Ընտրողների մասնակցության ենթադրյալ վերահսկողության 5, քվեարկության գաղտնիության խախտման 1 դեպք․ «Ականատես»–ը ամփոփել է քվեարկության 2-րդ կեսը
00:18 - 18 սեպտեմբերի, 2023

Ընտրողների մասնակցության ենթադրյալ վերահսկողության 5, քվեարկության գաղտնիության խախտման 1 դեպք․ «Ականատես»–ը ամփոփել է քվեարկության 2-րդ կեսը

«Ականատես» դիտորդական առաքելությունը ներկայացրել է Երեւանի ավագանու ընտրությունների քվեարկության երկրորդ կեսին՝ 14:00-20:00 ժամանակահատվածում արձանագրված էական միջադեպերը։
 
Դիտարկված ժամանակահատվածն ընդհանուր առմամբ անցել է խաղաղ, միևնույն ժամանակ ընտրողների զգալի պասիվության պայմաններում։
 
Արձանագրված միջադեպերը ներկայացնում ենք ստորեւ․
 
Դիտարկվել է քվեարկության գաղտնիության խախտման մեկ դեպք: Մասնավորապես՝
8/23 տեղամասում ժամը 17:40-ին արձանագրվել է դրոշմանիշեր փակցնող հանձնաժողովի անդամ «Հայաստան» դաշինքից Ղառախանյան Սվետլանայի կողմից քվեարկության գաղտնիության խախտում: Հանձնաժողովի տվյալ անդամը սխալ կահավորման արդյունքում այնքան մոտ է նստած եղել քվեարկության խցիկին, որ վերջինիս տեսանելի են եղել քվեարկությունները: Տեսնելով, թե ոնց են քվեարկում ընտրողները, նա դիտողոություններ է արել, որպեսզի ընտրողները քվեաթերթիկները չծալեն, չպատռեն և չփչացնեն։ Հանձնաժողովի նախագահը վերացրել է խախտումը՝ քվեախցիկից հնարավորինս հեռու տեղադրելով դրոշմանիշ փակցնող հանձնաժողովի անդամի սեղանը։ Դիտորդի գնահատականը գրանցվել է գրանցամատյանում։
 
Ընտրատեղամասերում և դրանց հարակից տարածքներում նկատվել է կողմնակի անձանց ներկայության, ինչպես նաև ընտրողների մասնակցության ենթադրյալ վերահսկողության 5 դեպք․
- 10/15 տեղամասում արձանագրվել է ընտրողների ուղղորդում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձի կողմից։ Ուղղորդումը դրսևորվել է վստահված անձի կողմից քվեարկողներին հատուկ բնույթի հայացքներ ուղղելով և քվեարկող անձանց կողմից վստահված անձին գլխով համաձայնության ժեստ անելու ձևով։ Տվյալ անձի կողմից արձանագրվել է այդպիսի 5-6 դեպք։
- 9/57 տեղամասում արձանագրվել է կողմնակի անձի ներկայություն։ «Ուժը հայրենյաց» կուսակցության ավագանու թեկնածու Արմեն Եղիազարյանը գտնվել է տեղամասում շուրջ 30 րոպե, այնուհետ ՏԸՀ նախագահի հորդորով և ոստիկանության միջամտությամբ հեռացվել է տեղամասից։ Միջադեպն արձանագրվել է գրանցամատյանում։
- 9/56 տեղամասում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձ Ռազմիկ Քոչարյանը, շուրջ երկու ժամ գրանցամատյանում գրանցված լինելով հանդերձ, բացակայել է քվեարկության սենյակից։ Նա գտնվել է քվեասենյակին հարող տարածքում, այնուհետև՝ բակում, որտեղ զրուցում էր մի խումբ անձանց հետ։ Դիտորդի նկատողությունից հետո վստահված անձը վերադարձել է քվեասենյակ։ Գրանցամատյանի վարման կարգի խախտման կապակցությամբ դիտորդը դիմել է հանձնաժողովի նախագահին, որպեսզի գրանցամատյանում գրանցվի խախտման վերաբերյալ դիտորդի գնահատականը, սակայն գրանցումը մերժվել է։
- թիվ 6/32 տեղամասային կենտրոնի մոտ արձանագրվել է երեք անձանց ներկայություն, ովքեր մինչ այդ 6/18 և 6/19 տեղամասային կենտրոնների դիմաց ցուցակներով զանգեր են կատարել՝ ճշտելով ընտրողների տեղամաս գալու փաստը։ Նշված անձինք կարճատև հանդիպում են ունեցել «Մայր Հայաստան» դաշինքի վստահված անձ Լուսինե Ջամալյանի հետ և լքել տեղամասը՝ նկատելով դիտորդների կողմից արձանագրման փաստը։
- 7/44 տեղամասում ժամը 19։10-ի սահմաններում արձանագրվել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձ Ալիետա Դավիթի Զաքարյանը իր հեռախոսը փոխանցել է հանձնաժողովի նախագահ Հասմիկ Սարգսյանին, ով իր հետ խոսող անձին այդ հեռախոսազրույցի ընթացքում ասել է, թե չի կարող որևէ տվյալ տրամադրել՝ նշելով որ դրանք կարող է տրամադրել միայն ԿԸՀ-ին, այնուհետև հեռախոսը փոխանցել է վստահված անձին։ Երբ դիտորդը խախտման վերաբերյալ իր գնահատականը լրացրել է գրանցամատյանում, Հ.Սարգսյանը նշել է, որ իրեն ասել են «իրենց թերթիկներ տան քվեարկության ամփոփման մասին նշումներ կատարելու համար», ինչը նա մերժել է։ Հանձնաժողովի նախագահը խնդրի վերաբերյալ կապ է հաստատել նաև ԿԸՀ հետ, որտեղից ևս հաստատել են իր գործողությունների (մերժելը) ճշտությունը։ Դիտորդի գնահատականը գրանցվել է գրանցամատյանում:
 
