aravot.am: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում կայացած ասուլիսում ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը, անդրադառնալով կոնկրետ հասցեներում մեծաթիվ անձանց հաշվառմանը, նշեց, որ «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքով բնակիչների հաշվառումը ցանկացած հասցեում իրականացվում է կա՛մ սեփականատիրոջ համաձայնությամբ, կա՛մ ոստիկանության կողմից ստուգման իրականացման արդյունքում:
«Անձը դիմում է ներկայացնում, ցանկանում է հաշվառվել որեւէ հասցեում. դրա համար անհրաժեշտ պայմանը կա՛մ սեփականատիրոջ համաձայնություն է, կա՛մ փաստացի հաշվառման պարագայում ոստիկանության աշխատակցի կողմից տրվող համապատասխան տեղեկանքը: Որեւէ օրենսդրական սահմանափակում չկա, թե կոնկրետ հասցեի վրա ինչքան մարդ կարող է հաշվառված լինել»,-ասաց Արմեն Ղազարյանը։
Վերջինս նշեց, որ ՆԳ նախարարի հրամանով ոստիկանության աշխատակիցներն ահազանգերի հիման վրա այցելել են տարածքային հասցեներ, կատարել են ստուգումներ՝ բացահայտելով անհամապատասխանությունները։ «Արձանագրված 381 անճշտությունից 225-ը մահացած անձանց հայտնաբերումն էր։ Եղել է տեխնիկական բնույթի 156 անճշտություն»,-նշեց նա։
Այս անգամ Երեւանի ավագանու ընտրություններում 824 250 քվեարկելու իրավունք ունեցող անձանցից 14 653 ՀՀ քաղաքացիներ չեն, որից 11 890-ը Ռուսաստանի Դաշնության, իսկ 89-ը՝ Հնդկաստանի, մնացածն այլ երկրների քաղաքացիներ են: Արմեն Ղազարյանը համեմատելով 2018թ․-ի Երեւանի ավագանու ընտրությունը՝ նշեց, որ այդ ժամանակ՝ 840 602 ընտրելու իրավունք ունեցող անձանցից 7741-ը նույնպես Հայաստանի քաղաքացիներ չեն եղել։
«Օտարերկրացիների մասնակցության վերաբերյալ այս փոփոխությունները տեղի են ունեցել դեռեւս 2007 թվականին: Դեռեւս 2000 թվականից ՏԻՄ ընտրություններին մասնակցելու իրավունք են ունեցել փախստականները»,-ասուլիսում հայտարարեց Արմեն Ղազարյանը:
comment.count (0)