի տվյալ մարդու ով լինելը: Հանձնաժողովի նախագահը դուրս է հրավիրել այդ տղամարդուն: Այդ պահին Նարինե Ղազարյանը մոտեցել է տղամարդուն և հարցրել, թե ով է նա: Ի պատասխան՝ տղամարդը շփոթվել է, նախ ասել է, թե այս ընտրատեղամասից է, հետո նշել, թե այլ ընտրատեղամասից է: Հանձնաժողովի նախագահ Թուխմանուկ Մկրտչյանը հարցին, թե ինչպես կմեկնաբանի վստահված անձ Ղազարյանի պատմածը, ասաց՝ նկատել է, որ նույն տղամարդը երկրորդ անգամ է մտել տեղամաս, դուրս է հրավիրել, նա էլ առանց որևէ դիմադրության դուրս է եկել։ Նախագահը դրանում որևէ կասկածելի բան չի տեսնում, ասում է՝ չի լսել «բերել եմ մարդկանց» արտահայտությունը։ |hetq.am|
15։34- «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության քաղաքապետի թեկնածու Սուրեն Պետրոսյանը Երևանի ավագանու ընտրություններում քվեարկել է հանուն պայքարի օրակարգի։ |armenpress.am|
15։32- Հայաստանը կանգնած է աշխարհաքաղաքական հսկայական փոփոխությունների շեմին, և ընտրությունը, բնականաբար, ոչ այնքան ավագանու է և քաղաքապետի, այլ քաղաքական ուղղվածության մասին է: [ «Հայաստանի եվրոպական կուսակցության» քաղաքապետի թեկնածու Տիգրան Խզմալյան] |1lurer.am|
15։30- Ինֆոգրաֆիկայում՝ Երևանի ավագանու ընտրությունների մասնակցությունը ըստ նախորդ տարիների ու ժամերի։ Ժամը 14:00-ի դրությամբ Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը մասնակցել է 114 759 քաղաքացի կամ ընտրողների 13.92 տոկոսը։ Ընտրությանը ամենացածր մասնակցությունը գրանցել է Էրեբունի վարչական շրջանում, ամենաբարձրը՝ Նորք Մարաշում․
Աջափնյակ- 11,477 մարդ (13,83%)
Ավան- 6,114մարդ (15,66%)
Արաբկիր- 14,192մարդ (15,01%)
Դավթաշեն- 5,228 մարդ (15,61%)
Էրեբունի 10,552 մարդ (11,83%)
Կենտրոն- 13,638մարդ (14,37%)
Մալաթիա-Սեբաստիա 13,587 մարդ (12,78%)
Նոր Նորք- 14,181 մարդ (14,55%)
Նորք Մարաշ- 1,694 մարդ (15,88%)
Նուբարաշեն- 1,014 մարդ (12,57%)
Շենգավիթ- 14,622 մարդ (13,2%)
Քանաքեռ Զեյթուն- 8,460 մարդ (14,91%)
2013 թվականին ժամը 14։00-ի դրությամբ մասնակցությունը կազմել է 33.55%, 2017-ին՝ 25.04%, 2018-ին՝ 23.72%։
15։23- «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանը նույնպես քվեարկել է։ «Մեր խնդիրը ոչ թե քաղաքապետ դառնալն է, այլ ամբողջական իշխանափոխություն իրականացնելը, և մենք ապավինում ենք ժողովրդի քվեին։ Ես սրանից առաջ արդեն հրաժարվել եմ պատգամավորի մանդատից, բնական է, որ ավելի բարձր մանդատից չես հրաժարվում ավելի ցածրին գնալու համար»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Թևանյանը։
15։10- Երևանի քաղաքապետի խորհրդական Սաշա Կատվալյանը շրջում է ընտրատեղամասերով: Մոտ 13:40-ին Սաշա Կատվալյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի 7/06 (11 դպրոց) տեղամասում էր: Վերջինս, մտնելով տեղամաս, դուրս հանեց ՔՊ մեկ այլ վստահված անձի, ապա ինքը գրանցվեց որպես վստահված անձ: Կատվալյանը փորձում էր ցուցումներ տալ: Խոսում էր արձանագրության մասին՝ նշելով, որ պետք է արձանագրություն կազմվի: Պաշտոնյայի ներկայությունն ընտրատեղամասում լարվածություն առաջացրեց: Կատվալյանը ընտրատեղամասում մնաց մի քանի րոպե: |hetq.am|
14:55- «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը ևս կատարեց իր ընտրությունը։ Քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում Թանդիլյանը նշեց, որ բարձր է գնահատում իր շանսերը․ «Ես նորից եմ ուզում կրկնել՝ միակ մտավախությունս մասնակցության ցուցանիշն է։ Երևանցիները պետք է հաղթեն, հետևաբար՝ պետք է մասնակցեն»։ |armepress.am|
14:54- «Անկախ դիտորդ»-ը արձանագրել է 48 խախտում, որոնցից 4-ը՝ հանձնաժողովի նախագահի, 21-ը՝ վստահված անձանց, 21-ը՝ ընտրողները, մնացածը՝ անհայտ անձանց կողմից։ Հիմնականում խախտումները եղել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, բայց նաև մեկից ավելի խախտումներ «Ապրելու երկիր», «Ուժը հայրենյաց», «Ազգային առաջընթաց», «Հանրային ձայն», «Հանրապետություն» և «Մայր Հայաստան» քաղաքական ուժերի կողմից։ Յոթ տեղամասային ընտրական հանձնաժողովներում դիտորդները արձանագրել են ուղղորդումներ, որոնցից 4-ը՝ իշխանական կուսակցության կողմից։ Բավականին շատ տեղերում և բավականին զանգվածային մենք տեսնում ենք «ձայնային ձեռներեցների»՝ «տասովչիկ» անվամբ հայտնի, որոնք ընտրողներին ուղեկցում են, ուղղորդում են։ [«Անկախ դիտորդ» դիտորդական առաքելության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյան] |azatutyun.am|
14:47- «Արդար Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նորայր Նորիկյանը կատարեց իր ընտրությունը։ Նորիկյանը նշեց «Ընտրողների պասիվությունը յուրօրինակ դեմարշ է գործող իշխանությունների գործունեության նկատմամբ, քանի որ ամբողջ քարոզարշավի ընթացքում քաղաքացիների ճնշող մեծամասնության հիմնական միտքը հետևյալն էր՝ մի անգամ էլ վստահեցինք, ի՞նչ եղավ։ Ցավով եմ սա արձանագրում, քանի որ երբեք չէի ցանկանա ՀՀ քաղաքացուն այսպես հուսալքված ու հուսահատված տեսնել»։
14:17- Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի 3/28 ընտրատեղամասում երկու քաղաքացի համապատասխան գրանցում անցնելուց հետո ստացել են քվեաթերթիկները։ Քվեախցիկից դուրս գալուց հետո հայտարարել են, որ չեն ցանկանում քվեարկել և հեռացել են ընտրատեղամասից։ Հանձնաժողովի նախագահը հայտնեց, որ դեպքի վերաբերյալ կազմվել է արձանագրություն, իսկ ծրարները պահվել են՝ դրոշմանիշների թվի անհամապատսխանությունից խուսափելու համար։
14:14- Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի 7/05 տեղամասն այն տեղամասն է, որտեղ մեկ հասցեում գրանցված է 80-ից ավելի մարդ: Նրանց գերակշիռ մասն օտարերկրացիներ են: Հանձնաժողովի նախագահ Մարատ Դավթյանի խոսքով՝ օտարերկրացիները գրանցված են, սակայն դեռևս չեն եկել ընտրության:
14:14- 2/9 տեղամասում «Հանրային ձայն» կուսակցության վստահված անձը ուտելիքի տոպրակներով մտավ ընտրատեղամաս, կանչեց հանձնաժողովի նախագահին՝ Սարգիս Մազմանյանին, որը նշանակված է ՔՊ քվոտայով։ Ընտրատեղամասը երկար միաջանցքում է, որի մի հատվածում ընտրությունն է, մյուս հատվածը տանում է շենքի այլ կորպուս։ Նախագահը թևը գցեց վստահված անձի ուսին, միասին միջանցքով գնացին մյուս կորպուս, որտեղ ընդմիջումը պիտի տեղի ունենար, ուտելիքը թողեցին այնտեղ ու վերադարձան։Այս պահին Նախագահն ու վստահված անձը գնացել են այդ սենյակ ընդմիջման։
14:13- Քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանը («Լուսավոր Հայաստան») կատարել է իր քվեարկությունը: Լրագրողների հարցին, թե հանուն ինչի՞ քվեարկեց՝ Խաժակյանն ասաց. «Հանուն եվրոպական մոդելի մայրաքաղաքի, հանուն զարգացող և հարմարավետ քաղաքի, հանուն աշխատող քաղաքապետարանի, աշխատող ավագանու: Շատ բանի անհրաժեշտություն ունենք, և հույս ունեմ, որ մեր քվեարկությունը հենց դրան էլ կծառայի»: Խաժակյանն ասաց՝ ընտրվելու դեպքում ընթացակարգային լուրջ փոփոխություններ է պատրաստվում իրականացնել քաղաքապետարանի վարչություններում, բյուրոկրատիան չափազանց ծանր է, ընթացակարգերը, մեխանիզմները պետք է թեթևացնել: Թեկնածում հաստիքացուցակի էական վերանայումների կարիք է տեսնում: |armenpress.am|
13:56- 10/17 տեղամասում հանձնաժողովի անդամները բարձրաձայն քննարկում էին, թե ինչ ուտելիք պատվիրել ընդմիջման համար։ Ի վերջո շաուրմա պատվիրեցին։ Հանձնաժողովի անդամներից մեկը, որը նշանակված է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության քվոտայով, ասաց, որ ՔՊ-ն իրենց ուտելիք է ուղարկում, որը շուտով կհասնի։ Հանձնաժողովի նախագահը, որը նշանակված է «Հայաստան» դաշինքի քվոտայով, նրան զգուշացրեց, որ լռի, քանի որ գովազդ է անում։ Դրանից հետո հանձնաժողովի անդամները որոշեցին ուտելիքի պատվերը չեղարկել։ Մի քանի րոպե անց հանձնաժողովի՝ ՔՊ քվոտայով նշանակված անդամը դուրս եկավ և ուտելիքները ձեռքին վերադարձավ, ապա դրանք տեղավորեցին սենյակում ու ասացին՝ ով ուզում է, կարող է գնալ և ուտել։ Հանձնաժողովի անդամներից մեկի հարցին, թե ինչ ուտելիք է, նախագահը պատասխանեց՝ հյուրասիրություն է։ Մեր լրագրողի հարցին, թե ում կողմից է հյուրասիրությունը, նախագահը պատասխանեց՝ եթե ես հիմա այդ անունն ասեմ, քարոզչություն կլինի։ Լրագրողն առաջարկեց քվեարկության սենյակից դուրս գալ, և դուրս գալուց հետո հանձնաժողովի նախագահն ասաց, որ հյուրասիրությունն իշխող կուսակցությունից է։
13:53- «Որեւէ օրենսդրական սահմանափակում չկա, թե կոնկրետ հասցեի վրա ինչքան մարդ կարող է հաշվառված լինել»,- այս մասին ասել է ՆԳՆ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը՝ անդրադառնալով կոնկրետ հասցեներում մեծաթիվ անձանց հաշվառմանը։ Ղազարյանը նշել է, որ բնակիչների հաշվառումը ցանկացած հասցեում իրականացվում է կա՛մ սեփականատիրոջ համաձայնությամբ, կա՛մ ոստիկանության կողմից ստուգման իրականացման արդյունքում։ Ղազարյանի խոսքով՝ ոստիկանության աշխատակիցներն ահազանգերի հիման վրա այցելել են տարածքային հասցեներ, կատարել են ստուգումներ՝ բացահայտելով անհամապատասխանությունները։ «Արձանագրված 381 անճշտությունից 225-ը մահացած անձանց հայտնաբերումն էր։ Եղել է տեխնիկական բնույթի 156 անճշտություն»,- ասել է Ղազարյանը։
13:48- «Եթե մենք իրականում վարչական ռեսուրս կիրառեինք, ձեր կարծիքով՝ ժամը 11-ի դրությամբ մենք 5.78 տոկոսի փոխարեն 12 տոկոս չէի՞նք ունենա։ Իհարկե, կունենայինք, բայց այդ ժամանակները շատ վաղուց անցել են», - այսօր քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը։ Նա պնդեց՝ տարբեր հասցեներում տարբեր մարդկանց գրանցման համար իրենց մեղադրելու մեջ որևէ տրամաբանություն չկա. - «Կարծում եմ՝ ընտրությունների վերջում կկարողանաք գնալ, տեսնել, թե այդ մարդկանց քանի տոկոսն է գնացել ընտրության։ Իմ տեղեկատվությամբ՝ ինչ-որ ավտոմեքենայի առք ու վաճառքով զբաղվող խումբ է եղել մեծ, և մարդ է եղել, որ գրանցել է իրենց», - ասաց նա։
13:44- Էրեբունի վարչական շրջանի 10/15 ընտրատեղամասում «Ապրելու երկիր» կուսակցության վստահված անձը հանձնաժողովի անդամներին հայտնել է, որ ՔՊ կուսակցության վստահված անձը անընդհատ դուրս է գալիս, ողջունում ընտրողներին ու ճանապարհում։ Այս դիտարկումը գրանցամատյանում արձանագրվել է։«Ազգային առաջընթաց» կուսակցության վստահված անձը խնդրել է մատյանում արձանագրել, որ հանձնաժողովի նախագահ Սուսաննա Մկրտչյանը մոտեցել է քվեախցիկին եւ քաղաքացուն օգնել ընտրել, մինչդեռ Մկրտչյանը հերքում է այս պնդումը՝ նշելով, որ չի մտել քվեախցիկ, այլ կողքից ծանոթացրել է ընտրության կարգին։ Այս պահին ՔՊ վստահված անձը նստած է տեղամասի մուտքի մոտ, եւ որոշ քաղաքացիներ, որոնք նրան ծանոթ են, ձեռքսեղմումով ողջունում են, նոր անցնում ընտրության քայլերին։
12:34- «Անկախ դիտորդ»․ 7/38 և 7/39 տեղամասերի հանձնաժողովների միջև տեղի է ունեցել վիճաբանություն: «Երկու տեղամասերը գտնվում են միևնույն տարածքում, և վեճ է ծագել տարածքը երկու տեղամասերի միջև բաժանելու թեմայով: Ընդհանուր առմամբ, նշված տարածքում իրավիճակը փոքր-ինչ լարված է՝ ծագող կազմակերպչական վեճերի պատճառով»:
12:33- «Անկախ դիտորդ»․ 9/56 և 9/57 ընտրատեղամասերում, որոնք գտնվում են Հիդրոպոնիկայի ինստիտուտի տարածքում, ընտրողներին ուղղորդում են հօգուտ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քվեարկելու:«Մասնավորապես, տեղամասերից 50-60 մետրի վրա կա «բեսեդկա», որտեղ «գործունեություն է ծավալում» տեղի հեղինակություն Էդուարդ Տոնոյանը: Ի դեպ, նրան օգնում է նաև դուստրը՝ Շուշանիկ Տոնոյանը, որը ՔՊ վստահված անձ է: Երբ տեղամաս են ժամանել «Անկախ դիտորդի» ներկայացուցիչներ Դանիել Իոաննիսյանն ու Արթուր Սաքունցը, տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ Էդուարդ Տոնոյանն ասել է․ «Էս իմ քուչեն ա, ինչ կուզեմ կանեմ»»:
12:30- Մինչ այս պահը քաղաքապետի թեկնածուներից քվերակությանը մասնակցել են Նելլի Հարությունյանը («Ուժը հայրենյաց») և Վիկտոր Մնացականյանը («Հաղթանակ»)։ Մնացականյանը լրագրողների հետ զրույցում նշել է․«Մենք բոլորս բանավեճին մասնակցեցինք, բայց մեզ բոլորիս խաբս տվեցին, և ես հիմա հասկանում եմ այն երկու թեկնածուներին, որոնք չեկան։ Նրանք վերջին օրով Հանրային հրավիրեցին իշխանության թեկնածուին։ ՔՊ-ն ինչպես պարտվել է Կապանում, Գորիսում, Մեղրիում ու Ալավերդիում, Վանաձորում, Գյումրիում, նույն կերպ այսօր երևանցին կասի իր վերջնական խոսքը»։
12:08- Ժամը 11:00-ի դրությամբ Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը մասնակցել է 47 671 քաղաքացի կամ ընտրողների 5,78 տոկոսը: [ԿԸՀ]
12:01- «Ականատես» դիտորդական առաքելությունը ներկայացրել է քվեարկության նախապատրաստական փուլում արված դիտարկման արդյունքները: Երկու տեղամասում նկատվել է կողմնակի անձանց ներկայություն: 4/34 տեղամասում կուսակցություններից մեկի շտաբի պետը մոտեցել է ՏԸՀ անդամներից մեկին և զրուցել վերջինիս հետ, սակայն մեկ րոպե անց նա հեռացվել է ընտրատեղամասից՝ դիտորդի առաջարկով։
2/40 տեղամասում ևս գտնվել է կողմնակի անձ, որը զրուցել է հանձնաժողովի նախագահի հետ, այնուհետ միասին մուտք են գործել քվեարկության սենյակ և շարունակել խոսել տեխնիկական սարքավորումների վերաբերյալ։ Դիտորդի հարցին, թե ո՞վ էր այդ անձը, արդյո՞ք իրավունք ուներ գտնվելու քվեարակության սենյակում, հանձնաժողովի նախագահը պատասխանել է, որ նա դատախազի թիկնապահ է և քվեարկության կարգն էր հարցնում։
11:53- ԿԸՀ-ն մինչ Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության օրը 101 դիմում- գրություն է ստացել: Նշված դիմումներից թվով 14-ը կուսակցությունների և դաշինքի կողմից ներկայացված ընտրական ցուցակները գրանցելու պահանջով դիմումներն են։ Թվով 45 դիմումներ վերաբերել են հավատարմագրման գործընթացին, որոնցից 40-ը ներկայացվել է տեղական ԶԼՄ-ների կողմից, և թվով 5 դիմումները վերաբերել են դիտորդական առաքելություն իրականացնելու համար հասարակական կազմակերպությունների հավատարմագրմանը: Դրանցից երեքը տեղական կազմակերպություններից են ներկայացվել, իսկ երկուսը՝ միջազգային կազմակերպություններից: Որևէ դիմում չի մերժվել: Բոլոր դիմումատուների դիմումները բավարարվել են, և բոլոր ԶԼՄ-ներն ու կազմակերպությունները հավատարմագրվել են: [ԿԸՀ իրավաբանական վարչության պետ Լիլիա Հակոբյան]
11:22- «Ժողովրդավարական Համախմբում»-ը ընտրախախտումների վերաբերյալ դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ հիմք ընդունելով սեպտեմբերի 15-ին ՔՊ կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանի քարոզարշավային ելույթում հնչեցրած ատելության և բռնության կոչերը։
11:01- Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության շրջանակներում իր քաղաքացիական պարտքն է կատարել «Ուժը հայրենյաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նելլի Հարությունյանը: Քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում Նելլի Հարությունյանն ընդգծել է, որ քվեարկել է, որպեսզի երևանցին հնարավորություն ունենա աշխատել և ստեղծագործել խաղաղ և անվտանգ քաղաքում։
10:15- Շենգավիթի 8/13 ընտրական տեղամասում Infocom-ի լրագրողն արձանագրել է, որ երկու քաղաքացիներ, որոնք եկել էին ընտրության, քվեախցիկում նկատել են, որ իրենց տրամադրված քվեաթերթիկները պակասում են։ Հանձնաժողովի անդամներն առաջարկել են դրանք գցել քվեախցիկում դրված՝ անպետք թերթիկների համար նախատեսված համապատասխան արկղիկի մեջ ու ստանալ նոր թերթիկներ։ Այդ քաղաքացիները նոր թերթիկները ստացել են, քվեարկել եւ լքել տեղամասը։ Նույն տեղամասում մի քաղաքացու ID-ն սարքը չի ընթերցել, քաղաքացուն առաջարկվել է մեկ ժամից մոտենալ ընտրատեղամաս՝ նորից փորձելու։ Այս դրվագների, ինչպես նաեւ նույն տեղամասում մեկ քաղաքական ուժից երկու վստահված անձի՝ մի ընթացք ներկայության եւ ՔՊ վստահված անձի՝ ընտրությանը մասնակցած անձանց կտրոնների տուփը բացելու փորձի մասին արձանագրությունների մատյանում որեւէ նշում չկա։
10:06- Շենգավիթի 8/13 ընտրական տեղամասում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձը ժամը 9:14-ին բացեց ընտրությանը մասնակցած անձանց կտրոնների տուփը։ Հանձնաժողովի նախագահը մոտեցավ եւ կանգնեցրեց նրան՝ ասելով, որ ձեռք չտա տուփին։ ՔՊԿ վստահված անձն ասել է, որ ուզում է իմանալ՝ ընտրությանը մասնակցած անձանց թիվը համապատասխանո՞ւմ է կտրոնների թվին, թե ոչ։ 9:57-ի դրությամբ արձանագրությունների մատյանում այս խախտման մասին նշում չի եղել։ Infocom-ի լրագրողի հարցին՝ արդյոք հանձնաժողովի նախագահը չի՞ պատրաստվում արձանագրությունների մատյանում այս դրվագի մասին նշում անել, հանձնաժողովի նախագահը պատասխանել է, որ քանի որ թույլ չի տվել նայել կտրոնները, այդ իսկ պատճառով չի արձանագրվել։
09:30- 475 տեղամասերից 460-ում եղել են նաև ԶԼՄ ներկայացուցիչներ, դիտորդներ, վստահված անձինք: Տեղամասային ընտրական հանձնաժողովի բացակայության 23 դեպք է արձանագրվել ժամը 8-ի դրությամբ, միայն 3 դեպքում է ՏԸՀ-ն նշանակում արել սահմանված կարգով: Դա այն դեպքերն են, երբ բացակա անդամների թիվը 1-ից ավելի է: Երբ 2 անդամ է բացակայում, հանձնաժողովի նախագահը բացակայող անդամի փոխարեն նոր անդամ է նշանակում․ 2 անդամի բացակայելու ընդամենը 3 դեպք ունենք։ [ԿԸՀ նախագահը՝ ընտրությունների մեկնարկի վերաբերյալ ասուլիսում]
09:17- Երևանի ավագանու ընտրության օրը ՄԻՊ աշխատակազմն աշխատում է վաղ առավոտից։ Պաշտպանի հրամանով ստեղծված է աշխատանքային խումբ, որն իրականացնում է անկախ մշտադիտարկում։Շուրջօրյա գործում է նաև «թեժ գիծը», որով քաղաքացիներին տրամադրվում է իրավական խորհրդատվություն, իսկ անհրաժեշտության դեպքում իրականացվում է արագ արձագանքում: Առանձին ուսումնասիրության են ենթարկվում զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները։ «Ընտրական իրավունքների իրացմանն առնչվող բողոքները Պաշտպանին կարելի է ուղղել 116 և (096) 116100 հեռախոսահամարներով կամ այցելելով աշխատակազմ՝ Երևան, Պուշկինի փողոց, 56ա շենք հասցեով։ [ՀՀ ՄԻՊ]
09:07- Շենգավիթի 8/13 ընտրական տեղամասում «Մայր Հայաստան» դաշինքի երկու վստահված անձ է ներկա։ Սակայն, համաձայն ԿԸՀ հրապարակած ուղեցույցի, Երեւանում ՏԻՄ ընտրությունների ժամանակ յուրաքանչյուր տեղամասում ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության, կուսակցությունների դաշինքի միայն մեկ վստահված անձ կարող է լինել տեղամասում։ Հանձնաժողովի անդամները գրանցամատյանում երկու վստահված անձանց էլ գրանցել են։ Infocom-ի լրագրողի հարցին՝ արդյոք չե՞ն պատրաստվում վստահված անձանցից մեկին դուրս հրավիրել տեղամասից, պատասխանեցին, որ կուսակցությունների դաշինքի դեպքում երկու վստահված անձ կարող է լինել տեղամասում։ Վստահված անձինք իրենք էլ պնդում էին նույնը՝ նշելով, որ վերջնահաշվարկին նրանցից միայն մեկը կմնա։ Մեր առաջարկից քիչ հետո, որ հանձնաժողովի անդամները անձամբ կարող են ստուգել ուղեցույցը եւ համոզվել, որ դա խախտում է, հանձնաժողովի նախագահ մոտեցավ եւ ընդունեց, որ, այո, մեկ վստահված անձ պետք է մնա տեղամասում։ Հանձնաժողովի նախագահը խնդրեց նրանցից մեկին դրսում սպասել, իսկ այդ վստահված անձը, դիմելով մեզ, ասաց. «Վերջը դուրս արեցիք ինձ էլի, լավ չեք անում, կգնաս մեր գյուղի կողմ, ձեզ մեր գյուղ չեն թողի»։ Այս պահին մի վստահված անձը ներսում է, մյուսը՝ դրսում։
08:13- Երևանն այսօր ավագանի է ընտրում։ Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 475 տեղամասեր, որոնք բացվել են 08:00-ից։ Երևանում ընտրելու իրավունք ունեցողների թիվը 824250 է։ Ընտրությունները դիտարկելու նպատակով հավատարմագրվել են «Ականատես», «Անկախ դիտորդ» և «Հայաքվե» համատեղ դիտորդական առաքելությունները։ Ընտրությունները դիտարկելու համար հավատարմագրվել է նաև 2 միջազգային դիտորդական առաքելություն և 3 օտարերկրյա ԶԼՄ։
comment.count (0)