Արձանագրվել է դիտորդի իրավունքների խախտման մեկ դեպք․
- Թիվ 1/14 տեղամասում արձանագրվել է քվեարկողին օգնելու կարգի խախտման դեպք։ Մասնավորապես՝ ընտրողը ի սկզբանե առանց հանձնաժողովի նախագահի թույլտվության տեղամաս է ներկայացել օգնողի հետ համատեղ, այն պարագայում, երբ վերջինս չի հանդիսացել տվյալ տեղամասի ընտրող։ Դիտորդը դեպքի կապակցությամբ դիմել է հանձնաժողովի նախագահ Աննա Տիգրանյանին՝ գրանցամատյանում գրառում կատարելու համար։ Վերջինս մերժել է խախտման վերաբերյալ գնահատականը գրանցելու դիտորդի պահանջը։
 
Արձանագրվել է տեղամասային կենտրոնների պատշաճ կահավորման և քվեատուփի փակմանն ու կնքմանն առնչվող պահանջների հետ կապված երկու խնդիր․
- 8/27 տեղամասում արձանագրվել է քվեատուփի փակման և կնքման կարգի խախտում, որը դիտարկվել է ընտրողի կողմից։ Դիտորդը արձանագրել է արդեն իրավիճակը շտկելու և ընտրողի կողմից գրանցամատյանում գրառում կատարելու պահը։
- 7/13 տեղամասում արձանագրվել է, որ քվեատուփի համար պատասխանատու հանձնաժողովի անդամը չի փակել քվեատուփի փեղկը յուրաքանչյուր ընտրողի քվեարկությունից հետո։ Դիտորդի գնահատականը գրանցվել է գրանցամատյանում, խախտումը չի շարունակվել։
 
Հանձնաժողովի անդամների աշխատանքների և քվեաթերթիկների տրամադրման հետ կապված արձանագրվել է երկու խնդիր․
- 2/37 տեղամասում ժամը 19:10-ի դրությամբ արձանագրվել է, որ հանձնաժողովի նախագահ Աննա Հարությունյանն ու քարտուղար Ինգա Հովհաննիսյանը վաղօրոք ստորագրել են գրանցամատյանում զետեղված արդյունքների ամփոփման նիստի արձանագրությունը։ Դիտորդի գնահատականը գրանցվել է գրանցամատյանում։
- 6/15 տեղամասում խախտվել է վիճակահանությամբ սահմանված՝ հանձնաժողովի անդամների գործառույթներ իրականացնելու հերթափոխը: Դիտորդի դիտարկմանն ի պատասխան հանձաժողովի անդամները նշել են, որ հերթականությունը փոխվել է պայմանավորված այն հանգամանքով, որ նշված հանձնաժողովի անդամն ունի տեսողության խնդիր։ Դիտորդի գնահատականը գրանցվել է գրանցամատյանում։
 
Դիտարկված տեղամասերը փակվել են ժամը 20:00-ին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել