Արարատ Միրզոյանը հանդիպումներ է ունեցել սերբ և նորվեգացի գործընկերների հետ
10:18 - 19 սեպտեմբերի, 2023

Արարատ Միրզոյանը հանդիպումներ է ունեցել սերբ և նորվեգացի գործընկերների հետ

Սեպտեմբերի 18-ին ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Սերբիայի առաջին փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչի հետ:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի համագործակցությանն առնչվող հարցեր: Երկուստեք նշվել է բարձրաստիճան փոխայցելությունների իրականացման կարևորությունը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրների քննարկման, քաղաքական երկխոսության ամրապնդման և փոխշահավետ կապերի զարգացման նպատակով:

Արարատ Միրզոյանը և Իվիցա Դաչիչը քննարկել են նաև տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցեր:

ՀՀ ԱԳ նախարարն իր սերբ գործընկերոջն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի՝ 9 ամիս ապօրինի արգելափակմանը:

Նախարար Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը, Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով, Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի մոտակայքում ադրբեջանական զորքերի կուտակումները միտված են նաև խոչընդոտելու տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու հայկական կողմի ջանքերին: Անդրադառնալով ՀՀ տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի կողմից իրականացված ոտնձգություններին՝ ընդգծվել է Ադրբեջանի զինված ուժերի՝ ՀՀ ինքնիշխան տարածքից դուրսբերման և դեէսկալացիայի մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը:

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել նաև Նորվեգիայի Թագավորության ԱԳ նախարար Աննիկեն Հյուիթֆիլդի հետ:

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկկողմ քաղաքական հարաբերությունների ակտիվացման առնչությամբ՝ վկայակոչելով Նորվեգիայի նախարարի՝ 2022թ. աշնանը Երևան կատարած այցը: Նախարար Միրզոյանն արժևորել է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների խթանմանն ուղղված Նորվեգիայի կառավարության աջակցությունը, երկրի կամավոր ներդրումը Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի 2023-2026թթ․ գործողությունների ծրագրում։

Քննարկվել են նաև ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը վերաբերող հարցեր: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցեր:

Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակը` շեշտելով Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժն ապահովելու կարևորությունը` ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի երկու որոշումներին համապատասխան: 

Տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման համատեքստում նախարար Միրզոյանն, ի թիվս այլ սկզբունքային հարցերի, ընդգծել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրման անհրաժեշտությունը: Կարևորվել է Ադրբեջանի առավելապաշտական նկրտումների, ուժի և ուժի կիրառման սպառնալիքի և ապակառուցողական գործելակերպի զսպման հարցում միջազգային դերակատարների գործուն քայլերի իրականացումը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել