Կուզեի, որ մենք իրապես ավելի խաղաղ, հանգիստ միջավայրում ընտրություններ անցկացնեինք. ՀՀ նախագահ
 |armenpress.am|
12:57 - 17 սեպտեմբերի, 2023

Կուզեի, որ մենք իրապես ավելի խաղաղ, հանգիստ միջավայրում ընտրություններ անցկացնեինք. ՀՀ նախագահ |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Երևանի ավագանու ընտրություններում քվեարկեց հանուն բարեկեցիկ, հարմարավետ Երևանի:

Խաչատուրյանն այս մասին ասաց քվեարկությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե հանուն ինչի է քվեարկել:

«Քվեարկել եմ հանուն բարեկեցիկ, հարմարավետ Երևանի: Վստահ եմ, որ մենք հենց այս ընտրությունների հնարավորությամբ կարող ենք հասնել նրան, ինչին ձգտում ենք: Այսօր այդ հնարավորությունը կա, մասնակցել, ազատ ընտրություն կատարել: Փառք Աստծո, թեկնածուները շատ են»,-ասաց նախագահը:

Իսկ, թե ինչո՞վ են այս ընտրությունները տարբերվում Երևանի ավագանու մյուս ընտրություններից՝ Խաչատուրյանը պատասխանեց, որ այս ընտրությունները շատ ավելի քաղաքականացված են՝ հաշվի առնելով նաև արտաքին միջավայրը: «Դա ինչ-որ ձևով ստվերում է մեր քաղաքացիների ուշադրությունը հենց քաղաքային խնդիրներից: Ես կուզեի, որ մենք իրապես ավելի խաղաղ, հանգիստ միջավայրում ընտրություններ անցկացնեինք, և տեղական ընտրությունները դրանով տարբերեինք համապետական ընտրություններից»,-ասաց նախագահը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք քարոզարշավի ընթացքում խախտումներ ֆիքսե՞լ է՝ Խաչատուրյանն ասաց, որ իր դիտարկումներով, իր կարդացած նյութերով՝ ոչ:

«Ընդհակառակը՝ ես հեռուստացույցով 1-2  մեծ հաղորդումներ եմ նայել, որոնց մասնակցում էին ցուցակի առաջին դեմքերը կամ իրենց փոխարինողները: Զարմանալի էր, որ կարողանում էին այդ քննարկումները 2 ժամից ավելի այդպես կազմակերպել: Նախկինում դրանք սովորաբար վերածվում էին անկազմակերպ մի բանավեճի, և մարդիկ չէին կարողանում նույնիսկ մտքեր արտահայտել: Մեզ հնարավորություն տրվեց նաև գնահատել, թե ով ինչի է ընդունակ, ինչի է պատրաստ»,-ասաց նախագահը:

Խաչատուրյանն անհանգստություն չունի և վստահեցնում է, որ ընտրությունները չեն կարող չլինել արդար ու թափանցիկ: Նա շեշտեց՝ 2018 թվականի ձեռքբերումներից ամենակարևորը հենց ազատ ընտրությունների անցկացնումն է:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել