ՊՆ պաշտոնյան նորակոչիկի ծնողից 10.000 ԱՄՆ դոլար կաշառք է ստացել՝ զորակոչը հետաձգելու համար. Հակակոռուպցիոն կոմիտե
16:54 - 18 սեպտեմբերի, 2023

ՊՆ պաշտոնյան նորակոչիկի ծնողից 10.000 ԱՄՆ դոլար կաշառք է ստացել՝ զորակոչը հետաձգելու համար. Հակակոռուպցիոն կոմիտե

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ պաշտոնատար անձ Ա. Թ.-ն նորակոչիկի զորակոչը հետաձգելու համար ստացել է խոշոր չափերով` 10.000 ԱՄՆ դոլար կաշառք:

Բացի այդ, նույն պաշտոնատար անձը, ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, մեկ այլ պաշտոնատար անձի՝ Ա. Ա.-ի հետ խմբի կազմում ստացած  կաշառքի դիմաց հետաձգել է երկու քաղաքացու՝ վարժական հավաքներին մասնակցելը: Մեկ այլ դեպքում Ա. Թ.-ն, ստանալով կաշառք, մեկ քաղաքացու էլ ազատել է վարժական հավաքներին մասնակցելուց:

«Նախաքննությամբ պարզվել է՝ 2023 թվականի մարտին Հ. Մ.-ն,  իր որդուն իրականությանը չհամապատասխանող հիվանդություն ունենալու հիմքով կաշառքի դիմաց պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ազատելու համար իր ծանոթ Ա. Գ.-ի, վերջինս էլ Ռ. Ա.-ի միջոցով պայմանավորվածություն է ձեռք բերել ՊՆ պաշտոնատար անձ Ա. Թ.-ի հետ: Այդ գործընթացը կազմակերպելու համար Ա. Թ.-ն Ռ. Ա.-ի միջոցով Հ. Մ.-ից պահանջել է 3.883.000 ՀՀ դրամին համարժեք 10.000 ԱՄՆ դոլար՝ Ռ. Ա.-ին նախապես խոստանալով կաշառքի առարկա գումարը ստանալու դեպքում կաշառք ստանալու օժանդակության դիմաց դրանից 2000 ԱՄՆ դոլարը տրամադրել նրան

2023 թվականի մարտի 30-ին Ռ. Ա.-ն  Ա. Գ.-ին տեղեկացրել է, որ պաշտոնատար անձը կաշառքի գումարից նախնական 2500 ԱՄՆ դոլար է պահանջել: Ա. Գ.-ն էլ իր հերթին ստացած տեղեկությունները փոխանցել է Հ. Մ.-ին, այնուհետև կազմակերպել վերջինի ու Ռ. Ա.-ի հանդիպումը պայմանավորվածության վերաբերյալ մանրամասները քննարկելու նպատակով: Պայմանավորվածության համաձայն՝ Ռ. Ա.-ն Հ. Մ.-ից վերցրել է կաշառքի առարկայի մի մասը՝ 2500 ԱՄՆ դոլարը, որից 1000 ԱՄՆ դոլարը տվել է Ա. Թ.-ին:

Այնուհետև, Ռ. Ա.-ն կաշառքի առարկա հանդիսացող՝ մնացած 7500 ԱՄՆ դոլարը վերցրել է Հ. Մ.-ից, դրանից 6000 ԱՄՆ դոլարը նույն օրը տվել է Ա. Թ.-ին: Մի քանի օր անց Ռ. Ա.-ն նույն գումարից ևս 400 ԱՄՆ դոլար է տվել Ա. Թ.-ին՝ խոստանալով մնացած 600 ԱՄՆ դոլարը տալ մի քանի օրվա ընթացքում: Արդյունքում Ա. Թ.-ն փաստացի ստացել է ընդհանուր 2.874.252 ՀՀ դրամին համարժեք 7400 ԱՄՆ դոլար»,- նշված է Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:

Նախաքննությամբ փաստական  տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ ՊՆ վերը նշված պաշտոնատար անձը ՊՆ մեկ այլ պաշտոնատար անձի՝ Ա. Ա.-ի հետ խմբի կազմում, վարժական հավաքներին մասնակցելը հետաձգելու համար երկու քաղաքացուց ստացել է 120.000-ական ՀՀ դրամ կաշառք:

Դրանցից բացի, պաշտոնատար անձ Ա. Թ.-ն իր ծանոթին վարժական հավաքների ծանուցագիր չուղարկելու և այդկերպ վարժական հավաքներից ազատելու համար վերջինից որպես կաշառք պահանջել է նրան պատկանող ռեստորանում 5 հոգու համար հյուրասիրություն: Ստանալով համաձայնություն՝ Ա. Թ.-ն և նրա հետ նույն վայրում աշխատող ՊՆ 4 այլ պաշտոնատար անձ այցելել են ռեստորան և Հ. Մ.-ի հաշվին ստացել հյուրասիրություն:

Վերը նշված հանցանքների կատարման համար Ա. Թ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2‑րդ կետով, 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1‑ին կետով /2 դրվագ/ և 435-րդ հոդվածի 1‑ին մասով, Ռ. Ա.-ին՝ 46-435-րդ հոդվածի 2-րդ մասի 2‑րդ կետով և 46-435-րդ հոդվածի 2-րդ մասի 1‑ին կետով /2 դրվագ/, Հ. Մ.-ին՝ 436-րդ հոդվածի 2-րդ մասի 2‑րդ կետով, Ա. Գ.-ին՝ 46-436-րդ հոդվածի 2-րդ մասի 2‑րդ կետով, Ա. Ա.-ին՝ 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1‑ին կետով /2 դրվագ/, իսկ նորակոչիկներին՝ 436-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության ընթացքում Ա. Թ.-ի և Ա. Ա.-ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը 8 մեղադրյալների մասով մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել