Սեպտեմբերի 15-ին Նիկոլ Փաշինյանը պետք է խոսեր իր իշխանության չարածների մասին, ոչ թե հաթաթա տար․ Նորիկյան
 |news.am|
14:17 - 17 սեպտեմբերի, 2023

Սեպտեմբերի 15-ին Նիկոլ Փաշինյանը պետք է խոսեր իր իշխանության չարածների մասին, ոչ թե հաթաթա տար․ Նորիկյան |news.am|

news.am: Ընտրողների պասիվությունը յուրօրինակ դեմարշ է գործող իշխանությունների գործունեության նկատմամբ, քանի որ ամբողջ քարոզարշավի ընթացքում քաղաքացիների ճնշող մեծամասնության հիմնական միտքը հետևյալն էր՝ մի անգամ էլ վստահեցինք, ի՞նչ եղավ։ Ցավով եմ սա արձանագրում, քանի որ երբեք չէի ցանկանա ՀՀ քաղաքացուն այսպես հուսալքված ու հուսահատված տեսնել։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Երեւանի ավագանու ընտրությունների քվեարկությանը մասնակցելուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց «Արդար Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նորայր Նորիկյանը։

Անդրադառնալով ընտրություններում խախտումների վերաբերյալ մտահոգություններին՝ թեկնածուն նշեց․ «Ընդհանուր առմամբ մտավախություններ առկա են եղել վարչական ռեսուրսների կիրառման, ընտրական ցուցակներում մեկ հաշվառման վայրում տասնյակից ավելի մարդկանց հաշվառելու առնչությամբ»։

«Լռությանը նախորդող օրը այդ ուժի ցուցադրությունն ինձ համար հասկանալի չէր։ Բոլոր մարզերի բնակչությանը բերել և հանրահավաք անել՝ տպավորություն ստեղծելով, որ իշխող ուժը որոշակի խաղի կանոններ թելադրող է, ինձ համար ընդհանրապես հասկանալի չէր։ Պետության ղեկավարի պահվածքը պետք է շատ հավասարակշռված ու շրջահայաց լինի։ Շատ լավ կլիներ, որ սեպտեմբերի 15-ին Նիկոլ Փաշինյանը պետք է խոսեր իր իշխանության չարածների մասին, ոչ թե հաթաթա տար։ Սա խոսում է մի բանի մասին, որ տխրահռչակ ավանդույթները շարունակվում են»,- ասաց նա։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել